Տիեզերքից մեզ վերահսկո՞ւմ են

ԻՏԱԼԱՑԻ ՀԵՏԱԶՈՏՈՂԸ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ Է ՀՐԱՊԱՐԱԿԵԼ

63-ամյա իտալացի Մաուրիցիո Կավալոն` Արևելյան Պիեմոնտի համալսարանի նախկին պրոֆեսորը, պնդում է, թե մի քանի անգամ իրեն առևանգել են եկվորներն առեղծվածային Կլարիոն մոլորակից: Կարծես նման հայտարարությունն այնքան էլ արժանահավատ չի հնչում, սակայն իր խոսքերը հաստատելու համար իտալացին ցուցադրում է լուսանկարներ, որտեղ իբր այդ այլմոլորակայիններն են պատկերված: Այժմ Կավալոն իրեն անվանում է անկախ լրագրող, ուֆոլոգ և գերբնական երևույթների հետազոտող: Ըստ էության՝ նա որոշակի հեղինակություն է վայելում, այդ պատճառով էլ հույս ունի հասարակության վստահությանն արժանանալ:
 
Ինչպես 123ru.net-ն է տեղեկացնում, 2012թ. այս կողմ Կավալոն հրատարակել է մի քանի գիտաուֆոլոգիական և գեղարվեստական գրքեր, որոնք նվիրված են «կանաչ մարդուկների» հետ իր զարմանալի առնչություններին: Մաուրիցիոն նրանց անվանում է «տիեզերական պահապաններ» և «տիեզերքի վերհսկիչներ»: Ըստ նախկին պրոֆեսորի՝ նրանք մեր առաջին նախնիներն են՝ անմահ ու հզոր էակներ, որոնք ապրում են տիեզերքի ծայրամասում: Նրանք ծագում են կյանքի հիմնական աղբյուրից, որտեղ արարվում է հավերժությունը: Վերջին անգամ նրանք Երկիր են թռել Արծվի գալակտիկայից (որը մեզնից հեռու է 150 հազ. լուսատարի) և կարճ ժամանակով իրենց մոտ են տարել Կավալոյին: 
 
Հետազոտողը պնդում է, որ առաջին անգամ իրեն առևանգել են 1981թ.: Իբր՝ եկվորները նրա համար բացահայտել են տիեզերքի բազմաթիվ գաղտնիքները: Օրինակ, նրանք հայտնել են, թե Արեգակնային համակարգությունում կա 12, այլ ոչ թե 9 մոլորակ, իսկ մարդուն հայտնի տիեզերքը անհունի ամենասովորական մասնիկն է ընդամենը:
 
Այս ամենի մեջ ամենաուշագրավը, իհարկե, այլմոլորակայիններին լուսանկարելու փաստն է, եթե դա իրոք տեղի է ունեցել: Կավալոն պարզաբանում է, թե նրանք նման են կանացիակերպ մարդու, միայն թե դիմագծերը մերից մի փոքր տարբեր են: Նա չի ժխտում, որ հնարավոր է՝ նրանք մարդու և եկվորի խառնածիններ են: 
 
Զարմանալի չէ, որ նրա հայտարարությունները քննադատել են ու հեգնել: Թերահավատները համոզված են, որ նրա ներկայացրած կադրերում արտացոլված են սովորական մարդկային դեմքեր, որոնք պարզապես հմտորեն մոնտաժված են: Իսկ իրեն քննադատողներից իտալացի ուֆոլոգն այնքան էլ չի նեղանում: Նա համոզված է, որ ժամանակի հետ մարդկությունը կընդունի իր ճշմարտացիությունը: 
 
Իսկ մեր աշխարհում բազմաթիվ են մարդիկ, ովքեր պնդում են, թե այլմոլորակային քաղաքակրթությունների հետ այս կամ այն կերպ շփումներ են ունեցել: Այնպես որ՝ իտալացի հետազոտողը եզակի մեկը չէ, ով նման հայտարարություններ է անում: Պարբերականը հիշեցնում է միջազգային մակարդակի կենսաէներգաթերապևտ Վիկտոր Կորշունովի մասին: Որպես օրինակ բերվում է այս ուֆոլոգի հետ մի հետաքրքիր հարցազրույցը: 
 
Այնտեղ «Ճշմարտության ոգին» միջազգային շարժման այս անդամը բացատրում է, թե որն է Երկրի տեղը Տիեզերքում, ինչպես են մեզ  «վերահսկում» Միջգալակտիկական խորհրդի անդամները: Նա խոսում է այն մասին, թե ում և ի՞նչ գործերում են այլմոլորակայիններն ընդունում որպես մրցակից, ովքե՞ր են «գորշերը» և այլ թշնամական  եկվորները, ո՞րն է պատճառը, որ մեզ  հսկող այլմոլորակայիններն իրավունք չունեն միջամտել մեր զարգացմանը, թեև պաշտպանում են տիեզերքից սպառնացող վտանգներից: Ընդ որում, նա նույնպես խոսում է մեր բարձր զարգացած նախնիների մասին, որոնք ապրում են տիեզերքի խորքերում, սակայն մշտապես հետևում է են Երկրի առաջընթացին: Ու նաև մեզ օգնում են՝ հնարավորության սահմաններում:
 
Նման հայտարարությունները, իհարկե, կարող են վառ երևակայության արդյունք և աշխարհում հայտնի դառնալու մարմաջի հետևանք լինել, սակայն ճշմարտության կողքով թերահավատությամբ անցնելը նույնպես մեծ խելքի նշան չէ: Ճիշտը սխալից, փաստը մտացածին բարբաջանքից զատելու համար մարդկությունը երևի պետք է գործի դնի այս պահին իր տրամադրության տակ գտնվող միջոցների ամբողջ զինանոցը: Անշուշտ՝ եթե «վերին» հզոր ուժերը դա թույլատրեն…