Ուրվականներ են տեսնում, անցյալ կյանքերը հիշում

ԲՐԻՏԱՆԱՑԻ ՄԱՅՐԻԿՆԵՐԸ՝ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԱՐՏԱՍՈՎՈՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

Բրիտանական Mumsnet կայքի օգտատերերը մայրիկներ են, ովքեր պատմում են իրենց երեխաների մասին: Մայրիկներից մեկի մտքով մի անգամ անցել է պատմել երկվորյակների ծննդին առնչվող մի տարօրինակ պատմություն, մյուսներն էլ ոգևորվելով՝ շարադրել են գերբնական պատմություններ իրենց երեխաների վերաբերյալ, որոնցից մի քանիսը  ներկայացրել է paranormal-news.ru-ն:
 
Քննարկման մեկնարկը եղել է մի երիտասարդ ուսուցչուհու պատմությունը, ով դպրոցում՝ տարօրինակ հանգամանքներում է իմացել նախ՝ գործընկերուհու, հետո՝ իր հղիության մասին:
 
- Ես աշխատում էի փոքրիկների խմբում: Այնտեղ Աֆրիկայից նոր էր տեղափոխված մի աղջնակ կար: Նա անգլերեն հազիվ էր խոսում, սակայն մի անգամ մոտեցել է գործընկերուհուս, ձեռքը դրել նրա փորին ու ասել՝ այստեղ երեխաներ կան: Նրա հայրն ինչ-որ ցեղի առաջնորդ էր, և այդ աղջիկը մի տեսակ որպես արքայադուստր էր ընկալվում: Քիչ անց գործընկերուհիս իմացել է, որ երկվորյակների է սպասում: Սակայն սա դեռևս պատմության ավարտը չէ: Մոտ 5 ամիս անց նույն աղջիկը ինձ ևս նույնն է ասել՝  այստեղ երեխաներ կան: Դրանից հետո իմացա, որ հղի եմ: Ճիշտ է՝ ոչ թե երկվորյակներով, այլ մեկ երեխայուվ: 
 
Հրապարակումը շատերի ուշադրությունն է գրավում, դրա տակ սկսում են բազմաթիվ գերբնական պատմություններ գրել ուրիշ մայրեր, որոնցից մի քանիսը այստեղ ներկայացնում ենք: 
 
«Մի անգամ գործընկերս աշխատավայր բերեց Չամ անունով իր 4-ամյա որդուն: Քիչ հետ տղան մոտեցավ մեր գործընկերներից մեկին և հարցրեց. 
 
- Դու տխուր ես այն պատճառով, որ ծառն այն մարդու վրա՞ է ընկել: 
 
Մի քանի տարի առաջ այդ մարդը կնոջն էր կորցրել հենց ընկած ծառի պատճառով: Ոչ ոք այդպես էլ չիմացավ՝ ինչպես է Չամն իմացել դրա մասին, քանի որ աշխատավայրում այդ մասին ոչ ոք չի իմացել, ոչ էլ երբևէ դա քննարկվել է»:
 
Մեկ այլ օգտատեր գրել է փոքրիկ աղջկա մասին, ով անսպասելիորեն փարվել է բազկաթոռին նստած իր պապիկի վզին և ասել, որ ինքը նրան միշտ հիշելու է: Մի քանի ժամ անց պապիկը, որ առողջությունից չէր դժգոհում, հանկարծամահ է եղել: 
 
Ահա ևս մի քանի պատմություններ.
 
«Երբ իմ Քոնոր որդին 3 տարեկան էր (հիմա նան արդեն 20 է), մի առավոտ նա արթնացավ և սկսեց պատմել իր երազը մի մեծ նավակի մասին, որտեղ շատ մարդիկ են եղել և որը հարյուրավոր տարիներ առաջ խորտակվել է Թեմզա գետում: Նա անհավատալի կերպով հիշեց բազմաթիվ մանրամասնություններ ու անուններ: Մենք սկսեցինք դրա մասին հիշատակություններ փնտրել ու գտանք: Երբ նրան հարցրինք, թե իրեն այդ մասին ով է պատմել, ասաց՝ գիշերը մեկը եկել է ու իրեն պատմել: 
 
Քոնորի հետ նման պատմություններ էլի են պատահել, սակայն դա շարունակվեց միայն 18 ամիս, իսկ երբ նա դարձավ 5 տարեկան, ասես ամեն ինչ միանգանից ընդհատվեց, և այլևս ոչ մի անսովոր բան մեզ չպատմեց»: 
 
 
«Իմ ավագ որդին երբ փոքրիկ էր, հաճախ ինձ պատմում էր իր կնոջ և երկու որդիների մասին: Նաև՝ գործարանում իր աշխատանքի մասին, որտեղ բեռնատարներ են արտադրել: Հետո պատմում էր,  թե ինչպես է ինքը աշխատանքից հետո  դարթ և այլ խաղեր խաղացել»
 
 
«Երբ որդիս երեք տարեկան էր, և ես նրա հետ մեր քաղաքի հեռու թաղամասում մի տան մոտով էի անցնում, նա հանկարծ սկսեց խոսել: Ասաց, որ այնտեղ ինքն ապրել է «իր մայրիկի հետ մինչ այն պահը, երբ սկսել է ապրել նոր մայրիկի հետ»: Հետո պատմեց,  թե նախկին մայրիկը եղել է չար ու իր վրա հաճախ է գոռացել, քանի որ ուզում էր, որ իր երեխան աղջիկ լիներ: Այդ ժամանակ ինքը ցանկացել է նոր մայրիկ ունենալ, և նրա ցանկությունը կատարվել է: Որդիս նաև նկարագրել է, թե այդ տունն ինչ տեսք ունի ներսից, և պարզվեց՝ ամեն ինչ հենց այդպես է: Իսկ ես համոզված եմ՝ դրանից առաջ մենք այնտեղ երբեք չենք եղել»: 
 
 
 «Դուստրս համարյա ծնված օրից հմայված էր մեր հին տանը գտնվող իր ննջարանի դատարկ անկյուններից մեկով: Տեսքից դա մի սովորական անկյուն էր:
 
Այնտեղ ոչ մի իր չկար, սակայն երեխան շատ հաճախ սևեռուն նայում էր: Երբ նա 2-3 տարեկան էր, մի անգամ մեզ տարավ այնտեղ և ասաց. «Նայիր՝ պատի մեջ մարդ կա»: Մենք վախեցանք, բայց սկզբում դրան նշանակություն չտվեցինք: Հետո, երբ արդեն 4 տարեկան էր, սկսեց այդ մարդու մասին ավելի շատ բաներ պատմել: Նա խոսում էր «պատի մեջ ապրող» մարդու մասին, «պատի մեջ ապրող կապույտ վերնաշապիկով» մարդու մասին, «մարդու մասին, ով այստեղից այնտեղ է քայլում» (և ձեռքով ցույց էր տալիս պատից առաստաղն ընկած տարածությունը): Իսկ երբ նա սկսեց ասել, որ այդ մարդն «ատամներ ունի», մենք որոշեցինք՝ ավելի լավ է հնարավորինս շուտ այստեղից տեղափոխվենք, և այդպես էլ արեցինք»: