Արհեստական միսը աշխարհը դեպի լավը կփոխի

Մեծ Բրիտանիայի Ադամ Սմիթի անվան ինստիտուտի հետազոտողները արհեստական մսի առավելությունների մասին ուսումնասիրություն են արել, որը հեդվածի տեսքով հրապարակել է «Գոյապահպանական գիտություններ» (Environmental Sciences) հանդեսում: Այն մեծ արձագանք է գտել գործնականում ամբողջ աշխարհում, և դա ունի իր ծանրակշիռ պատճառները:
Այսպես, պաշտոնական գիտության տվյալներով՝ մարդը ուղղակի չի կարող գոյատևել առանց կենդանական սպիտակուցներ ընդունելու: Եվ ինչքան էլ բոլոր տեսակի ու ուղղությունների բուսակերները հակառակն ապացուցեն, փաստը մնում է փաստ՝ մարդն առայժմ պատրաստ չէ (ո՛չ ֆիզիկապես, ո՛չ էլ առավել ևս՝ հոգեպես) մսից հրաժարվել: Մեկնաբանելով վերը նշված հոդվածը՝ esoreiter.ru-ի հրապարակումը նկատում է, որ Ճիշտ է՝ այդ ուղղությամբ առաջընթաց կա: Եթե նկատի ունենանք, որ խոր հնադարում մարդը չէր խորշում մարդակերությունից (անգամ դրա մեջ հոռի ոչինչ չէր տեսնում), ապա այսօր նույնիսկ արգելում է որպես սնունդ օգտագործել մարդանման կապիկներին (Նոր Զելանդիա): Բայց նաև մեր օրերում հանուն մսի սպանվում են դելֆիններ (Դանիա, Ճապոնիա), շներ և շատ այլ կենդանիներ, որոնք իրենց մտավոր զարգացմամբ անգամ պրիմատներից առավել են:
Արդի անասնաբուծությունը մինչև 20% ջերմոցային գազերի պատճառ է դառնում, ինչը համամոլորակային տաքացման և ամբողջ երկրագնդի ծավալների բնապահպանական խնդիրներինի պատճառ է դառնում: Եվ այստեղ դեռ ներառած չէ այն հանգամանքը, որ հանուն անասնաբուծության՝ աշխարհում օգտագործվում է գյուղատնտեսական հանդավայրերի 90%-ը (Մեծ Բրիտանիայում՝ 99%-ը), որոնք քիմիական պարարտանյութերով մշակվում են՝ այդպիսով հսկայական վնաս հասցնելով բնությանը:
Հոդվածի հեղինակները համադրված (սինթեզված) միսը համարում են մարդկության փրկության ճանապարհը: Նրանց կարծիքով՝ դրան պետք է նայել թե՛ բարոյագիտության տեսանկյունից (անբարո բան է որպես սնունդ օգտագործել քեզ նման կենդանի արարածին), թե՛ ֆիզիկական (քանի որ օրեցօր ավելի բուռն զարգացող անասնաբուծությունը մեր մոլորակն ակնհայտորեն տանում է դեպի բնապահպանական աղետ):
Եվ ուրեմն ի՞նչն է խանգարում լուծում տալ այս հիմնախնդրին:
Մինչ այդ նշենք, որ հոդվածում մի շատ հուսադրող և կարելի է ասել՝ համարյա ֆանտաստիկ փաստ կա: Այսօր փորձարանից դուրս եկած մսի բրդուճը 8 ֆունտ ստեռլինգից ավելի չէ, մինչդեռ ընդամենը 5 տարի առաջ նույն քանակությամբ համադրված կենդանական սպիտակուցն արժեր 200 հազար ֆունտ ստեռլինգ: Դե պատկերացրեք՝ ինչ կլինի ևս 5 տարի անց:
Թվում է, թե կարելի է հաղթանակ տոնել՝ սա իսկական տեխնոլոգիական հեղափոխություն է: Միայն թե ամեն ինչ չէ, որ գիտնականների կարծածի չափ պարզ է: Իրականում մի շարք հիմնախնդիրներ են առաջանում:
• Նախ՝ դեռևս ստեղծված չէ գործարանային մսի բուն հյուսվածքը, առանց որի կենդանական արհեստական սպիտակուցը տեղափոխելը գործնականում անհնար է: Գիտնականները հույս ունեն, որ այդ խնդիրը մոտակա տարիներին կլուծվի:
• Երկրորդ՝ արհեստական մսի ստեղծման ծախսերը դեռևս չափազանց մեծ են և շատ էներգիա են պահանջում, իսկ էներգիայի ստացումը դարձյալ բնապահպանությանն է առնչվում:
• Վերջապես՝ դրա դեմ անպայման դուրս կգան աշխարհի գլխավոր «անասնատերերը», օրինակ ԱՄՆ-ը, Մոնղոլիան և այլն: Եվ հենց սա էլ կարող դառնալ տվյալ հարցի լուծման գլխավոր խոչընդոտը:
Ադամ Սմիթի ինստիտուտի գիտնականների հոդվածի գլխավոր հարցն այն է, որ գործարանային մսի շահույթը հսկայական է, ընդ որում՝ այդ օգուտը թե՛ տնտեսական է, թե՛ բարոյագիտական ու նաև՝ գեղագիտական: Այդ պատճառով էլ նրանք համոզված են, էր այն վաղ թե ուշ հայտնվելու է մթերային խանութների ու հանրախանութենրի դարակներին: Ուրիշ հարց է, թե դա որքան արագ ու անցնցում կկատարվի մեր հասարակության համար: Եվ այստեղ է, որ ամենատարբեր կարծիքներ ու կանխատեսումներ են առաջ գալիս: