Երկրի եղանակային պայմանները գնալով վատթարանում են

Գերմանանկան Süddeutsche Zeitung-ն ընդարձակ հոդվածով անդրադարձել է մեր մոլորակի վրա տեղի ունեցող եղանակային փոփոխություններին և ահազանգում է՝ տարբեր հետազոտություններ ցույց են տալիս, որ վերջին տարիներին համաշխարհային ջերմաստիճանը բարձրացել է, իսկ օվկիանոսների ջրի մակարդակն անընդհատ ավելանում է:
 
Այս տարվա հուլիսին աշխարհում շոգի 118 ռեկորդ է գրանցվել: Անհանգստության պատճառ են նաև եղանակային ծայրահեղ երևույթները: Աշխարհի որոշ շրջաններում չորայնություն է տիրում, իսկ ուրիշներում բուռն թափ են առնում փոթորիկները: Համաշխարհային եղանակային պայմանները շատ արագ են  վատթարանում: Այն ժամանակներից սկսած, ինչ մարդիկ սկսել են պարբերաբար չափել շրջակայքի ջերմաստիճանը, անցած տարին եղել է ամենատաքը:
 
Օվկիանոսային և մթնոլորտային հետազոտությունների NOAA ազգային վարչությունն օրերս հրապարակել է մոլորակի անցած տարիների եղանակային պայմանների ծավալուն վերլուծությունը: Ամերիկացի հետազոտողները միակարծիք են, որ համընդհանուր տաքացումը դարձել է վառ արտահայտված: Օրինակ, 2014-2017թթ. ամենաշոգն են եղել, իսկ այս տարի համաշխարհային ջերմաստիճանը բարձրացել է 2017թ. համեմատությամբ: 2017թ. միջին ջերմաստիճանը 0,43 աստիճանով ավելացել է 1982-2010թթ. համենատությամբ: Օվկիանոսներն ավելի տաք են դարձել, քան երբևէ և մթնոլորտից ավելի ու ավելի շատ ջերմություն են կլանում: 
 
Բարձր ջերմաստիճանը վտանգավոր է նաև կորալային խութերի համար: Դրանք վերջին 3 տարում հատկապես են տուժում օվկիանոսային կորալների աննախադեպ զանգվածային մահվան պատճառով: Համաշխարհային օվկիանոսի մակարդակն արդեն 7,7 սմ-ով գերազանցում է 25-ամյա վաղեմության ցուցանիշը: Երկրի բոլոր սառցադաշտերն արդեն 38 անգամ զանգված են կորցրել: 
 
Ամերիկյան հոտազոտողները հատուկ ուշադրություն են դարձրել Հյուսիսային բևեռաշրջանի իրավիճակին: Արկտիկայում հիմա երկու անգամ ավելի արագ է տաքանում, քան բարեխառն գոտում: Այդ տարածաշրջանի որոշ ծայրամասային ծովեր, ինչպիսին է, օրինակ, Բարենցի ծովը, 2017թ. բազմամյա միջին ցուցանիշից 3-4 աստիճանով ավելի են տաքացել: 
 
Ալյասկայի հյուսիսում նույնպես ջերմաստիճանը հասել է ռեկորդային նիշի: Այս ամենին զուգընթաց՝ բարձր ջերմաստիճանը մեծացնում է անտառային հրդեհների վտանգը. միայն Ալյասկայի հյուսիս-արևելքում անցած տարի այրվել է 410 հազար հա անտառ: Գերմանական լրատվամիջոցի համեմատությամբ՝ դա մոտավորապես չորս անգամ ընդարձակ է Բեռլինի տարածքից:
 
Անհանգստություն  են հարուցում նաև փոթորիկները: «Հարվի» փոթորիկը ռեկորդային քանակի տեղումների պատճառ է դարձել Թեքսասում ու Լուիզիանայում, իսկ «Մարիա» փոթորիկն ամայացրել է Կարիբյան ծովափերը: Ընդհանուր առմամբ,  «փոթորիկների վերջին շրջանը» շատ ավելի բուռն է եղել, քան սովորաբար լինում է: 
 
Մերձավոր Արևելքը, ընդհակառակը, հայտնվել է երաշտի պայմաններում: Լիբանանի, Սիրայի և Իսրայելի տարբեր հատվածներում անձրև ընդհանրապես չի եկել: Իսկ ահա Եվրոպայում 2017-ը հինգ ամենատաք տարիներից մեկն է եղել: 
 
NOAA ազգային վարչության հաշվետվությունը հաստատվում է 2017թ. կլիմայի քննության տվյալներով, որը մարտին հրապարակել է Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը: Այդ հետազոտության համաձայն՝ անցած տարվա համաշխարհային միջին ջերմաստիճանը 1 աստիճանով գերազանցել է ենթադրելի մակարդակը: Տարբեր հետազորություններ նման ցուցանիշներ են արձանագրում նաև այն հանգամանքում, որ բոլոր 5 ամենատաք ամառներն ընկնում են 2005թ. հետո, և այդ միտումը կարող է շարունակվել:
 
Գերմանիայում 2018թ. ամառը կարող է գերազանցել անգամ 2003թ. շոգը: Որոշ մարզերում գործնականում անձրև չի եկել ապրիլից հետո, իսկ ագարակատերերը վախենում են բերքի կորստից: 
 
Süddeutsche Zeitun-ը նշում է, որ 2018թ, ամառվա կեսի շոգից տուժում է ոչ միայն Գերմանիան: Նշվում են Կալիֆորնիայի և Կանադայի հարավային հատվածները, Սկանդինավիան և Մերձավոր Արևելքը: Ընդդգծվում է, որ անգամ Ռուսաստանի հյուսիսային ծովափերին ջերմաստիճանը գերազանցել է 30 աստիճանը: 
 
Ու մինչ եղանակաբաններն ու օդերևութաբաններն ահազանգ են հնչեցնում, մարդկությունը շարունակում է վարել մի ապրելակերպ, որն ավելի է սրում արդեն եղած խնդիրները: