ԱՊԵՅՐԱՖՈԲԻԱ՝ վախ հավերժական կյանքից և անվերջությունից ընդհանրապես

Մշտնջենական կյանքի կամ հավերժ երիտասարդ մնալու մասին շատ մարդիկ են երազում: Ուրիշներն էլ «երանության հավերժական երկնքին» են ցանկանում հասնել անդրշիրիմյան կյանքում կամ մտածում են, թե վերածնվելու են նոր մարմնում, քանի որ նրանց համար հոգին անմահ է:
 
Կա, սակայն, մարդկանց մի տեսակ, որոնց սարսափեցնում է անվերջության գաղափարն ինքնին, ինչին էլ դա վերաբերիելիս լինի՝ ֆիզիկակա՞ն մարմնում, թե՞ անդրշիրիմյան աշխարհում գոյատևելուն: Այնքան է սարսափեցնում, որ ուղղակի ներգործում է նրանց կյանքի որակի վրա:
 
Հենց այս երևույթին է անդրադարձել Paranormal-news.ru պարբերականը: Հրապարակումից բխում է, որ այդ երևույթը, թեև շատ քիչ է ուսումնասիրված և դրա մասին ընդարձակ տեղեկություններ առայժմ չկան, հիվանդություն է, որի անունն է ապեյրաֆոբիա (apeirophobia): Սա նշանակում է վախ անվերջության հանդեպ, ինչը բավական տարածված երևույթ է, որով տառապող մարդկանց համար անվերջությունից սարսափը երբեք չի անցնում. այն հնարավոր է միայն ժամանակավորապես ճնշել: Այդ վախից մարդը կարող է անքնություն ունենալ, կարող է ընկճախտ առաջանալ կամ անգամ ինքնասպանության ցանկություն: Իսկ ուրիշներին իրենց վախերը բացատրել այդ մարդիկ սովորաբար չեն կարողանում, դրա համար էլ ներփակվում են իրենց ահաբեկող մտքերի մեջ: 
 
Երբ մարդը վախենում է բարձրությունից կամ սարդերից, նա կարողանում է շրջապատողներին դա բացատրել, բայց անվերջությունից վախն այնքան անորոշ բան է, որ հասարակ մարդիկ չեն էլ ընկալում: Լինում են նաև ապեյրաֆոբիայիով տառապողներ, ովքեր շատ պերճախոս և միանգամայն հնարամտորեն  բացատրում են, թե ինչու է իրենց սարսափեցնում հավերժական և չընդհատվող գոյությունը, երբ չկա դրան որևէ կերպ վերջ տալու հնարավորություն: 
 
- Ես ուղղակի վախենում եմ, որ անվերջ գոյության մի ինչ-որ փուլում արդեն կճանաչեմ, կտեսնեմ ու կզգամ ամեն հնարավորը և ուղղակի դրա մեջ կթաղվեմ, իսկ դա ինձ համար ձանձրալի տառապանքի կվերածվի: Եվ ես ոչ մի հնարավորություն չեմ ունենա ինչ-որ բան փոխել և հավերժության մեջ թաղված կմնամ ընդմիշտ,- զանազան վախերի լուսաբանմանը նվիրված "Phobia Fear Release" կայում գրել է Պոլ անունով օգտատերը:
 
Թոմ անունով մեկ այլ օգտատեր էլ հետևյալն է պատմել.
 
- Ես գիտեմ, որ քրիստոնյաների մեծամասնության համար հավերժական կյանքի գաղափարն ինչ-որ ոգեշնչող բան է, բայց ինձ համար դա հնչում է որպես տառապանք: Մի անգամ ես պառկած մտորում էի հավերժական գոյության մասին, և սարսափն ինձ պատեց: Երբ փորձեցի այդ մասին կնոջս պատմել, համոզված եմ՝ նա մտածեց, թե ես խելքս թռցրել եմ: Ես շատ լավ ընտանիք ունեմ, հաջողված գործ, բայց այդ վախն ինձ ներսից քայքայում է: 
 
Միայն թե հավերժական գոյության վախը մեդալի միայն մեկ կողմն է: Ապեյրաֆոբիա ունեցող որոշ մարդիկ հավերժ կյանքի գաղափարին հանգիստ են վերաբերվում, սակայն սարսափում են անվերջությունից ընդհանրապես: 
 
- Ես զգում եմ, որ մենք բոլորս Տիեզերքի համեմատությամբ միանգամայն աննշան մանր էակներ ենք: Երբ ես սկսում եմ մտածել այն մասին, որ մեր Արեգակնային համակարգությունից այն կողմ գոյություն ունի անվերջանալի աշխարհ, իմ մտքերն ինքնաբերաբար դադար են առնում, որպեսզի ինձ պաշտպանեն խուճապի նմանվող վիճակից: Երբ իմացա սև խոռոչների գոյության մասին, դա ինձ համար նոր մղձավանջների պատճառ դարձավ մի քանի օր շարունակ: Ինձ համար անտանելի է անգամ այն գաղափարը, թե ինչ հսկայական տարածությամբ են իրարից հեռու գալակտիկաները,- ֆեյսբուքյան իր էջում մի անգամ գրել է Ջեյն Ատկինսը:
 
Համացանցում նման մտորումներ կարելի է հարյուրներով գտնել: Ապեյրաֆոբիայի տարբեր աստիճաններով հիվանդ մարդիկ իրականում այնքան էլ քիչ չեն: Մարդկանց մեծամասնությունը, ովքեր նման իրավիճակների են բախվում, սկսում են այդ մասին տեղեկություններ փնտրել ամենուր: Սակայն, ինչպես վերևում նշվեց, դրա մասին տեղեկությունները շատ քիչ են: Այդ պատճառով էլ նման մարդիկ ստիպված են լինում զսպանակ դնել իրենց մտքերին ու ապրումներին, այլապես ուղղակի կխելագարվեն: 
 
Այս երևույթով հետաքրքրվող բժիշկներն առայժմ ի զորու չեն նշել ուժգին ապեյրաֆոբիայի առաջացման պատճառը: Նրանց կարծիքով՝ դա կարող է առնչվել ուղեղի աշխատանքի առանձնահատկություններին: Ջորջ Մորիսոնի համալսարանի ճանաչողական և վարքագծային նեյրոկենսաբանության ամբիոնի դոցենտ Մարտին Վիները The Atlantic-ին տված հարցազրույցում ասել է, թե հնարավոր է՝ դրա պատճառը ուղեղի ճակատային հատվածի կառուցվածքն է: Հասակ առնող մարդու մարմնի այս հատվածը վերջիններից մեկն է զարգացման հասնում: 
 
Ճակատային մասերն իրենց հիմնական զարգացումն ավարտում են մոտավորապես 15 տարեկանում, որից հետո մեծ արագությամբ սկսվում է նոր նյարդային նյութի արտանետումը, և դա էլ ճակատային մասերի զարգացման երկրորդ փուլն է: Այդ երևույթը միայն 1980-ականներին է բացահայտվել: 
 
- Դեռահասության տարիքում մարդն սկսում է գիտակցել, որ արդեն մեծահասակ է դառնում: Ես կարծում եմ, որ ապեյրաֆոբիան սկսում է զարգանալ հենց այդ ժամանակ, և դա այնքան էլ չի տարբերվում հասունանալու, ծերանալու կամ մահվան նկատմամբ եղած վախից ու անհանգստությունից,- նշել է Վիները: