Վթարից զոհված կինը Եդեմի այգուց հետ է եկել հանուն զավակների

Երևի չի գտնվի մի մարդ, ով գոնե մեկ անգամ մտածած չլինի, թե ինչ է մահը, և ինչ է կատարվում մարդու հետ դրանից հետո: Իսկ գիտնականները փորձում են դրա համար գիտական բացատրություններ գտնել: Նման ուսումնասիրությունների համար «ամենանպաստավոր» իրավիճակը մահամերձ մարդու ապրումներն ու ֆիզիոլոգիական բնութագիրն են, որոնք գիտնականները նաև հաճախ հրապարակում են:
 
Ամերիկացի հետազոտող բժիշկ Ջեֆրի Լոնգը մահամարձ մարդու ապրումներն ուսումնասիրող nderf.org կայքում վերջերս հրապարակել է մի շատ ուշագրավ դեպք: Նրա պատմության հերոս Լեսին ամուսնու հետ վթարի է ենթարկվել 2017թ. մայիսի 28-ին: Ամուսինն իսկույն մահացել է, իսկ երիտասարդ կինը բազմաթիվ ծանր վնասվածքներ է ստացել և հայտնվել մահվան ու կյանքի սահմանագծին: Այս մասին գրում է The Epoch Times-ը.
 
- Այս փորձն ինձ փոխեց,- պատմել է Լեսին՝ դժբախտ պատահարից հետո վերստին կյանք վերադառնալով:- Ես դարձա մարդկանց հանդեպ ավելի զգայուն, սկսեցի նրանց կարեկցել: Նրանց ցավն եմ զգում: Հիմա կյանքին այլ կերպ եմ նայում: Գերակայություններն են փոխվել:
 
Իր հետ պատահածի մասին Լեսին հետևյալն է պատմել.
 
- Ես ու ամուսինս մոտոցիկլով ընթանում էինք և վթարի ենթարկվեցինք: Մարմինս զարնվեց հողին: Հետո ես մարմնիցս դուրս եկա և հայտնվեցի փայփլող թունելում: Հասկացա, որ եթե մինչև վերջ գնամ՝ այլևս հետ չեմ դառնա: Վախ ու ցավ չկար: Զգում էի անսահման սեր և միաժամանակ կենտրոնանում էի պայքարի վրա, որպեսզի մինչև թունելի վերջը չգնամ: Գիտեի, որ երեխաներիս թողնել չեմ կարող, ամուսնուս էլ պետք է փրկեմ: 
 
Նայեցի թունելից ներքև՝ վթարի վայրին: Զգում էի, որ գնալով ինձ ավելի ուժեղ է դեպի առաջ ձգում: Թունելի վերջում լույս հայտնվեց, սակայն ես շարունակում էի դիմադրել: Այնուհետև շրջապատող իրավիճակը փոխվեց: Ես հայտնվեցի բարձր խոտերով մի  դաշտում: Կանաչ խոտը տատանվում էր, բայց քամի չկար: Ինձ տիրել էր հանգստության ուժեղ զգացում, կարծես ես մի հրաշալի դրախտում էի՝ Եդեմի այգում: 
 
Խոտերի վրայով ինձ ընդառաջ էր գալիս ամուսինս: Մենք նայեցինք իրար, և ես հասկացա՝ նա մահացել է: Դա հրաժեշտի պահ էր: Ամուսինս հասկացրեց, որ ինձ կսպասի, իսկ առայժմ հարկավոր է հոգ տանել մեր երեխաների համար: 
 
Հետո ես նորից հայտնվեցի հողի վրա, վերադարձա մարմինս և սոսկալի ցավեր զգացի: Չնայած վնասվածքներին՝ կանգնեցի և քայլեցի: Վախենում էի, թե ուղղակի կմեռնեմ, եթե այնտեղ պարզապես պառկեմ: Կոտրվել էին իմ ողնաշարի ճաղերից 9-ը, հենց ողնաշարս, երկու թիակներս, վնասվել էին  ծնկիս և բթամատիս հոդերը, պլևրան արյունով ու օդով էր լցվել (հեմոպնևմաթորաքս):
 
Մինչև գիտակցության գալը, կնոջ խոսքով, ինքն անհավատալիորեն խաղաղ ու ուրախ է եղել և իրեն ամբողջ աշխարհի հետ միասնական է զգացել: 
 
- Ժամանակը կանգ էր առել և իմաստը կորցրել: Մտքերս ընթանում էին արագ, և զգացմունքներս ավելի վառ էին, քան սովորաբար,- նկարագրել է Լեսին: 
 
Ջեֆրի Լոնգի հարցին, թե վթարից հետո նրա կյանքում ի՞նչ է փոխվել, Լեսին պատասխանել է:
 
- Մերձիմահ ապրումներն իմ կյանքը փոխեցին: Դրանք այնքան ուժեղ էին, որ դժվար է նկարագրել կամ հասկանալ, թե ինչ եմ տեսել ու զգացել այն ժամանակ: Ես հանկարծ տիեզերքի մասին ամեն ինչ իմացա: Մենք պարզապես անցնում ենք մեր ուղին, որպեսզի հավերժացնենք կյանքն ու սերը: Հասկացա, որ իմ առաքելությունը երեխաներին դաստիարակելն ու հնարավորինս երկար նրաց հետ լինելն է: Իմ ու ամուսնուս սերը մաքուր, ուժեղ ու հավերժական է: Ես նաև ավելի մոտեցա հոգևորին: Տարվել եմ մեդիտացիայով ու բուդդիզմով: