Ինչո՞ւ հատկապես կովերը

ԵԿՎՈՐՆԵՐԸ ՈՉՆՉԱՑՐԵԼ ԵՆ ԱՐԳԵՆՏԻՆԱՑԻ ԱԳԱՐԱԿԱՏԻՐՈՋ ՆԱԽԻՐԸ

Արգենտինայի Սանտա-Ֆո գավառից ագարակապան Նորբերտո Բիերին ապշել է, երբ օրերս իր բոլոր կովերին գտել է այլանդակված ու սպանված:
 
Տեղի ոստիկանների խոսքով՝ այդ հանելուկային գործողություններն իրականացվել են վիրաբուժական ամենաբարձր ճշգրտությամբ: Ավելին, ըստ էության վիրահատական գործողություններ են կատարվել ոչ թե նշտարով, այլ մի գործիքով, որն ավելի շատ լազեր է հիշեցնում: Այդ մասին են վկկայում կտրվածքների եզրերին առկա այրվածքները: Իսկ տեղանքի հողի վրա ոչ մի կաթիլ արյուն չի հայտնաբերվել:
 
Ոչ մի կերպ չկարողանալով այդ գազանությունների մղավորներին գտնել՝ իրավապահները հարկադրված են գործը շուտով փակել: Իսկ ահա ագարակապան Բիերին հավատացած է, թե շատ լավ գիտի՝ ով է կործանել իր նախիրը: Նա համոզված է, որ ամեն ինչում մեղավորը արտերկրյա քաղաքակրթության ներկայացուցիչներն են, որոնք գիտափորձեր են անում երկրի կենդանի մարմինների վրա (հաղորդում է Süddeutsche Zeitung պարբերականը):
 
Միայն թե սա Արգենտինայում բնավ էլ առաջին նման դեպքը չէ: Հարավամերիկյան այս պետության տարբեր գավառներում մշտապես կովեր են կորչում: Շատ է եղել, որ դրանց մարմինները գտնում են այլակերպված, այն էլ՝ միշտ նույն միջոցով, ինչպես նկարագրված դեպքում է: 
 
Ոստիկանները միայն ձեռքերն են թափահարում: Առաջ նրանք ենթադրում էին, թե կովերին հոշոտում են գիշատիչները, առնետները կամ անգամ գիշակեր մանրէները: Սակայն երբ կարգի պահապանները բացահայտեցին, որ հյուսվածքները հեռացվել են նախանձելի ճշգրտությամբ, այն էլ՝ լազերային հերձադանակով, ոստիկանները պարզապես հրաժարվեցին հետաքննությունից: Լավագույն դեպքում, այդ գործով պետք է հետապնդել գիտնականների (ովքեր ավելի հավանական է՝ ծառայում են ռազմական գերատեսչություններում և հնարավորություն ունեն գերարդիական փորձարարական բժշկական տեխնիկա կիրառել), վատագույն դեպքում՝ այլմոլորակայինների: Ոստիկանության իրավասությունից նրանք բոլորն էլ դուրս են: Պարզ է՝ դուրս են նաև նրա հանրավորություններից…
 
Իսկ Նորբերտո Բիերիի ցուցմունքում նշված է՝ կովերի դիակները գտնելու նախորդող գիշերը նա իր ագարակի վերևում՝ երկնքում, խորհրդավոր կապտավուն կրակներ է նկատել: Կողմնակի, բայցևայնպես ապացույն այն բանի, թե դա ով կարող էր արած լինել: 
ԽՍՀՄ փլուզման տարիներին, երբ «երկաթե վարագույրի» մեջ արդեն մի հսկայական ճեղք էր բացվել, այլմոլորակայինների մասին բազմաթիվ հրապարակումներ էին լինում:
 
Դրանցից մեկը նկարագրում էր ինչ-որ դաշտում հայտանաբերված համարյա 600 սպանված կովի և նրանց հեռացված օրգանների սահմռկեցուցիչ մի տեսարան: Դա երեք տասնամյակ առաջ էր ու վերագրվում էր հենց այլմոլորակայիններին: Իսկ գուցե բանալին հենց այդտեղ է՝ ինչու հատկապես կովերը: Չէ՞ որ Երկրի վրա բազմաթիվ այլ կենդանատեսակներ կան, որոնց նկատմամբ նման սպանդ առայժմ չի նկատվել: