Երեխաներն օժտված են նուրբ աշխարհը տեսնելու ունակությամբ
ՄԵԾԱՆԱԼՈՎ` ՄԱՐԴԸ ԶՐԿՎՈՒՄ Է ԱՅԴ ԲԱՑԱՌԻԿ ՇՆՈՐՀԻՑ

Շեղումային երևույթների ամերիկացի հետազոտող Ջեյսոն Օֆուտն իր գրքերում շարադրել է իրական պատմություններ, որոնք շատ նման են հեքիաթի: Գիտնականը պնդում է, որ իր հավաքած պատմությունները բնավ էլ մտացածին չեն, այլ, կարելի է ասել, երևակայությունից վեր իրականության նկարագրություն:
Օֆուտի գրքերում ներառված բոլոր պատմությունները հեղինակին հաղորդել են նրա հարազատ Միսսուրի նահանգի բնակիչները: Ասել կուզի` ամբողջ աշխարհում նման եղելություններն անչափ շատ են: Դրանք «կյանքից քաղած հեքիաթներ» են, որոնց հետ առնչվելը նույնիսկ ավելի հետաքրքիր է: Որովհետև մի բան է հորինովի պատմությունը, միանգամայն այլ բան` իր խորհրդավոր դրսևորումների մեջ անհավատալի կյանքը (evmenov37.ru):
Մենակնոցով տղան
Վեցամյա Էլեն Լատրումին իր ննջարանի դուռը գիշերները տհաճ էր թվում: Արդեն հասակ առնելուց հետո էլ կինը պատմում է, որ ուղղակի չի կարողացել երեսը դռան կողմն արած քնել և միշտ քնել է մեջքը դռանն արած: Պատճառ այն է, որ աղջնակին թվացել է, թե դռնից մեկը կամ ինչ-որ բան իրեն է դիտում:
Այդ ժամանակ ընտանիքն ապրել է Կանզաս-սիթիում, իրենց սեփական տանը: Ցերեկն իր սենյակում եղած ժամանակ աղջիկն իրեն լիովին հարմարավետ է զգացել, սակայն հենց երեկոն վրա է հասել, ամեն ինչ փոխվել է:
Մի անգամ Էլենն արթնացել է սարսափով համակված: Դռանը նայել վախեցել է, սակայն մի բան հարկադրել է աչքերը այնտեղ հառել: Դռան խոռոչում նա տեսել է մոտավորապես իրեն հասակակից մի տղայի` մուգ մազերով և շատ հնաոճ մենակնոցով (պենսնե): Նա դռան շեմից նայել է Էլենին, ապա մոտեցել է և նստել նրա մահճակալի եզրին:
Էլենն այնքան վախեցած է եղել, որ չի հիշում` հյուրն իր հետ խոսե՞լ է: Երեխան բնազդորեն շրջվել է պատի կողմը, որից հետո ոչ այն է` քնի մեջ է ընկղմվել, ոչ այն է` գիտակցությունն է կորցրել:
Հաջորդ օրը երեխան տեսածի մասին պատմել է մորը, և նա ենթադրել, թե աղջկան հայտնվել է պապիկը: Էլենը, սակայն, կարծում է, որ ուրիշ մեկի է տեսել, ընդ որում ` շատ իրական, ոչ այնպես, ինչպես տեսնում են ուրվականներ կամ երևակայական ընկերոջ:
Ընդհանրապես, փոքր երեխաներն անսովոր բաներ են տեսնում, բաներ, որոնք մեծերի տեսողությանն անհասանելի է: Երեխային հետևելով` կարելի է օրինակ տեսնել, թե ինչպես է նա դատարկ տեղին նայում այնպիսի աշխույժ հետաքրքրությամբ, ասես ինչ-որ իրական բան է տեսնում: Մեծանալով` նրանք պարզապես դրանց մասին մոռանում են և կորցնում են նուրբ աշխարհը տեսնելու ունակությունը:
Մութ կերպարանքը և փոքրիկ աղջիկը
Դիանա Դեյվիսի մանկությունն անցել է Փենսիլվանիայում: Մի անգամ աղջիկը հյուր է գնացել մորաքրոջ տուն և երեկոյան, խաղալով բակում, իր կողքին ինչ-որ տարօրինակ բան է նկատել, որը նման է եղել մարդու ստվերի: Այդ էակը հետաքրքրությամբ հետևել է Դիանայի խաղին:
Բոլոր մեծահասակներն այդ պահին տանն են եղել, բակում երեխան մենակ է եղել: Մութ կերպարանքը նրան ավելի է մոտեցել, և այստեղ Դիանան սևեռուն նրան է նայել:
Ասես վախենալով այդ հայացքից` էակը մի կողմ է քաշվել, իսկ աղջնակը բացականչել է.
- Կանգնի՛ր, դու ո՞վ ես: Ուզո՞ւմ ես ինձ հետ խաղալ:
Դիանան նետվել է ստվերի հետևից, իսկ սա արագ հեռացել է: Վերջապես մութ կերպարանքը ցատկել է երկու ծառերի արանքում գտնվող ցանկապատի վրայով և անհետացել: Այժմ Դիանան մտածում է, թե դա կարող էր ուրվական լինել կամ էլ էակ ուրիշ չափումներից:
Տան ուրվականները տղային հանձնարարել են սպանել մորը
Նոր հազարամյակի սկզբին Մայք և Կիմ Սմիթմեյերներն աշխատանք են ստացել «Դորդ մոտոր» գործարանում և տուն են գնել մերձակա Լիբերթի քաղաքում: 2003թ. ամուսինները երկվորյակ են ունենում` Ռենդի և Դեն: Ըտանիքը կյանքն ընթանում է հանդարտ ու երջանիկ, մինչև որ այտեղ մուտք է գործում ինչ-որ վախենալու բան: Ահա թե այդ մասին ինչ է պատմել ընտանիքի մայրը:
Դա առաջին անգամ տեղի է ունեցել 2006թ. երբ երեխաները երեք տարեկան էին: Կիմը կանգնել է երկրորդ հարկում` երեխայի ձեռքը բռնած: Երեխան նայել է սանդուղքին և հարցրել.
- Մայրի՛կ, այն ո՞վ է այնտեղով իջնում:
Մայրը նայել է սանդուղքին և այնտեղ ոչ մեկին չի տեսել:
- Այնտեղ ոչ ոք չկա,- ասել է կինն ու զգաստացել:- Իսկ դու ո՞ւմ ես տեսնում, ի՞նչ տեսք ունի:
Դենը լռել է և շարունակել սևեռուն նայել նույն ուղղությամբ, նրա աչքերն ակնհայտորեն հետևել են շարժվող մեկին: Վերջապես մոր կողմը շրջվելով` տղան ասել է.
- Նրանք գնացին:
Այս միջադեպը համարյա մոռացվել է, քանի որ հաջորդող 4 տարիներին ոչինչ չի պատահել: Եվ ահա մի անգամ յոթամյա Դենը մորը խոստովանել է, թե սկսել է լսել խոսքեր, որոնք իրեն հանձնարարում են վատ բան անել:
- Ի՞նչ ես ուզում ասել,- հարցրել է Կիմը:
- Չեմ ուզում կրկնել, որովհետև դա շատուշատ վատ բան է,- մեղմորեն պատասխանել է Դենը և աչքերը խոնարհել:
- Ինձ կարող ես ասել,- քնքշանքով ասել է մայրը,- ես կփորձեմ քեզ օգնել:
Եվ այստեղ 7-ամյա մանչուկը միանգամայն հստակ ասել է.
- Ձայները պահանջում են, որ քեզ սպանեմ:
Կիմը ապշել է:
- Սպանե՞ս ինձ: Իսկ ուրիշ բաներ նրանք ասե՞լ են:
Դենը գլխով հավանության նշան է արել:
- Այո: Ասում են, որ կատվին ցավեցնեմ, իսկ հետո` եղբորս:
Հաջորդ օրը Կիմը երեխային տարել է հոգեբանի մոտ: Զննելով` բժիշկն ասել է, որ եթե վիճակը վատանա, կարող են դեղեր հակավոր լինել: Հանգստյան օրերին Դենը հյուր է մնացել տատիկի տանը, որտեղ նրա հետ ամեն ինչ կարգին է եղել: Սակայն հենց որ տուն է վերադարձել, ամեն ինչ նորից է սկսվել: Տղան սենյակում մենակ մնալ չի կարողացել, նյարդայնացել է և մորը խնդրել, որ իրենից չհեռանա:
Շփոթահար Կիմն իր տան անտեսանելի բնակիչներին խնդրել-աղաչել է ընտանիքին հանգիստ թողնել և հատկապես չվախեցնել երեխաներին: Եվ դա կարծես թե գործուն միջոց է եղել, որովհետև Դենի վրա հարձակումները դադարել են, իսկ տանը նորից խաղաղություն է տիրել: