Հնարավոր է՝ տիկնիկաչափ մարդիկ ապրել են նաև Ճապոնիայում

avangard.am-ը վերջերս ներկայացրել էր Իրանի Մախունիկ գյուղի առեղծվածը, որտեղ նույնպես, ըստ ենթադրությունների, շատ վաղուց ցածրահասակ մարդիկ են ապրել: Իսկ կորոպոկկուրուների և այների պատմությունը շատ է հիշեցնում ամերիկացի գրող Էպտոն Սինկլերի «Թզուկատարը» մանկական հրաշալի հեքիաթ-վիպակը. ասես գրքի մտահղացումը ծնվել է այների ավանդազրույցները լսելուց հետո:
 
Ճապոնիայի Հոկայդո կղզում այժմ ապրում է այն կոչվող յուրօրինակ ցեղը, որին գիտնականները կովկասյան ծագում են վերագրում: Ոմանք էլ, ելնելով նրանց մշակույթի առանձնահատկությունից և այն-հայ ինքնանվանման նմանությունից, անհնար չեն համարում, որ հազարամյակներ առաջ նրանց նախնիները հեռացել են Հայկական լեռնաշխարհից: Ահա այս այների ավանդազրույցները պատմում են փոքրիկ կորոպոկկուրու (koropokkuru) կոչվող մարդուկների մասին, որոնք այնտեղ ապրել են դեռևս մարդու հայտնվելուց առաջ:
 
Այդ հանրությանը երբեմն անվանում են նաև Կորո Պոկունգուրու (Koro Pokunguru) կամ Ծուչիգումո (Tsuchigumo), իսկ ամենատարածված՝ «կորոպոկկուրու» անվանումը թարգմանվում է «կռատուկի տերևների տակ ապրող մարդիկ» և ուղղակիորեն մատնանշում է այդ արարածների ցածր հասակը: 
 
Ճապոնիայում շատերն են կորոպոկկուրուներին պատկերում որպես ձեռքին բռնած կռատուկի տերևով անձրևից պաշտպանվողներ: Երբեմն ավանդազրույցներն այդ մարդկանց այնքան փոքրամարմին են նկարագրում, որ նշում են, թե մեկ տերևի տակ կարող էր պատսպարվել մի ամբողջ ընտանիք: Ու նաև հայտնի են պատմություններ, որոնցում այդ մարդուկների հասակը համեմատելի է եղել փոքր երեխաների հետ, այսինքն՝ 60-80 սմ:
 
Բոլոր դեպքերում՝ նման մարդկանց մասին պատմություններում գլխավոր շեշտը դրվում է նրանց ցածր հասակի վրա: Եվ հնարավոր է՝ նրանց այդ գիծը միակ բանն է, որը նշված ավանդազրույցներում հաստատում է այդ առեղծվածային ցեղախմբի գոյությունը: 
 
Ի լրումն ցածր հասակի՝ հաճախ պատմում են նաև, որ նրանք եղել են բավական պարզունակ և կոպիտ մարդիկ, ունեցել են շատ մեծ գլուխներ՝ խոշոր ու տափակ քթերով և թավ հոնքերով: Երբեմն խոսվում է, թե նրանք կարմրավուն մաշկ են ունեցել, իսկ ավելի հաճախ պատմում են, թե եղել են շատ մազոտ և բավականաչափ գարշահոտ:
 
Ուշագրավ է, որ այների հանդեպ հարգանք չունեցող ճապոնացիները հենց նրանց են հաճախ նկարագրել որպես «մազոտ և գարշահոտ անտաշներ՝ նման անասունի»: Սակայն հայտնի են նաև որոշ հանգամանքներ, որոնցից կարելի է եզրակացնել, որ կորոպոկկուրուները ավելի շատ մոտ են եղել մարդկանց, քան անասուններին: Հիշատակվում է, որ նրանք քարե գործիքներ են օգտագործել և կարողացել են կավածեփ գեղեցիկ իրեր պատրաստել: Մինչդեռ այների մասին ասում են, թե կավագործությամբ երբեք չեն զբաղվել: 
 
Այների ավանդազրույցի համաձայն՝ այդ մանրիկ արարածները մարդկանցից զգուշացել են և միշտ փորձել են նրանցից թաքնվել անտառներում: Սակայն ժամանակ առ ժամանակ այների հետ առևտրափոխանակություն են արել, ընդ որում՝ միշտ գիշերները: Եվ շատ դարեր այներն ու կորոպոկկուրուները խաղաղ ապրել են  կողք կողքի, մինչև որ մի անգամ նրանց միջև դաժան պատերազմ է բռնկվել, որի ընթացքում բոլոր մարդուկները գործնականում ոչնչացվել են, իսկ կենդանի մնացածները տարագրվել են ինչ-որ տեղ: 
 
Այս ավանդազրույցները այդ ցեղի գոյության վերաբերյալ էական բան համարյա չեն տալիս: Իսկ ահա հնագետները որոշ բաներ գտել են: Այների բնակության վայրերում հայտնաբերվել են տարօրինակ գետնափորներ, որոնք բոլորովին նման չեն այների սովորական ծղոտե տներին: Գտնվել են նաև քարե զենքեր, որոնք սովորական մարդու օգտագործման համար չափազանց փոքր են եղել: 
 
Եվս մեկ հանելուկ է առաջ քաշել հնագետ Էդվարդ Մորզեն: Այդ նա է 1877թ. Ճապոնիայում առաջին անգամ հնագիտական պեղումներ սկսել: Նա Omori shell տեղամասում հայտնաբերել է մեծաքանակ հին խեցեղեն, սակայն դրանք ոչ մի չափով չեն համապատասխանում այների մշակույթին: 1879թ. հրապարակված իր աշխատանքում Մորզեն գրել է, որ խեցեղենը պատկանում է անհայտ նորքարեդարյան մշակույթի, որը գոյություն է ունեցել մինչև Հոկայդո կղզում այների բնակություն հաստատելը: 
 
Մորզեի աշխատանքները շարունակել է նրա աշակերտ Ցուբոյ Շոգոհոն և հենց նա էլ ենթադրել է, որ մանրիկ զենքերը, փոքր գետնափորները և կավե խեցեղենը նույն ցեղի ձեռքի գործն են, և հենց նրանք էլ եղել են կորոպոկկուրուները:
Մեր ժամանակներում Հոկայդոյի մշակույթի որոշ հետազոտողներ նույնպես կողմնակից են այդ վարկածին և համարում են, որ այդ մանրակազմ մարդիկ կարող էին լինել Ինդոնեզիայի Ֆլորես կղզու ցածրահասակ «հոբիտների» հետնորդները: