Մալայզիացի երիտասարդին «գեղանի անծանոթուհին» էր սար տարել

Մալայզիայի Սարավակ նահանգում հաջողությամբ են ավարտվել 22-ամյա Սթենլի Հոյի որոնումները:  Երիտասարդին, որ բնության մեջ շրջագայելու էր դուրս եկել Բաու քաղաքի մերձակայքում՝ Սինգայ լեռան լանջերին, դրոններով որոնել են ավելի քան 300 փրկարարներ և տեղացի կամավորներ: Գտնելու պահին տղան եղել է ծայր աստիճանի ուժասպառաված, սակայն հիմա արդեն վիճակը կայունացել է:
 
Մի փոքր կազդուրվելուց հետ տղան այնպիսի ուշագրավ մանրամասն է պատմել, որ այս դեպքը գրավել է շեղումային երևույթների վերաբերյալ բազմաթիվ կայքերի: 
Հիվանդանոցում իրեն շրջապատողներին Սթենլին զարմանալի, ուղղակի ցնցող բան է պատմել: Նա ասել է, թե միայնակ դուրս է եկել բնության մեջ շրջելու և այնտեղ հանդիպել է հրաշագեղ մի կնոջ՝ նման հեքիաթային արքայադստեր: Անծանոթուհին սիրալիր ողջունել է իրեն և հանձնել անտառից հավաքած ծաղիկները: Դրանից հետո գեղեցկուհին Հոյին անսպասելի կերպով հրավիրել է գնալ իր հետ:  
 
Կնոջ գեղեցկությամբ հմայված, անգամ՝ կախարդված, Հոյն անվարան գնացել է նրա հետևից: Սթենլին պնդում է, իբր  անծանոթուհին իր հետ մթերքի ու ջրի նշանակալի պաշար է ունեցել, դրա համար էլ այդ արշավի ժամանակ իրենք ոչ մի բարի կարիք չեն ունեցել, իսկ երբ տղան քարի վրա սղղացել է և ոտքը վնասել, անծանոթուհին հիանալի կերպով վերքը մշակել է: Իսկ ահա բժիշկները եզրակացրել են, որ այդ ամբողջ ընթացքում Հոն իրականում ոչինչ չի կերել և շատ քիչ է խմել, և նրա աջ ոտք վնասվածքը որևէ բժշկական միջամտության կամ խնամքի չի արժանացել: 
Երիտասարդի պատմելով՝ իրենց ճամփորդությունը շատ օերեր է ձգվել, հետո հանկարծ գեղեցկուհու դեմքին մի գիշատիչ ժպիտ է հայտնվել, իսկ աչքերը փայլել են ինչ-ոչ անմարդկային կայծերով: Նույն պահին կինն ասես օդում լուծվել է՝ մեր հերոսին անտառի խորքում մենակ թողնելով: 
 
Թե դրանից հետո ինչ է եղել՝ մալայզիացին ոչինչ չի հիշում: Երբ փրկարարները նրան գտել են, երիտասարդ ճամփորդն այնքան թուլացած է եղել, որ անգամ խոսելու ուժ չի ունեցել: Բաու քաղաքի և շրջակա գյուղերի բնակիչները հավատում են, որ տեղի լեռներում ու անտառներում ապրում են ոգիներ, որոնք պահպանում են բնությունը: Բայց թե ինչու է նման էակը մարդուն տարել բնության խորքերը և թողել այնտեղ մեռնելու՝ ոչ ոք բացատրել չի կարողացել: 
 
Համացանցում տարածվել է անտառում փրկարակների արած լուսանկարներից մեկը: Համացանցի օգտատերերը պնդում են, որ եթե այդ առեղծվածային լուսանկարին մարդ ծայրահեղ ուշադրությամբ նայի, ապա կարող է մալայզիացու հետևում երևացող քարայրում մարդկային աղոտ ուրվագիծ նկատել…
 
Այս պատմության մեջ ակնհայտ է մի բան՝ 22-ամյա երիտասարդին միայն թվացել է, թե ինքը գեղեցկուհու հետ մեկ շաբաթից ավելի օերեր է անցկացրել, այդ ընթացքում սնվել ու ծարավը հագեցրել է, կամ որ խորհրդավոր կինն իր վնասվածքը խնամել է: Իսկ մնացածը կարելի է բացատրել կա՛մ տղայի հոգեկան վիճակով, կա՛մ բնության առեղծվածով, որը մարդկությունը դեռևս լիովին չի բացահայտել ու գիտության դաշտ չի բերել: