Վաղուց մեռած երեխայի գերեզմանը համաքաղաքացիները հրաշագործ են համարում

Շեղումային երևույթներ լուսաբանող paranormal-news կայքը պատմում է մեքսիկական Ակապուլկոյի հին գերեզմանոցում գտնվող մի մանկան շիրիմի մասին, որն արդեն մեր դարում հրաշագործի համբավ է ձեռք բերել:
 
Մանչուկ Ռաուլ Գոնսալեսը՝ Ռաուլիտոն, ծնվել է 1932թ. ապրիլի 2-ին և մահացել 1933թ փետրվարի 2-ին՝ ընդամենը  10 ամսականում: Այժմ նրա գերեզմանն այդ շիրմատան ամենահարգված, մաքուր և ամենաշատ այցելուներ ունեցող վայրին է: Ռաուլիտոյի տապանաքարը մշտապես ծածկված է պսակներով, մոմերով ու խաղալիքներով:
 
Պատճառն այն է, որ տեղացիները հավատում են, թե այդ գերեզմանն օգնում է բուժել անգամ մահացու հիվանդներին: Ինչպես նաև կատարում է շատ այլ ցանկություններ:
 
Մինչև 2007թ. հուլիսը Ռաուլիտոյի գերեզմանը վաղուց լքված էր, և ոչ ոք չէր այցելում: Բայց մի անգամ գերազմանատուն է գալիս մի կին՝ գրկին անբուժելի հիվանդ իր փոքրիկ դուստրը: Շիրմատան տնօրեն Սուսանա Գարսիայի ասելով՝ նա հարցրել է, թե ինչպես գտնի Ռաուլ Գոնսալեսի գերեզմանը: 
Գարսիան նրան այդ տեղը ցույց է տվել, և կինն այնտեղ կես ժամ մնացել է՝ բուռն կերպով աղթելով դստեր ապաքինման համար: Նրա խոսքով՝ աղջիկն այնքան հիվանդ է եղել, որ բժիշկները նրան մեկ օրվա կյանք էլ չեն տվել: Աղոթքն ավարտելուց հետո կինը գնացել է՝ երեխային դեռևս ձեռքերի մեջ պահած, բայց արդեն հավատացել է, որ դուստրը չի մեռնի: 
 
Երկու ամիս անց այդ կինը նորից է եկել Ռաուլիտոյի գերեզմանի մոտ՝ արդեն միանգամայն առողջ դստեր հետ: Իր ուրախությունը կինը նշել է երեխայի գերեզմանը բազմաթիվ խաղալիքներով, ծաղիկներով ու մոմերով զարդարալով: Շուտով հրաշագործ գերեզմանի մասին պատմությունը տարածվել է ամբողջ Ակապուլկոյում, և շատ մարդիկ նույնպես սկսել են աղոթել Ռաուլիտոյի տապանաքարի մոտ: 
 
Մի քանի տարի անց մեծ տարածում է գտել մեկ այլ հրաշքի պատմությունը, սակայն միանգամայն այլ կարգի: Քաղաքապետարանի քարտուղարության հասարակական անվտանգության աշխատակիցը քիչ է մնացել՝ մի սարսափելի ՃՏՊ-ի զոհ դառնա: Նա կորցրել է իր ավտոմեքենայի կառավարումը, արգելակները դադարել են աշխատել, և վարորդը հանկարծ հիշել է հրաշագործ Ռաուլիտոյին ու սկսել է բարձրաձայն նրան աղոթել: Եվ համարյա անմիջապես կարողացել է վերահսկողությունը վերականգնել և ավտոմեքենան արգելակել: 
 
Երախտագետ աշխատակիցը նույնպես այցելել է Ռաուլիտոյի շիրմին և վերանորոգել նրա տապանաքարը, որին 30-ականներից այս կողմ դիպչող չէր եղել: Նա նույնպես բազմաթիվ խաղալիքներ է բերել և շնորհակալ եղել իր փրկության համար: 
 
Իրականում Ռաուլիտոյի գործած հրաշքները երկուսից ավելի են: 
 
- Ես Ռաուլիտոյին խնդրել եմ շատ բաների մասին, և դրանցից յուրաքանչյուրը շուտով իրականացել է,- պատմել է 80-ամյա Ֆրանցիսկա Կամաչոն: 
 
Ծեր կինը նաև մարդկանց խնդրում է գերեզմանը չծանրաբեռնել, քանի որ Ռաուլիտոյին դա «դուր չի գալիս, և նա կարող է չարանալ»:
 
Երեխայի գերեզմանին այնքան շատ խաղալիքներ են կուտակվում (որոնցից շատերը բոլորովին նոր են), որ շիրմատան տնօրինությունը ժամանակ առ ժամանակ դրանք հավաքում է, որպեսզի նորերի համար տեղ բացի: Իսկ հավաքած խաղալիքները բաժանում են կարիքավոր երեխաներին: 
 
Գուցե նաև սա է 10 ամսականում կյանքից հեռացած Ռաուլիտոյի հրաշագործությունը՝ խաղալիքներով ապահովել իր մերօրյա համաքաղաքացիներին: Չէ՞ որ այլապես ոչ մեկի մտքով չէր անցնի պարզապես խաղալիքներ գնել ու բաժանել դրանց մասին անհույս երազող մանուկներին: