Լսողական և տեսողական «հրաշքներ» բնությունից

Մեր օրերում զարմանալի չէ, որ բնության աննշմարելի երևույթերը հասանելի են դառնում ու զանգվածների համար բացահայտում աներևակայելի գաղտնիքներ: Էլ չասած՝ ՆԱՍԱ-ի կարգի գիտական հաստատությունների մասին, որոնք կարող են անգամ մոլորակների «զրույց» որսալ ու այն ձայնագրության վերածել:

 

ՆԱՍԱ-ն հրապարակել է Սատուրնից արձակվող ազդանշանների ձայնագրությունը

Ամերիկյան ազգային տիեզերական գործակալության գիտնականները հրապարակել են Սատուրնի և մեծությամբ նրա վեցերորդ արբանյակ Էնցելադի «երկխոսությունը»: Մասնագետներն դա կատակով անվանում են երկյուղալի երաժշտություն, սակայն նաև ընդգծում են, որ այդտեղ ոչ մի անօրինաչափ բան չկա: Հատազոտողները պարզապես ձայնի են փոխարկել պլազմային ալիքները, որոնք գազային հսկայի կողմն են շարժվել նրա առնվազն 62 լուսիններից մեկից: Այդ ազդանշանը 2017թ. ստացվել է միջմոլորակային «Քասինի» ավտոմատ կայանից, որն իր առաքելությունն ավարտել է անցած տարի: 
 
Ընդ որում՝ Էնցելադը եզակի արբանյակ է, որը հայտնաբերվալ է 1789թ.: Ենթադրվում է, որ դրա վրա կարող է մանրէների մակարդակով կյանք լինել: Նման ենթադրության հիմք տալիս են արբանյակի վրա առկա սառուցի մասնիկները: Դրանց վերլուծությունից պարզվել է, որ հեյզերից արտամղվող ջրի սառած բյուրեղներն ունեն աղերով հարուստ կազմություն, ինչը հատուկ է օվկիանոսին:    
 
Սատուրնի ու իր մոլորակի ձայնագրված «զրույցը» տարածվել է համացանցում: ՆԱՍԱ-ի աշխատակիցները պատմում են, որ նման պլազմային ալիքներ առաջանում են այն ժամանակ, երբ իոնացված գազի մասնիկները տատանողական բարդ շարժումներ են կատարում՝ ենթարկվելով էլեկտրական և մագնիսական դաշտերի ազդեցությանը: «Քասինիի» ալեհավաքներն ու սենսորները հաջողությամբ արձանագրել են մոլորակի ռադիոճառագայթումը, իսկ հետո արդեն ամերիկացի մասնագետներ դրանք վերափոխել են և դարձրել լսելի: Հետազոտողները հաղորդում են, որ ձայնագրության բնօրինակը 12,5 րոպե է տևում, սկայն իրենք այն խտացրել-տեղավորել են կեսրոպեանոց ձայնագրության մեջ, որպեսզի առավել տպավորիչ ազդեցություն ապահովեն: 

 

Լուսատտիկ կուլ տված գորտը սկսել է լուսարձակել
 
Թեննեսի նահանգի Նաշվիլլա քաղաքի բնակիչներին հաջողվել է տեսախցիկով ամրագրել բավականաչափ անսովոր մի երևույթ: Ամերիկացիները պատմում են, որ վերջերս երեկոյան իրենց կացարան է թռել մի լուսատտիկ, որին բնակիչները որոշել են ձեռք չտալ՝ հիանալով այդ գեղեցիկ արարածով: Սակայն հենց որ բզեզին ուշադրությունից դուրս են թողել, ինչ-որ տեղից հայտնվել  է մի գորտ հաջողացրել է կուլ տալ լուսարձակող միջատին: Տան բնակիչները զարմանքով նկատել են, որ դրանից հետո ճահճաբնակն սկսել է լույս արձակել: Հնարամիտ տանտերեը պահը չեն կորցրել և լուսարձակող գորտին իսկույն նկարահանել են: 
 
Հարց է ծագում՝ ինչպե՞ս է եղել, որ լուսատտիկը շարունակել է լույս տալ գորտին կեր դառնալոց հետ էլ: Մի՞թե դեռևս ողջ է եղել: Ըստ մասնագետների՝ նման բան չկա: Որքան էլ տպավորությանը հրաշալի թվա, այդ ժամանակ բզեզն արդեն մահացած է եղել: Պարզապես գորտի մարսողական համակարգ ներքաշվելուց հետո էլ միջատի մարմնում որոշ հատուկ նյութեր շարունակել են կենսալուսարձակումը:
 
Ճիշտ է՝ երևույթի գիտական բացատրությունը մի փոքր մեղմել է ամերիկացիների բոցավառված երևակայության կրակը, սակայն նրանք չեն հրաժարվում կատարվածը փոքրիկ հրաշք համարել: Չէ՞ որ բնության մեջ նման բան նկատելն ու մանավանդ նկարահանելը գիտնականներին կարծես այնքան էլ չի հաջողվում: