Գերմանացի զոհված զինվորի շնորհակալությունը իտալաբնակ աղջնակին

Ասում են՝ պատերազմների ժամանակ մեծ քանակությամբ բացասական էներգիա է հորդում: Մարդկանց համատարած տառապանքները, ավերածություններն ու մահերը, հնարավոր է՝ նաև պատճառ են դառնում այնպիսի զարմանալի երևույթների, որոնց համար պաշտոնական գիտությունն այսօր բացատրություններ չունի: Դրանք, սակայն, հաճախ տպավորվում են մասնակիցների հիշողություններում, որպեսզի մի օր, որպես ուշագրավ եղելություն, հանձնվեն հանրության դատին: Նման մի պատմություն վերջերս շեղումային երևույթների «Darkness Radio» կայքում շարադրել է Նիկ Գրոմանա անունով կինը՝ հաղորդելով իր մայրիկի հետ պատահածը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին:
 
- Ծնողներս Երկրորդ աշխարհամարտի ժամանակ ապրել են Իտալիայում: Նրանց մանկության տարիներին սնահավատությունն ու գերբնական երևույթների նկատմամբ հավատը մեծ դեր է ունեցել: Պատերազմի սկզբին նրանք 7 տարեկան են եղել, իսկ վերջում՝ 12: Ծանր ժամանակներ են եղել: Քաղցը, զրկանքներն ու մահը նրանց մշտական ուղեկիցներն են եղել: Պատերազմից հետո ծնողներս հայտնվել են ԱՄՆ-ում: Մայրս միշտ էլ սիրել է ուրվականների մասին տարբեր պատմություններ կարդալ: 
 
Երբ մարտերը նրանց շրջանին շատ են մոտեցել, նրանց գյուղում մերթ գերմանական զինվորներ են հայտնվել, մերթ՝ ամերիկյան: Մի անգամ գերմանական գումարտակը հասնում է Մոնտորո մերձքաղաքային գյուղին և սկսում է տարհանել քաղաքացիական անձանց: Փոքրիկ կայազորն իր համար շտաբ է ընտրում մորս տունը: Մի գեղեցկադեմ գերնանացի՝ կապուտաչյա ու շիկահեր, սկսում է երեխաներին կոնֆետներ բաժանել և նրանց ցույց է տալիս իր մեդալներն ու այլ անձնական իրեր: 
 
Իր ձեռքի հին ժամացույցի մասին նա ասում է, որ դա իր պապինն է եղել, և նա այն կրել է Առաջին համաշխարհայինի ճակատամարտերի ժամանակ: Իբր, այդ ժամացույցը կախարդական զորություն ունի և փրկել է պապի կյանքը: Հիմա էլ պատերազմ գնացած թոռանն է տվել, որպեսզի նրան պաշտպանի: 
 
Մի անգամ բնակիչներին գյուղից հանում են, որից անիջապես հետո մարտեր են սկսվում: Երկու օր անց նրանց հաղորդում են, որ վտանգն անցած է, և բոլորը կարող են իրենց տները վերադառնալ և փորձել գտնել իրանց պատկանող այն ամենը, ինչ անվնաս է մնացել: Մայրիկիս ընտանիքը գալիս է ավերված տուն: Դաշտում գտնում են մառանի դուռը, որով ինչ որ բան էին ծածկել: Իսկ երբ մի քանի երեխա դուռը բարձրացնում են, տեսնում են՝ դրա տակ երեք սպանված գերմանացիներ են: Մայրս անասելի ցնցում է ապրում, երբ տեսնում է, որ նրանցից մեկն այն գեղեցիկ շիկահերն է՝ մեռած է ու մեկ ոտքը կտրված: Իսկ  թանկարժեք հին ժամացույցը դաստակին է:
 
Զոհված զինվորի անձնական իրը վերցնելը, իհարկե, սրբապղծություն է: Սակայն գյուղում  ուտելիքը շատ քիչ է եղել, իսկ այդ թանկարժեք ժամացույցը հնարավոր կլիներ փոխանակել մթերքի հետ: Սակայն ոչ մեկն այդ ժամացույցը չի վերցրել: Երեխաներն ուղղակի դիակները նորից ծածկել են դռնով: 
 
Հետո ընտանիքը անվնաս մնացած իրերը հավաքել է և ավելի անվտանգ վայր տեղափոխվել: Կես ճանապաճհին մայրս զգացել է, որ իրենց հետևից մարդիկ են գալիս և մտածել է, թե իրենց նման փախստականներ են: Երբ մոտեցել են, մայրս շրջվել է, որպեսզի ողջունի: Բայց զարմանքով տեսել է, որ դրանք ոչ թե փախստականներ են, այլ գերմանական համազգեստով երեք զինվոր: Նրանք շատ անսովոր տեսք են ունեցել, որովհետև կիսով չափ թափանցիկ են եղել:
 
Մայրս ուղղակի ապշել է՝ նկատելով, որ նրանցից մեկը ոչ այլ ոք է, քան այն գեղեցկադեմ շիկահերը: Երեքն էլ մոտեցել են, ապա շիկահերը հետ է նայել, լայնորեն ժպտացել և պարզ արտասանել՝ Grazie (իտալերեն՝ շնորհակալություն):
Հետո երեքն էլ ճանապարհը շարունակել են և դանդաղ անհետացել: Երբ ապշած մայրս խոսելու ձիրքը վերստացել է, ընտանիքի անդամներին հարցրել է, թե զինվորներին տեսա՞ն: Նրանք ոչինչ չեն ասել: 
 
Մայրս հետո դարձյալ տարօրինակ շատ բաներ է տեսել, որոնք բացատրել չի կարողացել: Շուրջը շատ մահեր, ավերածություններ ու տառապանք են եղել, և ես ենթադրում եմ, որ դա իրականության վրա ինչ-որ կերպ ներգործել է:
 
Գուցե կարելի է պատերազմի արհավիրքների մեջ ապրող աղջնակի այս հիշողությունները վերագրել բորբոքված երևակայությանը, վախի ու զրկանքների մթնոլորտում մի գեղեցիկ պահ ստեղծելու ցանկությանը, ո՞վ իմանա: Քանի դեռ գիտությունը նման բաների համար հիմնավորված բացատրություն չունի, մարդիկ շարունակելու են դրանք մեկնաբանել այնպես, ինչպես կթելադրեն իրենց գիտելիքների մակարդակն ու զգացմունքայնությունը: