Զայրույթը վատ խորհրդատու է

Զայրույթը մարդկային ամենատարածված հույզերից է: Այն չի թողնում, որ մարդ իրավիճակը կշռադատված կերպով վերլուծի և մղում է միանգամայն անհեռատես արարքների, որոնք իրենց հերթին առաջ են բերում նոր խնդիրներ ու նոր ցասում: 
Փակ շրջանից դուրս գալը հասարակ բան չէ: Շատ ավելի լավ է դա անել վաղ փուլում, երբ մարդն արդեն «եռում է», բայց դեռ չի հասցրել անել այնպիսի բան, որի համար հետո ստիպված է լինելու զղջալ: newrezume.org պարբերականն առաջարկում է ճանաչել զայրույթի որոշ առանձնահատկություններ, որն ընթերցողին կօգնի հասկանալ դրա էությունն ու նման իրավիճակներից հնարավորինս անվնաս դուրս գալ:
 
Տարբերություն չկա՝ ցասումը «բա՞ց է թողնվում», թե՞ ճնշվում է
 
Բարկացած մարդկանց շրջապատողները սովորաբար խորհուրդ են տալիս «զայրույթը բաց թողնել» և հանգստանալ: Միանգամայն անօգուտ առաջարկ, որովհետև ուժգին բացասական հույզերը սովորաբար վերահսկելի չեն լինում: 
 
Չարացած մարդը մի՞թե կարող է հասկանալ, թե որն է այն սահմանը, որից այն կողմ ինքը վերահսկողությունը կորցնում է: Իրավիճակն ուղղելու ելքեր գտնելու համար նախ հարկավոր է այն մանրակրկիտ կերպով վերլուծել, սակայն ցասումի նոպաների ժամանակ դա անհնար է անել: Այդպիսով՝ զայրույթին ազատություն տալն արդյունավետ է դառնում միայն այն ժամանակ, երբ մարդն ի վիճակի է այն վերահսկել:
 
Եվ ուրեմն էական տարբերություն չկա՝ ջղալնությունդ դո՞ւրս ես թափել, թե՞ մեջդ ճնշել: 
 
Անվերահսկելի ցասումը վերահսկում է մարդուն
 
Կինոնկարներում և մուլտֆիլմերում անհատի ներքին երկխոսությունը հաճախ պատկերում են որպես վեճ «հրեշտակի» և «սատանայի» միջև: Առաջինը բարեսրտության է կոչում, իսկ երկրորդը մարդուն մղում է գործել՝ ելնելով անձնական շահից և ուշադրություն չդարձնել շրջապատողների կարծիքի վրա: 
 
Իրականության մեջ ամեն ինչ շատ ավելի բարդ է: 
 
Մարդու գլխում միայն երկու ձայն չի հնչում: Այնտեղ աղմկում են տասնյակ ձայներ (վախի, հպարտության, սիրո, քաղցի…), որոնք անգամ չեն էլ փորձում իրար հետ համաձայնության գալ, «վիճողներից» յուրաքանչյուրը բավարարություն է պահանջում՝ փորձելով լռեցնել մյուսներին: Ցասումից մոլեգնած մարդը դադարում է հասկանալ՝ ինքն իրո՞ք ինչ-որ բան է զգում, թե այդ հույզերի ներքո քողարկվում է չարությունը: Սա նշանակում է՝ զայրույթը մարդուն հաճախ  ընտրություն չի թողնում՝ ստիպելով ընդունել այս կամ այն հապճեպ որոշումը: 
 
Ցասումը կարող է հրաշալի մղում լինել սեփական շահերը պնդելու համար, սակայն խնդիրն այն է, որ մարդը երբեմն զայրույթ է ապրում ոչ թե ինչ-որ որոշակի իրավիճակից, այլ խոր հոգբանական վնասվածքի պատճառով, որը կարող է ստացած լինել անգամ մանկության տարիներին: Հասկանալու համար, թե ինչից է առաջացել զայրույթի բռնկումը, մարդ պետք է փորձի իրեն դիտել անկանխակալ հայացքով և փորձեք ազնվորեն ճշտել, թե ով է մեղավոր վեճի համար և թե իր զայրույթն արդարացվա՞ծ է արդյոք: Հնարավոր է՝ նման իրավիճակն առաջացել է սոսկ այն պատճառով, որ ինքը չի կարողացել վերասկել սեփական բարդույթնե՞րը: 
 
Երբ մղձավանջային են թվում անգամ մանր տհաճությունները
 
Ամեն մարդու է ծանոթ է զգացողությունը, երբ զայրացած ժամանակ ցանկացած մանրուք անասելի գրգռում է՝ առաջ բերելով չարության հերթական բռնկումը: Նման դեպքերում ավելի լավ է չշտապել և շրջապատողներին չասել այն ամենը, ինչ նրանց մասին մտածում է, շատ ավելի արդյունավետ կլինի սպասել, մինչև ցասումը անցնի: Հաճախ զայրույթն անցնլուց հետո մարդն ափսոսում է, որ իրեն զսպել չի կարողացել՝ հասկանալով, որ չարժեր նյարդեր ծախսել և զրուցակցի հետ հարաբերություներ փչացնել : 
 
Շրջապատողներին ձեր զայրույթը բնավ չի հետաքրքրում
 
Երբ մարդը չարացած է, նրան չպետ է լուրջ ընդունել: Իհարկե, նա կարող է բազմաթիվ գործուն քայլեր կատարել՝ պատռել կարևոր պայմանագիրը, սուրճի բաժակը դատարկել պետի գլխին, հեռախոսը պատին խփել, սակայն այդ բոլորը հիշվելու է որպես անիմաստ, ոչինչ չնշանակող բռնկում: Չարացած մարդիկ այդ մասին հաճախ են մոռանում. նրանց թվում է, թե շրջապատողներն իրենց ուշադրությամբ լսելու են, ուղղակի հարկավոր է ավելի բարձր գոռգոռալ և ինչ-որ անսովոր բան անել: 
 
Այդ մոլորությունն առանձնապես հատուկ է համացանցային շփումներին: Զայրույթով լի մեկնաբանություններ թողնելով նյութի տակ և անիմաստ վեճեր սարքելով՝ օգտատերերը սխալմամբ ենթադրում են, թե ուրիշների համար իրենց կարծիքը չափազանց մեծ նշանակություն ունի: Ընդ որում՝ հաճախ համացանցային վեճերի պատճառ են դառնում սկզբունքային հակասությունները տարբեր տեսանկյունների միջև, որոնք հնարավոր չէ վերացնել՝ զրուցակցին ուղարկելով մի քանի կարճ, սակայն «տարողունակ» (իր կարծիքով) հաղորդագրություն, որի համար վերջակետ են ծառայում կպչուն «սմայլիկները»:
 
Սոցցանցերը լավ են ժամանցի և նորություններ փոխանակելու համար, սակայն դրանց օգնությամբ փիլիսոփայական խորին գաղափարներ արծարծելը կամ կեցության իմաստը բացահայտելը նույնն է, թե մարդ կրկեսի արենա դուրս գա ծաղրածուի ելույթից հետո և դասախոսություն կարդա գերմանական դասական փիլիսոփայության մասին: 
 
Չարությունը կարող է կուտակվել
 
Բացասական հույզերը ոչ մի տեղ չեն անհետանում: Եթե ձեզ հաջողվել է դրանք դուրս թափել կամ պատճառը վերացնել, նրանք «պահ են տրվում» հիշողությանը և կարող են նորից արտահայտվել ցանկացած պահի: 
 
Նման անսպասելի ելքերը ավելի հաճախ ապակառուցողական բնույթ են կրում: Դուք պարզապես հարձակվում եք առաջին իսկ պատահած զրուցակցի վրա կամ սկսում եք ցասում ու ոչնչանցնող մեկնաբանություններ հեղել սոցցանցերում: Պատասխան հաղորդագրությունները, իրենց հերթին, միայն նպաստում են վեճի խորացմանը՝ մարդուն ստիպելով, պատկերավոր ասած, պատեպատ խփվել: Միևնույն ժամանակ զայրույթը կարելի է ճիշտ հուն մղել՝ բացասական էներգիան օգտագործելով որպես սեփական անձի վրա աշխատելու պատեհ առիթ կամ այն դարձնել յուրօրինակ ակունք, որը լրացուցիչ ուժեր է տալիս դեպի նպատակ քայլելու ճանապարհին: 
 
Ցասումը մարդուն խամաճիկ է դարձնում
 
Զայրացած մարդը զրկվում է սթափ դատելու և իր գործողությունների հետևանքները հաշվարկելու կարողությունից: Կորցնելով ինքնատիրապետումը՝ անձը կարող է խաղալիք դառնալ առավել հաշվենկատ ու սառնարյուն անհատների ձեռքին, ովքեր զայրույթից կուրացած մարդկանց օգտագործում են սեփական նպատակների համար: 
 
Ցանկացած պահի ամեն մարդ էլ ինչ-որ բանից դժգոհ լինելու առիթ է ունենում՝ անձնական կյանքից, երկրում տիրող իրավիճակից կամ հենց կենցաղային իրավիճակներից (ինչպիսին օրինակ կարող է լինել փչացած կերակրատեսակը կամ կոտրված գործիքը): Երբ տարբեր պատճառներից չարացած մարդիկ ամբոխի մեջ միավորվում են, ամենասարսափելին այն չէ, որ պատահականորեն առաջացած շարժումը միասնական նպատակ չունի, այլ այն, որ հմուտ խառնակիչը կարող է ատելությունից փոթորկվող  զանգվածին ենթարկել իր կամքին և նրանց ստիպել կատարելու իրեն անհրաժեշտ առաջադրանքը: 
 
Այդպիսով, մարդ կարող է կատարել հիմարություններ, որոնք սոսկ կխորացնեն իրավիճակը: Դա զայրույթի նոր պատճառներ կստեղծի և կստիպի նոր արդարացումներ փնտրել: Դա փակուղի տանող ճանապարհ է: Դրա համար էլ այն պահին, երբ մարդու մեջ, օրինակ, ցանկություն կծնվի խեղդել վաճառողին այն խանութի, որտեղ իրեն անհրաժեշտ ապրանքը չկա, ավելի լավ է այնտեղից հեռանա և զբաղվի որևէ օգտակար գործով… Մեկ ժամ էլ չի անցնի, երբ նման իրավիճակում հայտնվածը կմոռանա, թե ինչի պատճառով էր կորցրել ինքնատիրապետումը: