Մեծահարուստ ամերիկացիները առնետավա՞զք են սկսել

esoreiter.ru պարբերականը պնդում է, թե ԱՄՆ-ի ամենահարուստ քաղաքացիները գիտեն մի բանը, ինչը մյուսներին հասու չէ: Վերջին ժամանակներս հսկայական կարողության տեր ամերիկացիները միանգամից սկսել են Նոր Զելանդիայում հող ու անշարժ գույք ձեռք բերել, իսկ որ ամենաուշագրավն է՝ այնտեղ կառուցում են գերարդիական պահեստարան-ռմբապաստարաններ:
 
Գաղտնագետները միանգամից առաջ են քաշել այն ենթադրությունը, թե հաստ քսակ ունեցողները մեծ արագությամբ նախապատրաստվում են ինչ-որ համընդհանուր աղետի: Խոսք կարող է լինել միջուկային պատերազմի, Երկրի վրա երկնաքարի անկման, խորհրդավոր Նիբիրուի մոտենալու, սարսափելի համաճարակի, արհեստական բանականության ապստամբության և նման այլ սարսափների մասին, որոնցից վերջին ժամանակներս գրում են և խոսում են գործնականում բոլոր տեսակի ԶԼՄ-ները:
 
Ամենայն հավանականությամբ՝ Նոր Զելանդիան ապահովված ամերիկացիներին հրապուրում է մեկուսացվածությամբ, որը տեսականորեն կարող է մարդկանց փրկել Աշխարհակործանման աղետից: Միայն թե հարուստների համար իրենց մտածածն իրականություն դարձնելն արդեն այնքան էլ հեշտ չէ, քանի որ ամերիկյան դրամների հսկայական ներհոսքը հանգեցրել է նրան, որ Նոր Զելանդիայի իշխանություները որոշել են օտարերկրացինեին արգելել՝ այնտեղ անշարժ գույք ձեռք բերել: 
 
- Կղզապետության կառավարությունը չի կարող թույլատրել, որ այստեղի բոլոր լավագույն վայրերը գնեն օտարները, և դա շատ ճիշտ մարտավարություն է,- ասում են այնտեղ:
 
Փաստն այն է, որ Սիլիկոնային հովտի նվազագույնը տասնյակ ձեռնարկատերեր ընթացիկ տարում արդեն Նոր Զելանդիայում հող են ձեռք բերել և այնտեղ հասցրել 150-տոննանոց պահեստարաններ՝ այդ գործը հանձնարարելով «Rising S Company» հայտնի ընկերությանը: 
 
Պարբերականը հեգնանքով նշում է, թե որևէ տեսակի աղետի դեպքում հարուստ կալիֆորնիացիները վայրկենապես կցատկեն իրենց սեփականն ինքնաթիռների մեջ և կուղղվեն Պոլինեզիա, որտեղ կարող են աղետը վերապրել գործնականում դրախտային պայմաններում: Նոր Զելանդիայում, ինչպես հայտնի է, ապրում է ընդամենը 4,8 մլն մարդ և վեցապատիկ ավելի ոչխարներ: Երկիրը փառաբանվել է իր հրաշագեղ ու մաքուր բնությամբ, ինչպես նաև ազատական քաղաքական գործիչներով: 
 
Միանգամայն հատկանշական են այն խոսքերը, որոնք լրագրողներին ասել է Նոր Զելանդիայի նախկին վարչապետ Ջոն Քեյը.
 
 - Մեր երկիրը Անտարկտիդայի ճանապարհի վերջին հանգրվանն է: Եթե աշխարհն սկսի անդունդի մեջ ընկղմվել, շատ մարդիկ վազելով այստեղ կգան, որպեսզի վտանգի պահին մեր հովվերգական դրախտում լինեն: 
 
Միայն թե մի՞թե այդ հովվերգական դրախտը համամոլորակային աղետի ժամանակ դրախտ էլ կմնա: Սա մի տրամաբանական հարց է, որը համացանցի շատ օգտատերերի մտքում է ծագել: Եվ նրանք հարց են տալիս՝ այդ «անվտանգության կղզին» իսկական դժոխք չի՞ դառնա նրանց համար, ովքեր կորոշեն Երկրի վրա տառապանքը երկարաձգել: Չէ՞ որ Երկիրը կարող է մեր խելացնոր քաղաքակրթության դեմ պարզապես ըմբոստանալ: