Google քարտեզներում Անտարկտիդայի պատկերը լղոզելով` ի՞նչ են թաքցնում «այս աշխարհի հզորները»

Չի բացառվում, որ «այս աշխարհի հզորները» հարվբևեռային մայրցամաքում շատ ավելի վտանգավոր բան են թաքցնում, քան ճշմարտությունն է մեր մոլորակի անցյալի մասին: Իսկ եթե այնտեղ ռազմական հենակետե՞ր են կառուցում և փորձում մարդկության վզին մի սարսափելի պատերա՞զմ փաթաթել: Այն պետությունները, որոնք չեն վարանում անկյանք թվացող տիեզերում զենք տեղադրել, մի՞թե չեն փորձի օգտագործել մոլորակի ամայի անկյունները: Անտարկտիդայում չէ՞ որ կյանքին անհրաժեշտ գոնե երկու պայման առկա է՝ շնչելու օդը և խմելու ջուրը:

Դեռևս մինչև վերջերս Google-ի քարտեզները հնարավորություն էին տալիս Անտարկտիդան զննել նույնքան մանրամասն, որքան մեծ քաղաքների փողոցները: Դա բազմաթիվ գաղտնագետների և վիրտուալ հնագիտությամբ խանդավառված անհատների հնարավորություն էր տալիս հարավբևեռային մայրցամաքի մակերևույթն ուսումնասիրել` դրա վրա որոնելով արհեստածին շինություններ և տարբեր գտածոներ: Այժմ արդեն սառցե մայրցամաքի փոխարեն Google արբանյակային նկարներում միայն հսկայական սպիտակ շրջան է երևում (տեղեկացնում է evmenov37.ru-ն):

Դա նկատելով` դավադրության տեսության կողմնակիցներն իսկույն հայտարարեցին, թե ամերիկացիները փորձում են համաշխարհային հանրության աչքերից թաքցնել ինչ-որ կարևոր բան, որը ծածկված է Անտարկտիդայի սառույցների ներքո: Գաղտնագետներն անգամ կռահումներ են անում, թե դա ինչ կարող է լինել:

Վերջերս վիրտուալ հնագետները վեցերորդ մայրցամաքում զարմանքով նկատել էին կատարալապես հավասար նիստերով քառանկյուն բուրգ, որը սակայն այնքան էլ աղմուկ չբարձրացրեց: Ակնհայտ է, որ բնությունը չէր կարող սովորական ժայռերից երկրաչափորեն այդքան ճիշտ մարմին ստանալ:

Հետազոտողներն անգամ մտադրվել էին դեպի այնտեղ արշավախումբ հանդերձավորել, սակայն այժմ նման քայլից վախենում են: Եթե այս աշխարհի հզորները որոշել են առեղծվածային կառույցը թաքցնել համացանցի օգտատերերից, ապա առավել ևս թույլ չեն տա, որ ինչ-որ մեկը բուրգն անմիջականորեն  ուսումնասիրի: Մնում է միայն գուշակել, թե դա ինչ է, և ով է այն կանգնեցրել Անտարկտիդայում: Համացանցի օգտատերերը խոսում են գերմանացի նացիստների, այլմոլորակայինների, հին քաղաքակրթությունների ներկայացուցիչների մասին, և այլն, և այլն:

Ի դեպ, Անտարկտիդան պատկերող Google-ի քարտեզների վրա հնարավոր է եղել նաև շատ այլ խորհրդավոր բաներ նկատել: «Ավանգարդն» իր ընթերցողներին ներկայացրել է, օրինակ, հին ճանապարհի պատկերը, որտեղ նաև կամուրջ է երևում:

Համացանցում հնարավոր է եղել տեսնել նաև հսկայական սանդուղք, մուտք դեպի ինչ-որ բունկեր կամ այլմոլորակայինների հենակետ, կիսահալ «թռչող ափսե» և այլն: Պետք է ենթադրել, որ սառցե մայրցամաքում ընթացող բուռն հալոցքը գնալով ավելի շատ բան է բացում ամենաքիչ ուսումնասիրված այս մայրցամաքի մակերևույթին: Եվ ահա ի հայտ են գալիս այն գտածոները, որոնք կարծես հերքում են տեսությունը, թե իբր բազմամիլիոն տարիներ շարունակ այդ վայրը կյանքից զուրկ է եղել: Պաշտոնական գիտությունը միչև օրս էլ դա է պնդում, դրա համար էլ աշխարհի հզորները վախենում են ճշմարտության բացահայտումից և անհեթեթ ճիգերով փորձում են այն ծածկել հասարակությունից (եզրակացնում է պարբերականը):