Սատանայապաշտներն աշխուժանո՞ւմ են

Այլևս անհաշվելի են մեր մոլորակի վրա գործող կրոններն ու աղանդները: Դրանք բոլորը մարդկանց պաշտամունք ու ապրելակերպ են թելադրում և ուղղորդում նրանց գործողությունները: Դրանց թվում կան այնպիսիները, որոնք մարդուն ակնհայտորեն  մղում են չարիք գործելու կա՛մ իր, կա՛մ ուրիշ անձանց, անգամ ամբողջ հասարակությունների դեմ:
 
Սատանայապաշտների անունն իսկ սարսուռ է պատճառում, այնինչ նրանք տաճար են բացում և անթաքույց քարոզում են իրենց համոզմունքները:
 
Ահավասիկ, Կոլումբիայում բացված «Templo Luciferino Semillas de Luz» (թարգմաբնաբար՝ Լյուցիֆերի լույսի սերմերի տաճար) պաշտամունքային կառույցում կարելի է տասնել շրջված խաչեր և Լյուցիֆերի կերպարանքի խորհրդանշաններ, որոնք ավանդաբար ներկայացվում են այծագլուխ մարդկային իրանի ու ոտքերի տեսքով: Այն գտնվում է Կիմբայայում՝ մայրաքաղաք Բոգոտայից 300 կմ հեռավորությամբ (տեղեկացնում helpcenter24.ru կայքը):
 
Թեև «եկեղեցին» բաց է ոչ բոլորի համար, բայց 40-ամյա կոլումբիացի սրբազնագետ (օկուլտիստ) ու սատանայապաշտ Վիկտոր Դամին Ռազոն՝ տվյալ հիմնարկության տնօրենը, արդեն ընդունել է տեղական մի քանի լրագրողների: Կոլումբիայում բուռն վեճերի տեղիք է տվել այն նորությունը, որ իրենց երկրում տաճար է կառուցվել սատանային երկրպագելու համար: Կրոնասեր մարդիկ մերժում և անօրինական են համարում աղանդը: 
 
Մամուլին Ռազոն հայտարարել է, թե իր կրոնը չի պահանջում ո՛չ կենդանիների, ո՛չ էլ որևէ այլ բանի զոհաբերություն, «պարզապես» իր համայնքը երկրպագում է «լույսի հրեշտակ» Լյուցիֆերին, որին Դրախտից արտաքսել են Աստծո դեմ դուրս գալու պատճառով: Իսկ սատանայապաշտներն Աստծուն համարում են «Մեծ բռնակալ»:
 
Պայմանագիր դևի հետ
 
Լյուցիֆերական տաճարի պաշտոնական էջում Ռազոն տեղական տեսագովազդներ է հրապարակել: Դրանցից մեկում նա ցուցադրվում է արարողություն, որին մասնակցում է երկար սև թիկնոցներով 11 տղամարդ: Նրանք հայտնվում են, որպեսզի երդում ընդունեն: Նույն կերպ իր կայքում սատանայապաշտը բացատրում է, թե ինչպես պետք է հոգին սատանային հանձնել: Ու նաև երաշխավորում է, թե հարստացել է վերջինիս հետ կնքած պայմանագրի շնորհիվ. մի բան, որը տեղի է ունեցել ևս 2000 հետևորդների հետ: Ռազոյի խոոսքով՝ տաճարի հիմնադրմանը մասնակցել է աշխարհի տարբեր ծագերում ապրող 1 մլն անդամ: Այնուհետև ճշտում է, որ չնայած դևի հետ դաշինքը կնքվում է ընդմիշտ, սակայն մարդը կարող է «բնականոն» կյանք վարել և անգամ մասնակցել այլ կրոնների արարողություններին, օրինակ հարսանիքի և կնունքի: Չէ՞ որ միևնույն է՝ պայմանագիր կնքելով՝ նա արդեն սահմանել է, թե ով է իր աստվածը: 
 
Նորահայտ տաճարը, որի պահպանման ծախսերը հոգացվում է հավատացյալների կամավոր վճարումների հաշվին, ծրագրում է անցկացնել համաշխարհային համաժողով և հույս ունի Լյուցիֆերի 300 երկրպագու հավաքել: 
 
Իրականում ո՞վ է Լյուցիֆերը
 
Աստվածաշունչն ասում է, որ Լյուցիֆերը եղել է հրեշտակ, ով Ադամի ու Եվայի նման շրջել է Եդեմի այգում: Նա եղել է կատարելության խորհրդանիշ՝ լեցուն իմաստությամբ ու գեղեցկությամբ (Եզեկիել 28:13): Նրա հագուստին եղել են երբևէ գոյություն ունեցած ամենաթանկարժեք քարերը: «Դու օծյալ քերովբե էիր, որպեսզի լույս արձակեիր, և ես քեզ դրա համար ձեռնադրեցի: Դու, լուսապայծառ քերովբե,  Աստծո Սուրբ լեռան վրա էիր» (Եզեկիել 28:14): 
 
Չնայած իր կատարելությանը՝ մի անգամ Լյուցիֆերը նախանձում է Աստծո փառքին և որոշում է դառնալ նրա նման (Եզեկիել 28: 17-18): Արտաքսված լինելով Դրախտից՝ նա ծրագրում է ոչնչացնել Աստծո ամբողջ արարչագործությունը: Դրա համար էլ նա համարվում է «մի ողջ աշխարհի գայթակղիչ» (Հայտնություն, 12:9)՝ պատրաստ խաբելու մարդկանց: «Եվ զարմանալի չէ, քանի որ  սատանան ինքը ընդունում է Հրեշտակային լույսի տեսք»,-ասում Աստվածաշունչը (2-Կորնթացիներ 11:14).
Այնպես որ՝ սուտ խոստումներից խաբվել չարժե: Կա միայն մեկ ուղի. «Հիսուսը նրան ասաց՝ ես եմ ճանապարհը ճշմարտության և կյանքի: Ոչ ոք չի հասնի Հայր աստծուն, այլ միայն իմ միջոցով» (Ավետարան ըստ Հովհաննեսի 14:6):
 
Մերժելի այս աղանդի մասին ուշագրավ տեղեկություններ է հաղորդում Fishki.net պարբերականը: Երբ ինչ-որ մեկին սատանայապաշտ են կոչում, մեծամասնությունը դա ընկալում է որպես սովորական հանդիմանություն: Քչերն են տեղյակ, որ սատանայապաշտությունն իրականում գոյություն ունեցող  դավանանք է: Սատանայի եկեղեցին հիմնադրել է մի տարաշխարհիկ ու մռայլ մարդ՝ Անտոն Շանդոր ԼաՎեյը: Այն ունի կառավարման սեփական համակարգը, ծեսերը, սուրբ գրքերը և ի տարբերություն ոչ պակաս մերժելի շատ այլ աղանդների՝ ԱՄՆ օրենքներով պաշտոնապես կրոն է ճանաչված: Եվ սա դեռ ամենաուշագրավը չէ: 
 
Իրականում սատանայապաշտները Սատանային չեն երկրպագում: Ավելի ճիշտ կլինի նրանց համարել աթեիստներ՝ աստվածամերժներ: Նրանք համարում են, որ Տիեզերքը մարդու հանդեպ միանգամայն անտարբեր է: Նրանք սատանային կատարյալ են համարում որպես հպարտության և անհատականության նմուշ, բայց չեն հավատում, թե մարմնացյալ սատանա գոյություն ունի: 
 
Դրանից բացի, նրանք բարոյականությունն ու վարվելակարգը համարում են մարդկության հիմար հորինվածքը: Եսակենտրոնությունն է նրանց գաղափարը: Ըստ նրանց՝ ամեն մարդ պետք է հոգ տանի լոկ իր մասին, քանի որ ամեն մարդ ինքն է իր սեփական Տիեզերքի կենտրոնը, նրա մեջ չկա ոչինչ աստվածային և առհասարակ գերբնական: Իրենց կանխադրույթներում նրանք աներկիմաստ պնդում են, որ գերբնական էակների գոյությանը չեն հավատում: 
 
Պատադոքս է, սակայն գրողապաշտները ոչ մի սատանայի գոյությանը չեն հավատում: Սատանայի եկեղեցին վաղուց իջել էր թերթերի առաջին էջերից՝ վերածվելով լոկ Կալիֆորնայի արտասովոր երևույթներից մեկին, սակայն 2011թ. սատանայապաշտները նորից իրենց վրա ուշադրություն հրավիրեցին: 
 
Սթենտոն ԼաՎեյը՝ Անտոն ԼաՎեյի թոռը, և նրա ընկերուհի Միշել Նայսլին, ապրելով Կալիֆորնիայի Սան Հոակին Վելլիում, մեղադրվել են 19-ամյա աղջկա նկատմամբ անառակաբարո արարքների համար: Նրանք աղջկան տուն են կանչել՝ մարիխուանա ծխելու, որից հետո արգելել են հեռանալ: Սթենտոնն ու Միշելն աղջկան կապել են՝ սկոչի ժապավենով փակելով բերանն ու կապելով դաստակները: Աղջկան սեռական բռնության են ենթարկել՝ հարկադրելով պոռնկագրություն նայել: Այնուհետև գիշերվա ժամը 3-ին տնից վռնդել են: Հաջորդ օրն աղջիկը ոստիկանություն է դիմել, և զույգին բանտարկել են: 
 
Ելնելով նրանից, որ դեպքից 7 տարի անց սատանայապաշտներն արդեն «տաճար» են կառուցել ու անխոչընդոտ քարոզում են իրենց արհամարհելի գաղափարները՝ մնում է  հուսալ, որ նրանց հիմնած կառույցը «կտա ճար» ոչ թե այդ անհոգի եսակենտրոն շահամոլներին, այլ մարդկային դեմքը պահպանող զանգվածներին: