100 ամուսնություն՝ Պսակադրության կաղնու «միջնորդությամբ»

Գերմանիայի հյուսիսում՝ Շլեզվիգ Հոլշտայն երկրամասի Օյթին քաղաքում է գտնվում 500-ամյա կաղնին, որի մասին ասում են, թե արդեն 100 տարի մարդկանց օգնում է գտնել իրենց երկրորդ կեսին: Դրա համար էլ ծառն անվանել են Պսակադրության կաղնի: Այս եզակի ծառը սեփական փոստային հասցե ունի: Ամեն օր փոստատարները դրա փչակում կախում են շուրջ 40 նամակ, որոնք ծառին են հասցեագրում միայնակ մարդիկ ամբողջ մոլորակից, ովքեր ցանկանում են նման անսովոր եղանակով սեր գտնել (պատմում է esoreiter.ru-ն):
 
 
Պսակադրության կաղնին նամակներ է հավաքում աշխարհի բոլոր ծագերից
 
Նամակագիրներից յուրաքանչյուրը հույս է փայփայում, որ կստանա իր նամակի պատասխանը: Մեր օրերում, երբ առկա են ծանոթությունների բազմաթիվ կայքեր և հավելվածներ, նման մոտեցումն այնքան էլ արդյունավետ չի թվում, սակայն իսկական ռոմանտիկները նախընտրում են իրենց հաղորդագրությունները թանաքով գրել թղթին, ինչպես եղել է անցած ժամանակներում: 
 
Կաղնու բարձրությունը համարյա 25 մ է, բնի շրջագիծը՝ ավելի քան 5 մ: Յուրահատուկ «ծանոթությունների սակարանի» շնորհիվ արդեն 100 ամուսնություն է կնքվել: Իսկ նամակագրության շնորհիվ ընկերներ դարձած մարդկանց թիվն արդեն հաշվել չի լինի: 
 
Ավանդազրույցներ արտասովոր կաղնու մասին
 
Պսակադրության կաղնու մասին երկու ավանդազրույց է պահպանվել: Դրանցի մեկը վերաբերում է ծառի հայտնվելուն, մյուսը «փոստային» դառնալու պատմությունն է շարադրում:
 
Թշնամիներն անտառում են թողնում կելտերի առաջնորդի որդուն, որպեսզի նա այնտեղ մեռնի: Քրիստոնյա մի աղջիկ փրկում է պատանու կյանքը: Երիտասրադն այդ նույն վայրում հողին կաղին է պահ տալիս՝ ի հիշատակ և ի երախտագիտություն իրեն ցուցաբերված օգնության: Երբ ծառը նշանակալի չափերի է հասնում, տեղի բնակիչների մեջ ամուսնության հետ առնչվող մի սնահավատություն է ի հայտ գալիս: Համարում էին, որ եթե չամուսնացած աղջիկը լիալուսնի օրը ծառի շուրջը միայնակ երեք անգամ պտտվի միանգամայն լուռ ու անժպիտ, ապա շուտով հաջողությամբ կամուսնանա: 
 
Մյուս ավանդազրույցը նույնպես արժանահավատությունից զուրկ չէ: Հաղորդվում է, որ 19-րդ դարի վերջին այստեղ ապրել են սիրահարներ՝ այդ վայրերի անտառապահի դուստրը և շոկոլադ արտադրողի որդին: Անտառապահն աղջկան արգելել է հանդիպել երիտասարդի հետ, և այդ ժամանակ սիրահար զույգը սկսել է իրար ուղղված հաղորդագրություններ թողնել այժմ այնքան հայտնի այդ ծառի փչակում: Որոշ ժամանակ անց խիստ հայրը, համաձայնել է, որ սիրահարներն ամուսնանան: Հարսանիքը տեղի է ունեցել 1891թ. հունիսի 2-ին, այդ նույն կաղնու ճյուղերի ներքո: 
 
Շատ միայնակներ են այդ ծառի միջոցով իրենց սերը գտել
 
Այս երջանիկ զույգի ռոմանտիկ պատմությունը շատերին է ոգևորում, և մարդիկ սկսում են ծառի փչակում նամակներ թողնել: Շուտով երիտասարդներն ստիպված են լինում իրենց հասցեագրված հաղորդագրությունը անձամբ փնտրել նամակների կույտի մեջ: 1927թ. ծառի մոտ ելարան են տեղադրում, իսկ բունը փոստային հասցե է ստանում: Մեր օրերում Պսակադրության ծառը հաճախ է գրավում մամուլի ուշադրությունը: Դրա մասին հրապարակումներ են լինում ոչ միայն գերմանական լրատվամիջոցներում: Իսկ 2009թ. ապրիլի 25-ին նույնիսկ կաղնին խորհրդանշական կերպով ամուսնացրել են Դյուսերդորֆում աճող վայրի շագանակենու հետ: Միայն թե շագանակենու կյանքը տևել է մինչև 2015թ.: 
 
Տեղի փոստային ծառայության աշխատակիցները պատմում են, որ ամենաշատ նամակներն ամռանն են ստացվում: Ով Պսակադրության կաղնու ուժին հավատ չի ընծայում, նրա համար կարող է օրինակ լինել տեղացի փոստատար Կարլ Հայնց Մարտենսի հետ պատահածը: 2004թ. նա ազգային հեռուստատեսության եթերում պատմել է արտասովոր կաղնու մասին: Դրանից հետո փչակի մեջ նամակներ տեղադրելիս նկատել է, որ դրանցից մեկը հենց իրեն  հասցեագրված: Նամակագիրը Համբուրգի մի բնակչուհի էր: Կարլը որոշում է անծանոթուհու հետ հանդիպել, և այժմ նրանք երջանիկ ամուսիններ են:
 
Բջջային հավելվածների փոխարեն կարելի է դիմել Պսակադրության կաղնուն 
 
Մեր օրերում շատերն են փորձում տարբեր միջոցներով ծանոթություններ հաստատել:
 
Սակայն բջջային հավելվածները, ինչպիսին օրինակ «Թինդերն» է, ոմանց չեն գոհացնում: Նման մարդկանց պարբերականը խորհուրդ է տալիս բախտը փորձել և իրական նամակ ուղարկել Պսակադրության կաղնուն: Բացառված չէ, որ նրանց բախտը բերի, և ծառի միջնորդությամբ այդ ուղերձը կարդա  հեղինակին հարազատ հոգի: Խոսք կա՝ եթե մարդ իր երկրորդ կեսին դեռևս չի գտել, նշանակում է ճիշտ տեղում չի փնտրել: Փոստատար Մարտենսը նույնպես սեփական կյանքը դասավորելու հույս չի ունեցել, սակայն խորհրդավոր անծանոթուհու նամակն ամեն ինչ արմատապես փոխել է: