Ենթադրյալ հանգուցյալը տուն է վերադարձել

ԱՃՅՈՒՆԻ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐԶԵԼՈՒՑ ՀԵՏՈ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐԵԼ ԵՆ, ԲԱՅՑ…

Այս տարի Ղազախստանում մի շատ տարօրինակ դեպք է տեղի ունեցել: Հունիսին 63-ամյա Այգալի Սուպուգալիևը Թոմառլի գյուղի իր տնից դուրս է եկել առանց հարազատներին որևէ բան ասելու: Իրականում նա 4 ամսով աշխատանք է գտել հեռավոր ագարակում և այնտեղ է գնացել՝ անգամ այդ մասին որևէ գրություն չթողնելով:
 
Այգալին ամուրի է և տանը մենակ է ապրել, դրա համար էլ նրա բացակայությունը միայն հուլիսին են զգացել: Իսկ երբ դրանից հետո ոստիկանությունում հայտարարություն են տվել, թե մարդ է կորել, նրանք Սուպուգալիևի տան մերձակայքում մարդու դիակ են գտել: Դիակն արդեն սկսել էր քայքայվել, և նրա մարմնի և դեմքի գծերով անհնար է եղել ինքնությունը պարզել: Բայց ըստ լուրերի՝ դա եղել է Սուպուգալիևեի տարիքի տղամարդու մարմին: 
 
Բոլոր կասկածները փարատելու նպատակով դիակի եղունգներից նմուշ են վերցրել և այն համեմատել նրա մերձավոր ազգականների ԴՆԹ- հետ: Քննությունը 99,92% համընկնում է ցույց տվել, իսկ դա նման թեստի հաստատման ամենաբարձր հավանականությունն է: 
 
Սուպուգալիևի հարազատները, հատկապես նրա եղբայր Եսենգալին, բնականաբար, սկսել են նրա մահը սգալ, ապա մուսուլմանական ծեսով նրան թաղել են տեղական գերեզմանոցում: Մահվան ամսաթիվ են նշել թաղման օրը՝ սեպտեմբերի 4-ը: Նաև մահվան պաշտոնական վկայական է տրվել: 
Հոկտեմբերի վերջին Այգալին բարեհաջող վերադարձել է ողջ-առողջ: Առաջինը նրան տեսել է զարմուհի Սաուլեն: Աղջիկը ուշաթափվել է և քիչ է մնացել սրտի կաթված ստանա: Նա որոշել է, որ իր հորեղբայրը վերադարձել է այն աշխարհից: 
 
Հիմա Սուպուգալիևների ամբողջ գերդաստանը ցնցված է: Նրանք չեն հասկանում, թե այն ժամանակ ում են թաղել: Եթե դա օտար մարդ է, ապա ինչպե՞ս է, որ նրա ԴՆԹ-ն 99%-ով համապատասխանել է իրենցին: Չէ՞ որ իրենցից ոչ մեկը անհետ չի կորել: Եվ ընդհանրապես՝ օտար մարդու դիակն ինչո՞ւ էր հայտնվել իրենց տան մոտ: Եվ եթե դա Այգալին չէ, ուրեմն ո՞վ է: Փոքրիկ գյուղում, որտեղ բոլորը իրար ճանաչում են, այդ պատմությունը արագ տարածվել է՝ հարստանալով գերբնական մանրամասնություներով: 
 
Այժմ Այգալիի քույրը մտադիր է պատասխանատվություն պահանջել բուժաշխատողներից, որոնք ԴՆԹ թեստ են անցկացրել: Նա կարծում է, որ հնարավոր է՝ նրանք ինչ-որ բան են շփոթել: Նրանք ի պատասխան ասում են, թե միշտ էլ կա աննշան հավանականություն, որ թեստը կարող է սխալ լինել, և անհամապատասխանության 0,8%-ը միակ ճիշտ արդյունքն է լինում:
ԶԼՄ-ներում խոսք չկա այն մասին՝ արտաշիրիմում լինելո՞ւ է, որպեսզի նոր ԴՆԹ թեստ անցկացվի: Առայժմ ընդամենը գերեզմանից հանել են Այգալի Սուպուգալիրևի անունով տապանագիրը: