«Տիեզերական երկրագործությունը»՝ ընդդեմ քիմիական պարարտանյութերի

Թունաքիմիկատներով հասունացրած բերքը մարդկության համար արդեն բարիք չի դառնում: Բայց կա՞ արդյոք մեկ այլ միջոց, որը բարձր բերքատվություն կապահովի ու միաժամանակ դրանցից օգտվողին զերծ կպահի թունավորման վտանգից: Հնդկաստանի Գոա նահանգի իշխանությունները որոշում են կայացրել տեղացի ագարակետերերին խրախուսել, որ հողը մշակեն «տիեզերական երկրագործության» եղանակով: Իսկ դա նշանակում է՝ իրենց դաշտերում 20 օր շարունակ երգեն կամ արտասանեն վեդայական մանտրաներ:
 
Իշխանությունները կարծում են, որ դա հնարավորություն կտա բերքի որակն ու քանակը բարելավել առանց քիմիական պարարտանյութերի, քանի որ հին վեդաները դեպի դաշտերն են ձգում «Տիեզերքի էներգիան», և դա կարող է սերմերին օգնել, որ ավելի արագ աճեն, բերքն էլ ավելի առատ է լինում: 
 
- Գյուղատնտեսության վարչությունը ցանկանում է օրգանական և բնամաքուր գյուղատնտեսության ճամփան բռնել: Այն բանակցություններ է վարում այսպես կոչված տիեզերական երկրագործության կողմնակիցների (cosmic farming) և հավատացյալների այլ խմբերի հետ, որոնք, իրենց ասելով, կարող են հողի բերքատվությունը մեծացնել օրգանական ճանապարհով: Դրա շրջանակներում ագարակատերը պետք է 20 օր շարունակ դաշտում անցկացնի օրական ամենաքիչը 20 րոպե՝ բարձրաձայն վեդայական մանտրաներ կրկնելով: Տիեզերական երկրագործության հետևորդները պնդում են, թե մանտրաները դեպի դաշտ են ձգում տիեզերքի էներգիան և նպաստում են, որ սերմերն աճեն ավելի լավ ու առավել որակով,- NDTV-ի լրագրողներին պատմել է Գոայի գյուղատնտեսության վարչության տնօրեն Նելսոն Ֆիգուեյրեդոն:
 
Գյուղատնտեսության նախարար Վիջայ Սարդեսային նույնպես նոր եղանակով ոգևորված է և հավաստիացնում է, որ դա լիովին բացառում է քիմիական պարատանյութերի անհրաժեշտությունը: 
 
Ֆիգուեյրեդոն և Սարդեսային վերջերս այցելել են Հարյանա նահանգում ապրող գուրու Շիվանանդային, որպեսզի նրա հետ խորհրդակցեն տիեզերական երկրագործության վերաբերյալ:  
 
Եվ սա դեռ ամենը չէ: Գոայի գյուղատնտեսության վարչությունը մտադիր է ապագայում ագարակատերերին նաև խրախուսել, որ դաշտերում մեդիտացիա անեն՝ խորազուզվեն խոհերի մեջ: Բնականաբար՝ որոշակի բովանդակությամբ խոհերի: Նրանք դա անվանում են «յոգայական երկրագործություն» (Yogic Farming):
 
Այժմ այս վերջինի առնչությամբ գիտափորձ է անցկացվում Բրահմա Կումարս հոգևոր կազմակերպության տնտեսությունում, Փաջաստան նահանգում: Առայժմ այդ գիտափորձի արդյունքը շատ հաջող է: 
 
- Նրանք (կազմակերպության անդամները) պնդում են, որ Հնդկաստանի արդեն ավելի քան 1000 ագարակատեր տիեզերական ու յոգայական հողագործությունները համատեղում են և հիանալի արդյունքն են ստանում,- նշել է Ֆիգուեյրեդոն՝ հավելելով, որ Գոա նահանգի հողագործները նույնպես արդեն հանձնարարականներ են ստանում դաշտերում մեդիտացիա անել: 
 
Սա կարող է գիտության ու տեխնիկայի արդի մակարդակում ապրող մարդուն ուղղակի անհեթեթ թվալ: Բայց այստեղ արժե հիշել մի չինացու փորձի մասին: youtube-ում տարածված տեսանյութը պատմում է, որ այդ մարդը իրար նման երեք անոթների մեջ հավասար չափով լցնում է նույն ջրից, ամեն մեկի մեջ նույն ամանից մեկ բուռ բրիձ ավելացնում և տեղավորում նույն սեղանի վրա: Ամեն առավոտ անոթներից մեկին մոտենալով՝ սիրով լի քնքուշ բառեր է շշնջում: Երկրորդ անոթի «ականջին» նա հանդիմանանք ու բացասական իմաստով բառեր է ասում: Երրորդ անոթին ոչ մի ուշադրություն չի դարձնում:
 
Մեկ ամիս անց առաջին անոթի բրինձը թարմ է լինում ու անուշահոտություն է բուրում: Երկրոդ անոթը բորբոսնում ու գարշահոտություն է տարածում: Երրորդ անոթի պարունակությունը բնական նեխման է ենթարկվում:   
 
Եվս մեկ համացանցային հիշեցում: Հայկական հարթակում հաճախ են տարածում մի մանտրա, որի բառերն այսպես են հնչում. «Արի, Նարի, տուն արի»: Սխալվել հնարավոր չէ, որովհետև հնչում է բազմիցս և շատ պարզ: Ասել կուզի՝ թունաքիմիկատներից խուսափելու համար արժե Հնդկաստանի փորձին ուշադրություն դարձնել ու նաև հաշվի առնել, որ նրանց հին ու արդի նվաճումների մի մասի ակունքը մեր հայրենիքն է, այսինքն դա կլինի «դարձ ի շրջանս յուր» և գուցե բարձր արդյունավետություն ապահովի: