Իսկ գուցե ջրահարսեր իսկապե՞ս կան

1865Թ. ԱՐՎԱԾ ԼՈՒՍԱՆԿԱՐԸ ՆՈՐ ԵՆԹԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՂԻՔ Է ՏԱԼԻՍ

Միացյալ Նահանգներում 19-րդ դարում ապրել է Ֆինեաս Թեյլոր Բարնում անունով խոշոր գործարարը: Նա ճանաչված դեմք էր ամերիկյան այսպես կոչված շոու բիզնեսում, զբաղվում էր նաև քաղաքականությամբ: Որ շոու բիզնես կոչվածը ավելի շուտ արժեքների աղավաղմանն է ծառայում՝ միակ նպատակ ունենալով մեծամեծ գումարներ վաստակել հանդիսատեսի ուշադրության հաշվին, այսօր արդեն ոչ մեկի համար գաղտնիք չէ: Գործարարության այդ «տեսակի» տարածման արշալույսին ևս, անշուշտ, առաջին տեղում հենց շահն է եղել:
 
«Ավանգարդն» արդեն հաղորդել է իռլանդացի հսկայի պատմությունն այն մասին, թե ինչպես է կյանքից վաղաժամ հեռացած երիտասարդի կմախքը համարյան երկուսուկես դար որպես ցուցանմուշ ծառայել: Իսկ այս անգամ vsluh.net-ի փոխանցմամբ ներկայացնում ենք Բարնումի «հրեշների ցուցադրություն» անունով հայտնի ներկայացման մի ուշագրավ ցուցանմուշի և նրանից մնացած լուսանկարի պատմությունը:    
 
Շատերն են համոզված, որ ամերիկյան «հրեշների ցուցադրությունում» ինչ-որ ժամանակ հանդիսատեսին են ներկայացրել իսկական ջրահարսի մումիա: Մինչև օրս և ոչ մի թերահավատ կամ նյութապաշտ դրա իսկությունը ժխտել չի կարողացել: Դժբախտաբար՝ ցուցանմուշը ոչնչացվել է խոշոր հրդեհի ժամանակ: 
 
Բարնումը համարվում է կրկեսային արվեստի հիմնադիրներից մեկը: Նա, կարելի է ասել, մասնագիտացել էր մարդկային բազմաթիվ խանգարումներ ու շեղումներ, ինչպես նաև նման այլ զարմանալի բաներ ցուցադրելու մեջ: Նրա կազմակերպած ներկայացումները հսկայական ժողովրդականություն էին վայելում ամբողջ աշխարհում: 1865թ. ենթադրյալ ջրահարսի լուսանկարը արվել է՝ որպես «հրեշների ցուցադրության» համար գովազդային նյութ: Նշվել է, որ դա եղել է դիակը մի իրական ջրահարսի, որին բռնել են Հնդկական օվկիանոսում: 
 
Այս զարմանալի մումիան բացբերանների երևակայությունը միայն կարճ ժամանակով է վառել: 1865թ. հուլիսի 13-ին Նյու Յորքում հրդեհվել է մի շենք, որտեղ տեղադրված էր կրկեսը, և  ցուցանմուշների մեծ մասը ոչնչացել է: Հրդեհի պատճառը մինչև օրս պարուրված է գաղտնիքով: 
 
Այսպես, ոմանք ասում են՝ Բարնումը բնավ էլ հաջողակ չի եղել, այդ պատճառով էլ սեփական ունեցվածքը կրակի է մատնել՝ հանուն ապահովագրական խարդավանքների: Ուրիշները պնդում են, թե կրկեսը հրդեհել են մրցակիցները, նախանձողները կամ  կեղծ բարեպաշտները, որոնց զայրացնում էր նման ցուցադրությունը: Երրորդների կարծիքով՝ գործարարի վրա զայրացել են հոգիներն այն մարդկանց, կենդանիների կամ այլանդակ արարածների, որոնց դիակները նա բարբարոսաբար ցուցադրում էր հանդիսատեսին:  
 
Խորհրդավոր ջրահարսի մնացորդներն առաջվա պես գրավում են բազմաթիվ հետաքրքրասերների և այն կենդանաբաններին, ովքեր զբաղվում են առասպելական համարվող կամ վաղուց անհետացած կենդանիների ուսումնասիրությամբ (կրիպտոկենդանաբաններ կամ ավելի ճշգրիտ՝ գաղտնակենդանաբաններ): Շատ մարդիկ անգամ հավատում են, որ ջրահարսի եզակի մումիան բնավ էլ հրդեհում չի այրվել, այն պարզապես ինչ-որ տեղ հուսալիորեն թաքցրել են: Իբր, երբ դիակը գտնեն և ԴՆԹ փորձաքննություն անցկացնեն, անասելի աղմուկ կբարձրանա: Հնարավոր է՝ ջրահարսերի գոյությունը գիտությունը վերջապես կընդունի: 
 
Գիտնականները (հատկապես անկախ) այդ փաստն այժմ էլ առանձնապես չեն ժխտում: Ջրով ծածկված է Երկրի մեծ մասը, և գիտությունը մինչև հիմա չգիտի, թե Համաշխարհային օվկաիանոսի խորքերում ինչեր կարող են թաքվնած լինել: Բավական է հիշել լոբաձև (celacanthiformes) ձկներին, որոնք երկար ժամանակ համարվում էին մտացածին կամ անգամ առասպելական, սակայն մեր օրերում օվկիանոսագետներն ապացուցել են, որ ջրերի խորքում նրանք մինչև օրս ապրում են:
Վերջերս դարձյալ թարմացել է Բարնումի ջրահարսի թեման: Դրա բնույթի վերաբերյալ ուշագրավ ենթադրություն է առաջ քաշել նորզելանդացի ուֆոլոգ Սկուտ Ուոլեսը: Հետազոտողը կարծում է, թե հնարավոր է՝ խոսքը ոչ թե ջրահարսի, այլ այլմոլորակային քաղաքակրթության ներկայացուցչի մասին է: Ցուցանմուշի՝ մինչև մեր օրերը հասած  գլխի լուսանկարը ցուցադրում է մի էակի, որն ունի լայն ճակատ, խորադիր խոշոր աչքեր և փոքրիկ բերան, իսկ հումանոիդի քիթը կարծես բացակայում է: Ով չգիտի, որ  նման «արտաքինն» ավելի շատ այլմոլորակայինի է համապատասխանում, քան խորհրդավոր ջրահարսի: 
 
Ասում են՝ մարդը չի կարողանում չեղած բաներ հորինել: Եթե նա մի բան երևակայել է, նշանակում է՝ պարզապես արտացոլել է իրականության հետ սերտորեն առնչվող երևույթ, որը նրան խորհրդավոր կերպով հասու է դարձել: Ջրահարսների մասին այնքան շատ ասքեր, ավանդազրույցներ, գեղեցիկ պատումներ են շրջում, որ եթե մի օր դրանց գոյությունն ապացուցվի՝ զարմացողների բանակը մեծ չի լինի: