ԿՄՆԱ ՄԻԱՅՆ ԽԱՎԻԱՐԸ

«Ադրբեջանի գազը մեծ գործոն չէ»

Ադրբեջանն արդեն գործածել է իր նավթի պաշարների կեսից ավելին, և հեռու չէ այն օրը, որ այս երկիրն այդ առումով այլևս հետաքրքիր չի լինի գերտերությունների համար:
 
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետ, նավթային սեկտորի հանրաճանաչ մասնագետ, «Պետրոսթրաթեջ» խորհրդատվական կազմակերպության հիմնադիր Պետրոս ԹԵՐԶՅԱՆԸ:
 
- Անցած տարի Ադրբեջանը սեփական կարիքների համար Թուրքմենստանից գազ է գնել: Եթե կառուցվող գազատարով 2019 կամ 2020 թվականին գազ ուղարկի Եվրոպա, շատ երկար տարիներ կպահանջվեն, որպեսզի կատարված ներդրումները կարողանան ետ ստանալ: Ադրբեջանում գազի ունեցած ծավալները մեծ չեն. ունեցածից 6 մլրդ խորանարդը պլանավորվում է վաճառել Թուրքիային, 10 մլրդը՝ Եվրոպային, ինչը Եվրոպայի համար քաղաքական իմաստով ոչինչ է և այլընտրանք չէ,-մանրամասնել է Պ. Թերզյանն ու հավելել.
 
- Մյուս կողմից՝ ադրբեջանցիները ստիպված են այդ գազը հասցնել Իտալիայի սահմանները, որովհետև արդեն ստորագրված պայմանագրերը շատ խիստ պայմաններ են թելադրում և հեռու են գազային պայմանագրերի տրամաբանությունից: Հետևաբար` Ադրբեջանի գազը մեծ գործոն չէ, հատկապես, որ ներդրումային առումով այն այնքան թանկարժեք ծրագիր է, որ շահույթը լինելու է անհամեմատ փոքր:
 
Պ. Թերզյանի խոսքով՝ ժամանակն անվերադարձ կերպով ի վնաս Ադրբեջանի է գործում, բայց դա չի նշանակում, որ դա հօգուտ մեզ է՝ 
 
- Որպեսզի այդ ժամանակը մեզ համար լինի շահավետ, մենք պետք է արդյունավետ աշխատենք՝ զարգացնելով մեր երկիրը: