Պատահածը շեղումային երևո՞ւյթ է եղել, թե՞ ցնորամտություն

Մարկ անունով Միչիգանի բնակիչը համացանցի օգտատերերին պատմել է 17 տարվա վաղեմության մի դեպք, որն այնքան տարօրինակ է եղել, որ մինչև օրս ոչ մի մանրամասն չի մոռացել: 2001թ. դեկտեմբերին կատարվածի մասին նրա պատմությունն այստեղ մեջբերում ենք հենց իր բառերով:
 
- Ես որպես էլեկտրիկ աշխատում էի մի շինարարությունում: Այդ երեկո նախատեսված գործը չհասցրինք ավարտել և աշխատավայրում ուշացանք: Օրը ցրտեց ու սկսեց ձյուն տեղալ: Երբ մթնեց, ես և գործընկերներս որոշեցինք, որ այդ օրը մեր գործը չենք կարողանա վերջացնել, հարկ կլինի հաջորդ օրը շարունակել: 
 
Դա հենց այն ժամանակն էր, երբ բջջային հեռախոսները նոր էին սկսել զանգվածաբար մուտք գործել սովորական մարդկանց կյանքը: Իմ հեռախոսի մեջ լոկ իմ պետի համարն էր, իսկ իմ համարը միայն մի քանի մարդ ուներ, այդ թվում՝ ընկերուհիս: Տանը լարով սովորական հեռախոս ունեի: 
 
Երբ ես արդեն նախապատրաստվում էի տուն գնալ, բջջայինով ինձ զանգահարեց ընկերուհիս, և նրա ձայնը շատ անհանգիստ էր: Նա հարցրեց, թե այս պահին իմ տանն այդ ի՞նչ աղջիկ է: Ես նույնիսկ չհասկացա, թե նա ինչի մասին է խոսում և հարցին հարցով պատասխանեցի. 
 
- Ի սեր աստծո՝ ինչի՞ մասին ես խոսում:
 
Այդ ժամանակ ընկերուհիս պատմեց, որ ինքը հենց նոր զանգահարել է իմ բնակարանի հեռախոսին: Խոսափողը վերցնելուց հետո նրան պատասխանել է ասես քնից հենց նոր արթնացած կնոջ ձայն: Ընկերուհիս հարցրել է.
 
- Մարկը տա՞նն է:
 
Կինը չարությամբ ու կտրուկ պատասխանել է.
 
- Մարկը մեռած է:
 
Սկզբում լսածիս նույնիսկ չհավատացի և որոշեցի, որ խանդի հողի վրա ընկերուհուս ինչ-որ բաներ են թվացել: Ես նորից խնդրեցի, որ նա մանրամասն պատմի, թե ինչ է պատահել, և նա կրկնեց նույնը՝ միայն հավելելով, որ «Մարկը մեռած է» խոսքերից հետո տարօրինակ կինը խոսափողը դրել է: Դրանից հետո ընկերուհիս նորից է փորձել իմ բնակարանի հեռախոսին զանգել, և արդեն ոչ ոք խոսափողը չի վերցրել:
Ընկերուհուս հետ բջջային խեռախոսով մի քանի րոպեի հարցուպատասխանից հետո ես ստիպված էի խոստովանել, որ այդ ամբողջ պատմությունը շատ տարօրինակ է հնչում: Դա բոլորովին նման չէր ո՛չ կատակի, ո՛չ սխալի, իսկ ընկերուհիս 100%-ով համոզված էր, որ իմ բնակարանում կողմնակի կին է եղել:  
 
Հեռախոսազրույցն ավարտելուց հետո չկարողացա եղածն իմ մեջ պահել և գործընկերոջս պատմեցի: Նա նույնպես այդ ամենը շատ տարօրինակ համարեց և առաջարկեց հետս իմ տուն գալ և ստուգել: Մեկ էլ տեսար՝ այնտեղ գողեր են մտել: 
Բնակարանս աշխատավայրից հեռու չէր, և երբ մենք մոտեցանք՝ ենթադրում էի, թե ճանապարհին տունս ներխուժածների թարմ ոտնահետքերը կձգվեն: Չէ՞ որ ամբողջ երեկո վարար ձյուն էր տեղում: Բայց ձյունն այնտեղ միանգամայն անբիծ էր: Այդտեղ առնվազն կեսօրից հետ ոչ ոք չէր եղել: 
 
Տարօրինակ զգացողությամբ տուն մտա և անմիջապես օդի մեջ անսովոր թրթիռ զգացի: Ես այդ զգացողությունը բացատրել չեմ կարող, բայց երբ դրան համադրվեցին տանը տիրող խավարն ու լռությունը, սարսափն ինձ պատեց: Ես արագ մտա աշխատասենյակս, որտեղ հեռախոսն էր և ստուգեցի ընդունած զանգերը: Պարզվեց, որ իրոք ընկերուհուս հեռախոսից ոչ վաղուց երեք անգամ զանգ էր եղել, և նրա երկու զանգերն անպատասխան էին մնացել: Իսկ առաջին զանգին պատասխանել էին: Պատասխանել էր ինչ-որ մեկը: 
 
Այստեղ արդեն սարսափս ավելի սաստկացավ: Այնպիսի սարսափ, որ որոշեցի հագուստս հավաքել և մի քանի օրով տեղափոխվել ընկերուհուս տուն: Այդ ընթացքում գործընկերս սենյակներով անցնում էր և ստուգում, թե դրանցում կողմնակի ինչ-որ բան կամ որևէ մեկը կա՞ արդյոք: Նա չնայեց միայն լոգարանը՝ ինձ առաջարկելով, որ դա ինքս անեմ: Երբ ես լոգասենյակ մտա, անմիջապես տեսա, որ զուգարանակոնքի կափարիչն իջեցրած էր: 
 
Ես միայնակ էի ապրում և այդ կափարիչը երբեք չէի փակում, իսկ ինքնիրեն այն իջնել
չէր կարող: Եվ էլի ինչ-որ սարսափելի բան կար: Երբ լոգարան մտա, կարծես վրաս սառը օդ փչեց, չնայած այնտեղ միշտ տաք էր լինում, որովհետև մի մեծ տաք ջրի խողովակ կար: 
 
Մինչ տեսածս գիտակցությանս կհասներ, գործընկերս ասաց, որ իր գնալու ժամանակն է, և ես դուրս եկա նրան ճանապարհելու: Ահա այստեղ մենք երկուսս էլ նկատեցինք շատ մանր հետքերի շարք, ասես այդտեղով երեխա կամ դեռահաս էր անցել՝ բակի կենտրոնից քայլել էր դեպի ճանապարհը: Ես ու գործընկերս տուն գալիս այդ հետքերը չէինք  տեսել, քանի որ դրանք չկային և չէին էլ կարող լինել 100%-ով:
 
Ես ընկերուհուս տանն ապրեցի երկու օր: Այդ ընթացքում հայրս, ում այդ ամենը պատմել էի, ինձ համոզեց, որ եղածն ուղղակի պատահականություն է, որը չափազանցված է թվացել ցնորական մտքերից: Դրանից հետո ես հետ եկա տուն: 
Իմ վերադարձից մեկ շաբաթ անց խոհանոցում կերակուր էի պատևրաստում, երբ տանիքից մի շատ ուժգին թխկոց լսեցի: Դա ուղիղ իմ գլխավերևում էր: Ես փողոց դուրս եկա և տեսա տարվա այդ եղանակի համար միանգամայն անսովոր մի բան: Դեկտեմբերի կեսերն էր, իսկ իմ տանիքին մի խոշոր ճերմակ կարապ էր իջել: 
Մինչ մտա հարևանի մոտ, որպեսզի կարապի մասին պատմեմ, նա անհետացավ: Այս ամենը նման է պատահական դեպքերի տարօրինակ շղթայի, որը սակայն ինչ-որ տրամաբանություն ունի: Ես միշտ սիրել եմ կարդալ շեղումային երևույթների մասին, և կարծում եմ, որ այստեղ նույնպես ինչ-որ շեղում է տեղ գտել: