Փողատեր էլիտան անմահ կդառնա

ԱՆՈւՐԱԽ ԿԱՆԽԱՏԵՍՈւՄՆԵՐ ԱՊԱԳԱՅԻՑ

Մեր ժամանակներում, երբ մոլորակի դեմքն օրեցօր է փոխվում,  մարդկության ապագան շատ ավելի մշուշոտ ու անմխիթարական է պատկերվում: Ելներով արդի գործընթացներից՝ aif.ru պարբերականը ներկայացնում է հնարավոր գալիքի ամենահավանական թվացող տարբերակը: Այն հիմնվում է ապագայի վերաբերյալ գիտությունների մասնագետների՝ ֆուտուրոլոգների կանխատեսումների վրա, ըստ որոնց՝ գալիքի հասարակության մեջ կաստաներ կառաջանան: Միայն թե դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի: Եվ ահա թե ինչու:
 
 
Գալիս է ռոբոտների դարաշրջանը
 
Մարդը դեռևս չի բացահայտել իր իսկական էությունը, սակայն հիանալի գիտակցում է, թե ինչի պահանջ ունի: Կերակուրը, իշխանությունն ու սեռական կյանքը քաղաքակրթությունների գլխավոր շարժիչ ուժերն են: Ըստ էության՝ հանուն այդ պահանջնունքների բավարարման է մարդն ամեն օր աշխատանքի գնում և աշխատավարձ ստանում: Այժմյան գործընթացները տանում են նրան, որ առաջիկա 20 տարում մարդկանց մեծամասնությունը կկորցնի աշխատանքը, ինչի հետ շատերը կկորցնեն նաև կյանքի ազդակները: Իսկ միլիոնավոր մարդկանց կարող է անգործ թողնել մեքենայական բանականությունը: 
 
Պարբերականը վկայակոչում է իսրայելացի պատմաբան Յուվալ Նոյ Հարարիի կամխատեսումները: Նա հեղինակն է համաշխարհային երկու բեսթսելերների՝  «Sapiens. Մարդկության կարճ պատմությունը» և «Homo Deus. Վաղվա օրվա կարճ պատմությունը»: Հարարին ընթերցողին հիշեցնում է, որ մարդիկ միշտ են անհավասար եղել, իսկ մասնավոր սեփականությունը դա ավելի է սաստկացրել: 
 
Ճիշտ է, հետագայում պետություններն, այնուամենայնիվ, սկսել են «հասարակ մարդկանց» հոգսերը նույնպես հաշվի առնել: Միայն թե դա նույնպես արվել է շահադիտական նպատակներով: Կառավարություններին բանակի համար հարկավոր են եղել առողջ զինվորներ, իսկ տնտեսության համար՝ գործունակ քաղաքացիներ: Այդ պատճառով էլ պետությունները միջոցներ են ներդրել իրենց առողջապահության, կրթության ու սոցիալական աջակցության համակարգերում: 
 
Ժամանակները նորից են փոխվում: Այժմ մարդկությունը հետարդյունաբերական դարաշրջանի շեմին է: Բոլոր բանակների զինանոցներում հայտնվել են դրոններ և ռոբոտներ, որոնք կառավարվում են ահեստավարժ զինվորականների փոքր խմբերի կողմից, իսկ գործարանային հարահոսների վրա աշխատում են խելացի մեքենաները: Հարց է ծագում՝ իշխանւթյուններն ու այս աշխարհի հզորներն ի՞նչ են անելու ժողովրադական զանգվածների հետ: 
 
Ո՞ւմ ես դու հարկավոր
 
- Պատմության ընթացքում աշխատանքի հասկացողությունը մի քանի անգամ փոփոխվել է: Մի երկարատև ժամանակաշրջանում մարդիկ ընդհանրապես չեն աշխատել, նրանք գոյություն են պահպանել: Առավոտյան ժամը 8:00-ին աշխատանքի գնալը և մինչև ժամը 17:00-ն այնտեղ մնալը մեր ժամանակների երևույթ է: Աշխատանքը կորցնելու տագնապը նույնպես համամետաբար նոր է: 
 
Վերջին դարերի արտադրական հեղափոխությունների ընթացքում մարդը մշտապես վախ է ապրել, թե գերակայող կդառնա մեքենաների դերը, իսկ իրենք ոչ մեկին պիտանի չեն լինի: Կարծում եմ՝ այս անգամ դա իսկապես կկատարվի: Պիտանի չլինել. ահա թե ինչի են բախվելու միլիոնավոր մարդիկ: Եվ դա շատ ավելի սարսափելի է, քան մի մարդու կողմից մեկ ուրիշի շահագործումը,- ասում է Հարարին:
 
Աշխատատեղերի զանգվածային կորուստը կհանգեցնի նրան, որ հարյուրամյակի կեսերին հասարակության մեջ կձևավորվի անօգուտ մարդկանց խավ: Նրանց թվին կպատկանեն ոչ միայն գործազուրկները, այլև իրենց համապատասխան աշխատանք գտնել չկարողացողները: 
 
- ХХI դարում հասարակության մեջ անհավասարությունը կհասնի պատմական առավելագույնին,- գրում է պատմաբանը: 
 
Ուղեղի «թարմացում»
 
