Պահապան հրեշտա՞կ, թե՞ «բախտը բերեց»

Պահապան հրեշտակների գոյությունն առավել պերճախոս վկայում են ծայրահեղ իրավիճակներին առնչվող տեսահոլովակները, որոնք արդի պայմաններում նկարահանելը բարդ խնդիր չէ: Դրանցում երևում է, թե ինչպես է մարդն իր գլխին եկած աղետը ինչ-որ կերպ շրջանցում, ինչպես է հնար գտնում խուսափել: Ու նաև մտքեր է առաջացնում, թե առանց Վերին ուժերի զորության ոչինչ չէր ստացվի:
 
esoreiter.ru-ն ներկայացնում է երկու աղետալի իրավիճակ, որոնք այնքան բարեհաջող են ավարտվել, որ դժվար է երևակայել, թե առանց պահապան հրեշտակների օգնության  այնտեղ հայտնված մարդկանց կյանքը կփրկվեր:
Առաջինը վերաբերում է Հնդկաստանի Հիմաչալ-Պրադեշ նահանգի Համիրպուրի շրջանում կատարված դեպքին: Ներկայացվում է վտանգավոր մի վայր քաղաքային ճանապարհի վրա: Այնտեղ տրանսպորտի հոսքը կանգ է առել, քանի որ ճանապարհը պատնեշող լեռնազանգվածը փլուզվելու եզրին է: Մի մոտոցիկլավարի դա չի կանգնեցնում, նա որոշում է ցատկել այդ վտանգավոր տեղամասի վրայով: Եվ դա անում է հաջողությամբ: Նրան, ճիշտ է, մի քանի քար դիպչում է, սակայն եթե ծայրահեղ իրավիճակների այս սիրահարը մի քանի վայրկյան դանդաղեր, լեռան փլվածքը նրան ուղղակի իր տակ կթաղեր: 
 
Բայց պարզվում է՝ այդ պահին միայն նրա պահապան հրեշտակը չէ, որ արթուն է եղել: Առաջինի հետևից ցանկացել է ցատկել մեկ այլ մոտոցիկլավար ևս (ինչպես ասում են՝ վատ օրինակը վարակիչ է): Երևի այս երիտասարդի պահապան հրեշտակն էլ նրան դրդել է մի փոքր հապաղել և վտանգավոր տեղամասի առջև անվճռականորեն դադար առնել, ինչն էլ նրան փրկել է: 
 
Պարբերականի ներկայացրած երկրորդ իրավիճակն առաջացել է Արգենտինայում՝ ժայռոտ տեղանքով հոսող Պալկոմայո գետի ափին:  Այն պահին, երբ այս հորդահոս գետի ափը փլուզվում է՝ թողնելով սոսկ փլվելու պատրաստ մի նեղ անցուղի, այդտեղով մի խումբ տղաներ են անցնում: Նրանք փորձում են առաջ գնալ փլվածքի և ժայռի միջև մնացած նեղ հողաշերտով՝ աչքի առաջ ունենալով վախը, որ այդ ճանապարհը նույնպես շուտով կողողվի գետի ջրերով: 
 
Մի քանիսին դա հաջողվում է, բայց վայրկյաններ անց այդ հողաշերտն էլ է սուզվում ջրամբարի մեջ՝ այդպիսով խզելով տեղաբնակների ճանապարհը: Բայց ամենազարմանալին այն է, որ ոչ ոք չի տուժում՝ ո՛չ նրանք, ովքեր հազիվհազ հասցրել էին փլվաքծի վրայով ցատկել, ո՛չ նրանք, ովքեր միայն փորձում էին ու դեռ չէին հասցրել: Թեև գետի մեջ թափված հողաշերտը հսկայական էր, այնուամենայնիվ այնտեղ գտնվող մարդկանցից ոչ մեկի համար ճակատագրական պահ չի առաջանում: Կարծես նրանց բոլորին փորձանքից ազատում են Վերին ուժերը:
 
Իրոք, ամեն մարդու կյանքում էլ շատ են պատահում իրավիճակներ, որոնցից անփորձանք ազատվելը երբեմն զարմանալի է թվում: Մարդիկ շատ դեպքերում ասում են՝ «բախտը բերեց»: Գուցե բախտն ու պահապան հրեշտակը նույն բա՞նն են… 
 
Ուշագրավ է նաև այն, որ ըստ որոշ ենթադրությունների՝ երեխաները մինչև երեք տարեկանը կարողանում են տեսնել իրենց պահապան հրաշտակներին, սակայն մեծանալով՝ այդ եզակի հատկությունից զրկվում են: Ու քանի որ երեք տարեկանից առաջ երեխաները հիշողություններ չեն պահպանում, դրա համար էլ մարդիկ պահապան հրեշտակների գոյությունը ոչ թե տեսնում են, այլ միայն անգիտակցաբար փորձարկում, երբ ամեն անգամ բարեհաջող հաղթահարում են հերթական վտանգը: