Ժպիտի վարակիչ մեղեդին տիեզերքում տարածվում է վայրկենապես

«Ի սկազբանէ էր բանն» հանրահայտ խոսքը, կարելի է ասել, նոր հաստատում է ստանում: Հայերենում «բան» բառն այնքան բազմիմաստ է, որ դրա տակ շատ բան կարելի է հասկանալ՝ խոսք, բանականություն, իմաստ, ի վերջո՝ նաև ձայն: Անգամ համացանցում տարածված որոշ նյութերից կարելի է եզրակացնել, որ հենց տիեզերքում հնչող ձայնն է եղել աշխարհարարման առաջին ազդակը: Ճանաչողական գիտություններով զբաղվող ֆրանսիացի գիտնականների խումբն էլ, պարզվում է, որոշակի ուսումնասիրություններ իրականացնելուց հետո եզրակացրել է՝ այս աշխարհում ամեն ինչ ունի իր ձայնը (իր մեղեդին, իր կշռույթը): Մարդու ժպիտը բացառություն չէ:
 
dni24.com-ի փոխանցմամբ՝ դեռևս XIX դարում հետազոտողները եզրակացրել են, որ զգացմունքներն արտահայտվում են որոշակի դիմաշարժով, և փարիզցի վերոհիշյալ գիտնականները որոշել են դա ստուգել ժպիտի օրինակով: Նրանք պարզել են, որ ցանկացած մարդ, անգամ տեսողությունից զուրկը, շրջապատողների ժպիտին վայրկենապես է արձագանքում: Յուրաքանչյուր անհատ իր հետ շփվող մարդու ժպիտը ոչ միայն տեսնում է, այլև լսում: 
 
Ընդ որում «լսում է» ցանկացած ժպիտի բոլոր նրբերանգները, այսինքն հասկանում է, թե դիմացինի ժպիտը որքան է անկեղծ կամ  շինծու: Ասենք, մարդը հեռախոսով խոսելիս սկսում է ժպտալ: Պարզվում է՝ զրուցակիցը դրան անմիջապես արձագանքում է և մեծամասամբ նույնպես համակվում է նույն տրամադրությմբ, քանի որ ժպիտի «մեղեդին» վարակիչ է: 
 
Ուսումնասիրության հեղինակներից մեկը՝ ճանաչողական գիտնական Պաբլո Արիասը, սրան չհավատացողներին առաջարկում է հեռախոսազրույցի ժամանակ ժպտալ, ապա զրուցակցին հարցնել, թե նա ինչու է ժպտում: Գիտնականը համոզված է՝ տվյալ զրուցակիցն անպայման կզարմանա, թե լսափողով իր հետ զրուցողը դա ինչպե՞ս հասկացավ: Սակայն այդտեղ զարմանալու ոչինչ չկա, քանի որ մարդիկ ուղղակի «լսում են» ժպիտը, իսկ ավելի ճիշտ կլինի ասել՝ որսում են դրա ռիթմը, որը վայրկենապես հաղորդվում է ցանկացած տարարածության վրա: 
 
Ֆրանսիացի գիտնականներն այս երևույթը բացահայտել են, սակայն դրա բուն պատճառը նրանց համար դեռևս հանելուկ է: Նրանք կասկած չունեն, որ այս երևույթի ուսումնասիրությունը կարող է օգնել՝ բարելավելու համակարգչային խոսքը, հասկանալու, թե ինչու աուտիզմով տառապող հիվանդները միշտ չէ, որ ճիշտ են մեկնաբանում շրջապատողների հույզերը և այլն: Իսկ ընդհանրապես մարդկության համար պարբերականն այս բացահայտման կարևոր դերը համարում այն գիտակցությունը, որ ժպիտը, մանավանդ եթե այն անկեղծ է, ոչ միայն հաղորդվում ու վարակում է շրջապատողներին, այլև անգամ բուժիչ հատկություն ունի: Սա էլ պնդում է մարդու ինքնավերականգնման ռուսական ինստիտուտի ղեկավար  գրող Մ. Նորբեկովը: 
Հաճախակի ժպտալը խրախուսվում է, քանի որ դա կարող է տվյալ անհատի առողջության գրավականը լինել, բայց ամենակարևորը՝ նա ժպիտով կմաքրի իր շուրջը եղած տարածությունը, որը գործնականում ամբողջ տիեզերքն է: Չէ՞ որ ֆրանսիացի գիտնականներն ապացուցել են՝ ժպիտի մեղեդին վայկենապես հաղորդվում է ցանկացած հեռավորության վրա: 
 
Դե, իսկ եթե ժպիտն իր մեղեդին ունի ու տիեզերքով մեկ տարածվում է վայրկենապես, կարելի է եզրակացնել, որ դժգոհությունն ու ատելությունն էլ նույնքան հզոր ու հեռահար են:  Այլապես տիեզերքն ամբոջովին ժպիտով համակելու և մաքրելու համար հենց միայն կյանքի դժվարությունները չճաշակած մանկանց ժպտները բավական կլինեին