Կենսաբանության մեջ այժմ հեղափոխական փոփոխություններ են տեղի ունենում: Նեյրոգիտության մեջ ներդրվում եմ մեծամեծ փողեր: Ի հայտ են գալիս կենսահաքինգի՝ մարդկային մարմնի և խելքի բարելավման եղանակի  գուրուներ: Կենսաինժեներներն այժմ կարողանում են աճեցնել նոր օրգաններ և նորացնել հները, գենետիկական մակարդակում միջամտել մարմնի գործերին և այլն: Կան նաև առավել արմատական մոտեցումներ:
 
Ըստ էության՝ դրանք  մարդու և համակարգչի սերտաճում են ենթադրում: 
 
Այժմ հնարավոր է արյունատար համակարգի մեջ բաց թողնել նանոռոբոտներ, որպեսզի դրանք կարողանան մաքրել անոթները և դեղամիջոցը հասցնել հարկ եղած տեղին՝ միաժամանակ ոչնչացնելով նորագոյացություններն ու վնասակար մանրէները: ԱՄն-ում ստեղծվել է չիպ, որն ուղեղում ներդրվելով՝ ազդակներ է ուղարկում նրա մի առողջ բջջից մյուսին՝ շրջանցելով վնասված հատվածները: 
 
Կա ուղեղային փոխպատվաստանյութ, որը նյարդային ազդակներ է ուղարկում անհատական համակարգիչներին, իսկ դրանք, իրենց հերթին, հրահանգ են տալիս տանը գտնվող ամեն տեսակի էլեկտրոնային սարքերին: Այլ կերպ ասած՝ առաջադեմ գիտական աշխատակարգերը ուժեղացնում են մեր ֆիզիկական և մտավոր կարողությունները, իսկ շուտով հնարավոր է՝ վերացնեն ծերացումը և անգամ մահը: 
 
Երջանիկների կարգն անցնելու համար ի՞նչ է անհրաժեշտ մարդուն: Պատասխանը միակն է՝ դրամ, և այն էլ՝ շատ: Այսինքն, մարդկանց մի փոքրիկ խումբ՝ համաշխարհային ընտրանին, կարող է «թափ հաղորդել» իր մարմնին ու ուղեղին, իսկ հասարակ մարդիկ դրանից զուրկ կմնան: 
 
- Դրա հետևանքով մարդկությունը կբաժանվի կենսաբանական կաստաների՝ գերմարդկանց և անօգուտների խավի: 2100թ. սահմաններում հարուստներն իրոք կարող են աղքատներից ավելի տաղանդավոր և խելացի դառնալ: Եվ հենց այս ճեղքվածքն ի հայտ գա՝ արդեն հնարավոր չի լինի ոչինչ փոխել: Դա ոչ միայն  մարդկության պատմության, այլև ամբողջ մոլորակի մեծագույն հեղափոխությունը կլինի: Եթե այս գործընթացը չկարգավորվի, մարդկանց աննշան մի խումբը արդեն կորոշի, թե ինչ ապագա կունենա կյանքը Երկիր մոլարակում,- կանխատեսել է Հարարին:
 
Այս ամենով հանդերձ՝ գիտնականը փորձում է մարդկանց մխիթարել: Նա հնարավոր է համարում, որ մարդասիրական գաղափարներով զարգացող որոշ երկրներ կշարունակեն  աջակցել ժողդովրդական զանգվածներին: Օրինակ, անօգուտ դասակարգի ցանկացած ներկայացուցչի կարող են վճարել հիմնական եկամուտ՝ դրամի որոշակի քանակություն, որը հնարավորություն կտա ծայրի ծայրին հասցնել: Կամ, շատ մարդիկ, հնարավոր է, ապագայում կգերադասեն ապրել վիրտուալ իրականության մեջ: Օրինակ, խաղալ համակարգչային խաղեր: Ի դեպ, նույն կածիքին է նաև Բիլ Գեյթսը, իսկ վիճակագրական որոշ տվյալներ վկայում են, որ այդ կանխատեսումները երևակայությունից վեր չեն: 
 
Այսպես, ամերիկացի տնտեսագետների տվյալներով՝ ցածր որակավորում ունեցող բանվորների ազատ ժամանակը վերջին 15 տարում ավելացել է շաբաթական 4 ժամով, և այդ 4-ից 3-ը նրանք վատնում են տեսախաղերի վրա: Նշված բեսթսելլերների հեղինակը կարծում է, որ մինչև 2050թ. մարդիկ կուսումնասիրեն նոր խաղային սցենարներ և ամբողջ ազատ ժամանակը կանցկացնեն վիրտուալ տիեզերքներում: Բացառված չէ, որ տեսախաղերով զբաղվելը դառնա պաշտոնական մասնագիտություն:
 
Մեկ այլ պահանջված մասնագիտություն կդառնա վիրտուալ խաղերի ձևավորումը: Այսպես թե այնպես, մարդկանց երկու կաստաները՝ ընտրանին և անօգուտները,  հարկադրված կլինեն ինչ-որ կերպ միասին ապրել մոլորակի վրա: Եվ կասկածներ կան, որ սովորական «հոմո սապիենսի» համար «թափ առած» ուղեղներով քիբորգների հարևանությունը ոչ մի լավ բան չի բերի: