Այլմոլորակայինների մասին տեղեկություններ՝ XVI դարի չինական ձեռագրում

Չինաստանի մշակույթի նախարարությունը վերջերս մի մասնավոր քավաքածուից նվեր է ստացել Մին հարստության դարաշրջանի ավելի քան հինգ հարյուր ձեռագիր: Դրանցից մեկը հատուկ ուշադրության է արժանի: Եթե մնացած փաստաթղթերը հիմնականում նվիրված են եղել պատմությանը, բժշկությանն ու մարտարվեստին՝ միանգամայն համապատասխան XVI դ. չինացիների հետաքրքրություններին, մի եզակի ձեռագիր, սակայն, պատմում է այլմոլորակայինների հետ գյուղացի արհեստավորի հանդիպման մասին (հաղորդում է esoreiter.ru-ն):
 
Ենթադրվում է, որ ձեռագիրն ստեղծվել է 1528թ.: Այն պատմում է, թե ինչպես է մի անգամ գյուղացի մի քարտաշը ՉԹԱ նկատել և այն վայր ընկնող աստղի տեղ է դրել: Ճշտելով «աստղի» ընկնելու մոտավոր վայրը՝ գեղջուկ արհեստավորը, որն ըստ երևույթին հետազոտողի քննախույզ մտքով օժտված մարդ է եղել, այն գտնելու համար լեռներն է ուղևորվել: Անկման վայրը նա գտել է, սակայն «աստղի» փոխարեն տեսել է անընբռնելի շրջանաձև մի տուն՝ պատրաստված ինչ-որ փայլուն մետաղից կամ էլ ծածկված քարտաշին անհայտ ներկով: Ապշած ու գտածի հանդեպ միստիկական վախով համակված չինացին իրեն կորցրել է, իսկ երբ սթափվել է, հասկացել է, որ գտնվում է մի տարօրինակ սառը սենյակում՝ համաչափորեն լուսավորված կարմիր լույսով: Շուրջը եղել են զարմանալի հագուստներով երեքաչքանի սարսափելի էակներ և թոթովել են ինչ-որ անհասկանալի բաներ, ասես խոսում են ինչ-որ թռչնային լեզվով: 
 
Վախից չինացու գիտակցությունը նորից է մթագնել, իսկ երբ հերթական ուշաթափությունից ուշքի է եկել, հասկացել է, որ պառկած է հողին՝ իրենց գյուղի մոտակայքում: Ոչ մի կերպ չի կարողացել ըմբռնել, թե ինչպես է ինքը լեռներից հետ եկել,  իսկ երեքաչքանի արարածների մասին կցկտուր հիշողությունները նրան հարկադրել են ենթադրել, թե դա ուղղակի երազ, ավելի ճիշտ՝ մղձավանջ է եղել: 
Սակայն մղձավանջն իրականում էլ է շարունակվել, քանի որ պարզվել է, որ քարտաշը գյուղից բացակայել է մեկ տարի, և նրան վաղուց արդեն անհետ կորած են կարծում: Իր արկածների մասին չինացու ասածներին ոչ ոք չի հավատացել, նա ինքն էլ լիովին համոզված չի եղել, որ այդ բոլորը երազում չի տեսել: 
 
Բայց երևում է՝ այժմ Չինաստանի մշակույթի նախարարության տրամադրության տակ հայտնված այդ ձեռագրի հեղինակը կրթված մարդ է եղել: Նա ինքն է սկսել փաստերն ուսումնասիրել և համոզվել է, որ քարտաշը ճիշտ է խոսում: Անուղղակի կերպով դա հաստատել է նաև քարտաշի կրծքին այդ ժամանակ հայտնված կարմիր սպին, որը մինչ այդ ոչ ոք չէր տեսել: Ավելին՝ այդ տարօրինակ  սպին շուտով խորհրդավոր կերպով անհետացել է:
 
Ցավոք, չինացի տարեգիրը սրանից ավելի ուրիշ բան չի գրել: Սակայն այսքանն էլ բավական է, որպեսզի տարբեր ժամանակներում կատարված նմանօրինակ իրադարձությունների համար համեմատության նյութ տա և նպաստի այլմոլորակայինների մասին ճշմարտությունը բացահայտելուն: