Գիշերային լուսավորություն՝ արհեստական լուսնով

Չինացի գիտնականները ձենամուխ են եղել մի շատ հավակնոտ նախագծի, որը կոչված է հեղափոխել փողոցային լուսավորությունը  և ընդմիշտ փոխել գիշերային երկնքի տեսքը աշխարհում: Եթե ամեն ինչ նախատեսվածի համապատասխան ընթանա, ապա երկու տարի անց Չինաստանի վրա կփայլի առաջին ձեռակերտ լուսինը, որը կլինի արևի լույսն անդրադարձնող արհեստական արբանյակ: Դրա շնորհիվ ասիական այս երկրի մեծ մասում փողոցային լապտերների կարիք չի լինի (հաղորդում է esoreiter.ru-ն):
 
Նշվում է, որ գիշերվա փողոցային լուսատուի պայծառությունը Լուսնի պայծառությանը կգերազանցի առնվազն ինն անգամ: Երևացող սկավառակի տրամագիծը կլինի 10-80 կմ: Ընդ որում, արբանյակի լույսը չի անհանգստացնի մարդկան և կենդանիներին, քանր որ դրա պայծառությունը համարժեք է կլինի մթնշաղին: Այլ խոսքով՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության տարածքի խտաբնակ վայրերում գիշերային խավարը փոխարինվելու է մթնշաղով:  
 
Տիեզերքի համար նախատեսված համակարգերի հետազոտության ինստիտուտի ներկայացուցիչները, ովքեր աշխատում են սույն ապագայապաշտական ծրագրի վրա, պատմում են, որ դրա իրականացման բոլոր տեխնիկական պայմաններն արդեն ստեղծված են: Ձեռակերտ լուսնի ստեղծման հիմնական խնդիրն են թանկությունը, հայելիների ամրակցման դժվարությունը և արբանյակն ուղեծիր հանելը, ինչպես նաև այն տիեզերական աղբից որևէ կերպ պաշտպանելը:  
 
Բայց ահա աշխարհի շատ հայտնի գիտնականներ թերահավատ են չինացիների այս նախաձեռնության հանդեպ: Նրանցից մեկն է Իվան Մոիսեևը՝ Տիեզերական քաղաքականության ռուսական ինստիտուտի ղեկավարը: Նրա կարծիքով՝ այդ նախագիծն անչափ ծախսատար է և հազիվ թե իրագործելի: Մասնագետը համոզված է, որ զարգացման արդի փուլում մարդկությունն ուղղակի ի զորու չէ ստեղծել այդքան բարդ մի կառուցվածք: Ինչ-որ ժամանակ Ռուսաստանում արդեն առաջարկել են համարժեք կերպով լուսավորել բևեռային շրջանները, սակայն գիտնականներն ամեն ինչ հաշվարկել և արագ գիտակցել են դրա անհնարինությունն ու հրաժարվել են իրենց նախագծից: Ճիշտ է, այդ ժամանակից հետո տիեզերքի յուրացման գործում առաջընթաց եղել է, սակայն ոչ այնքան, որ նման ֆանտաստիկ նախագիծն իրագործելի դառնա: 
 
Չինական այս նախագծի վերաբերյալ կարծիքներ են հայտնել նաև անկախ հետազոտողներն ու գաղտնագետները, որոնք կարելի է ընդհանրացնել հետևյալ ձևակերպումներով. 
 
Արհեստական Լուսին ստեղծելու գաղափարը նոր չէ,  մանավանդ որ հնարավոր է՝ Երկրի «բնական» արբանյակ Սելենան նույնպես ձեռակերտ է: Այլ բան է, թե ո՞վ, ի՞նչ նպատակով և տեխնիկական ի՞նչ մակարդակում է իրականացնում նման հսկայածավալ նախագիծը: Այն, որ չինական նախագիծն ակնհայտորեն անիրագործելի է, ցույց է տալիս մեր քաղաքակրթության զարգացման մակարդակը: Չէ՞ որ այն տիեզերքի յուրացման գործում միայն առաջին երերուն քայլերն է անում: Ընդ որում, հավակնոտ ծրագրերն այդ տեսանկյունից ոչինչ չեն փոխում: Դրա վառ օրինակն Իլոն Մասկի հայտարարություններն են Մարս թռչելու մասին:
 
Դրանք չեն երաշխավորում, թե մոտ ժամանակներս ինչ-որ մեկն այնտեղ կթռչի, իսկ եթե թռչի էլ, անպայման ողջ-առողջ կհասնի Կարմիր մոլորակին:
Արդի աշխարհը մեկ անգամ արդեն ականատես է եղել չինական հրաշքին, երբ տնտեսական աննախադեպ վերելքը նրան դիրքավորել է մոլորակի հզորագույն պետությունների առաջնագծում: Այնպես որ, չի բացառվում՝ չինական հրաշքն այս անգամ էլ արհեստական լուսնի տեսքով կրկնվի: