Մի՞թե ապագայի մարդը փոքր ուղեղ և ձեռքի վեց մատ կունենա

Տեղեկատվական աշխատակարգերի զարգացումն ու կյանքի նոր պայմաններն ի՞նչ փոփոխություններ կարող են առաջացնել մարդու մարմնում: Կամ հնարավո՞ր է, որ մեր մարմինը շարունակի շրջափոխության` էվոլյուցիայի ենթարկվել ընդհանրապես:

paranormal-news.ru պարբերականը նշել է 5 նախանշան, որոնք հավանական է` մարդկանց մոտ ի հայտ կգան ապագայում:

Ոտնաթաթերը սմբակներ կդառնան

Շրջափոխությունն ամրագրում է օգտակար նախնաշաները և խոտանում անօգուտները: Դրա լավագույն օրինակը մարդու ոտնաթաթն է: Բնականաբար, մեր ոտքերը տարբերվում են մարդանման կապիկների վերջույթներից, բայց այնուամենայնիվ մատնում են ծառաբնակ կենդանուն, թեև արդեն միլիոնավոր տարիներ մարդիկ փոխել են կենսակերպը:

Սկսած ավստրալոպիտեկներից (3,5-2,5 մլն տարի առաջ), որոնց կարելի է գործնականում համարել հողաբնակ կենդանիներ, մինչև արդիական մարդը մեր ոտքերը ավելի ու ավելի հավաք են դարձել, ոտնամատներն անընդհատ կարճացել են:

- Պարզ է, թե ինչ կկատարվի մեր ոտնաթաթի հետ, երբ դրա մատներն անհետանան: Հողաբնակ կենդանիների մատները գնալով քչացել են: Այստեղ, անկասկած, ռեկորդը ձիունն է: Բայց մարդը հնարավորություն ունի նրանից էլ առաջ անցնելու: Տրանսպորտի զարգացումը հնարավորություն է տալիս հարմարվել բոլորովին առանց ոտքերի: Փոխարենը կանհետանան երակների լայնացումը և ոտքերի սնկային հիվանդությունները,- «Չպակասող օղակ» գրքում գրում է Մոսկվայի համալսարանի դոցենտ Ստանիսլավ Դրոբիշևսկին:

Ձեռքերին կհայտնվի վեցերորդ մատ

Ոտնաթաթերի ձևի փոփոխությունն իր հետ կբերի վերին վերջույթների փոփոխություն. սա էլ ամերիկյան ու կանադական գիտնականների եզրակացությունն է: Հավաքելով մարդու և կապիկների ոտքերի ու ձեռքերի չափերի մասին մեծաքանակ տվյալներ` գիտնականները մաթեմատիկական նմուշ են ստեղծել, որն ապացուցում է, որ ոտնաթաթերի նվազագույն փոփոխությունը հանգեցնում է ձեռքերի դաստակների ձևափոխության: Ձեռքի ձևի փոփոխության սցենարները կարող են տարբեր լինել, քանի որ ամեն ինչից բացի, դրա վրա ներգործում է նաև աշխատակարգերի զարգացումը:

- Այժմ մեր դաստակն աներևակայելի չափով պարզունակ է և համառորեն պահպանում է կարբոնային «ստեգոցեֆալների» կազմության գծերը: Բայց այդպես չի կարող հավերժ շարունակվել: Նուրբ շարժումները մեր թևն արդեն ավելի թույլ են դարձրել, բայց դա էլ դեռ սահմանագիծը չէ: Ինչպես կմախքի ցանկացած ծայրային տարրի պարագայում է, ամենամեծ վտանգը ճկույթին է սպառնում: Մի կողմից` դրանով հեշտ է սեղմել ստեղնաշարի եզրային կոճակները, սակայն տեղեկությունների ներմուծման նոր աշխատակարգերն արդեն այժմ էլ հնարավորություն են տալիս գործն անել բոլորովին առանց մատների: Մյուս կողմից էլ, եթե ստեղնաշարերը շարունակեն զարգանալ, ապա այստեղ էլ կարող է վեցերորդ մատի անհրաժեշտությունն առաջանալ: Բազմամատնությունը պարբերաբար դրսևորվում է ինքնին: Ինչո՞ւ օգտակար նախանշանը չի կարող մշտական դառնալ,- նշել է Դրոբիշևսկին;

Ուղեղը կփոքրանա, բանականությունը կորակազրկվի

Պրիմատներից ամենամեծ ուղեղն ունի մարդը: Վերջին 7 մլն տարում նրա չափերն անընդհատ մեծացել են` 300 քսմ-ից հասնելով 1500 քսմ: Մոտավորապես 25 հազ. տարի առաջ այդ գործընթացը հետ է շրջվել: Գիտնականները ենթադրում են, թե մարդու ուղեղն սկսել է աստիճանաբար կուչ գալ: Մինչև այժմ գլխավոր մարդկային օրգանը կորցրել է իր ծավալի մոտ 5%-ը (տղամարդու ուղեղը 1500 քսմ-ի փոխարեն այժմ 1425 քսմ է):

Նկատի ունենալով աշխատակարգերի բուռն զարգացումն ու մարդու կախվածությունը դրանից` ուղեղի փոքրացումն ամենայն հավանականությամբ կուղեկցվի բանականության անկումով: Իսկ գործիքների միաժամանակյա օգտագործումը կհանգեցնի արցունքագեղձերի խոշորացման, որն անհրաժեշտ է աչքերի բավարար խոնավացման համար: Այսպես, Կոլումբիայի համալսարանի մի խումբ գիտնականներ պարզել են, որ համացանցի մշտական օգտագործումը սաստիկ վտանգում է հիշողությունը:

- Մարդիկ ջանք չեն թափում ինչ-որ բան հիշել, եթե գիտեն, որ հետո կարող են այդ տեղեկությունը գտնել որոնման ծրագրով,- նշում են ուսումնասիրության հեղինակները:

Մարսողությունը կդառնա սարդային

Ուղեղը մարդու մարմնի մոտ 2%-ն է, բայց օգտագործում է մարմնի արտադրած էներգիայի ամբողջ 20%-ը: Այլ խոսքով` խոշոր ուղեղը հզոր նյութափոխանակության կարիք ունի: Բայց մեր մարսողական համակարգը երբեք շատ մեծ չի եղել: Իսկ երբ մարդու նախնիներն անտառից դուրս են եկել սավանա, սկսել են աշխատանքի գործիքներ օգտագործել և շատ միս ուտել, մարսողական համակարգն սկսել է ավելի փոքրանալ: Որոշ չափով այն փոքրացրել են նաև կրակի յուրացումն ու սննդի պատրաստումը:

Աղիքների հետ մեկտեղ սեղմվում են նաև ծնոտները: Ավստրալոպիտեկների ժամանակներից ատամների չափերը, հետևապես նաև ծնոտները, փոքրացել է 10%-ով: Եվ այդ ընթացքը շարունակվում է: Միայն թե, զգուշացնում են ամերիկացի գիտնականները, անցումը արտաքին մարսողության (իսկ կերակրի պատրաստումը կարելի է այդպես որակել) մարդուն արդեն քիչ վնաս չի հասցրել: Շաքարախտը, քաղցկեղը մեր նախնիների սնման սովորությունների փոփոխության արդյունքն են: Դրա համար էլ բացառված չէ, որ մարսողության համակարգի հետագա փոքրացունմը հղի լինի նյութափոխանակության նոր խնդիրներով:

Գեղեցկություն
Ապագայում կանայք ավելի գեղեցիկ կդառնան: Ինչպես պարզել են Հելսինկիի համալսարանի մասնագետները, առավել հրապուրիչ կանայք ավելի շատ են երեխաներ ունենում, իսկ նրանց երեխաների մեջ աղջիկներն ավելի շատ են լինում: Ընդ որում` ժամանակի հետ այդ երևույթն ավելի է տարածվում:

***
Իսկ ահա  ամեիկացի մարդաբան Յան Տաթերսոնը թերահավատորեն է վերաբերվում մարդու շարունակվող էվոլյուցիային: Հողագնդի վրա 7 միլիարդի չափ մարդկություն է ապրում, նրանք հաճախ տեղից տեղ են տեղափոխվում, մշտապես խառնվում են, այլևս մեկուսացած ամուսնություններ չկան: Դրա համար էլ օգտակար մուտացիաների ամրապնդման ժամանակ և հնարավորություն ուղղակի չի մնում: Հետևապես մարդը չի կարող շրջափոխության ենթարկվել:  Իր այդ տեսակետը գիտնականը հիմնավորել է Becoming Human: Evolution and Human Uniqueness գրքում: