Ծառերը՝ ապրող ու զգացող էակներ

Ցանկացած երկրի աշխարհագրությունը նկարագրելիս մեծ նշանակություն է տրվում նաև անտառային ծածկույթի առկայությանը: Որքան անտառներն ու այգիները շատ են, այնքան տվյալ երկրի բնության վիճակը բարվոք է գնահատվում: Մարդուն «մատուցած» դրանց ամենամեծ ծառայությունը մթնոլորտը մաքրելն ու այն թթվածնով հարստացնելն է: Բայց մարդը գիտի՞, թե իրականում ինչպիսին են ծառերը: Համարյա բոլորի համար դրանք իրենց դիրքում միշտ անշարժ կանգնած հսկա բույսեր են, որոնցից հնարավոր է այս կամ այն օգուտն ստանալ: Այդ օգուտը շատ դեպքերում հնարավոր է լինում քաղել միայն նրանց կյանքից զրկելու գնով, որից մարդը ոչ միայն չի խորշում, այլև անխանա ոչնչացնում է հսկայածավալ անտառները:
 
Մինչդեռ գիտնականները ծառերի վերաբերյալ այնքան ուշագրավ փաստեր են բացահայտել, որոնց մասին իմանալը լիովին կփոխի մարդու վերաբերմունքը մեր կանաչ բարեկամների նկատմամբ: Դրանցից որոշները ներկայացրել է esoreiter.ru-ն:  
 
Ծառերը կարողանում են հաղորդակցվել
 
Ֆրանսիացի բուսաբան Ֆրենսիս Գալլեն, ով կյանքի ավելի քան կես դարը նվիրել է ծառերի ուսումնասիրությանը, պնդում է, որ այդ զարմանալի  էությունները հաղորդակցվում են բույրերի միջոցով: Տեղեկություն հաղորդելու համար նրանք համադրում են տարբեր բույրերը: Դա նման է նրան, թե ինչպես է մարդը խոսք կառուցում տարբեր բառերից: Ծառերն այդ կերպ ուղերձներ են հղում միմյանց, միջատներին, ինչպես նաև խոտակեր կենդանիներին: 
 
Երբ ծառերի վրա հարձակվում են ինչ-որ կենդանիներ, նրանք տագնապի ազդանշան են բարձրացնում՝ արձակելով հատուկ բուրավետ ֆերմենտներ, որին և արձագանքում են նրանց «եղբայրակիցները»: Նման դեպքերում ծառերի տերևները թունավոր անհաճո համ են ստանում, որպեսզի խոտակերներին հեռու քշեն: 
 
Շրջակա միջավայրի պրոֆեսոր Սյուզաննա Սիմարդի կարծիքով՝ ծառերը կարող են իրար փոխանցել հիմնական սննդային նյութերը, որը նրանցից որոշներին օգնում է ապրել:
 
Շնորհիվ համակեցությամբ գոյատևող սնկերի ստեղծած ցանցի՝ էկոհամակարգի տարիքն առած ծառերը սնում են մատղաշ բույսերին և նրանց են փոխանցում ածխաթթու գազ ու ջուր: Սիմարդը առաջ է քաշել «մատրիարխատի» տեսություն, ըստ որի առավել խոշոր և հզոր ծառերի շուրջը ձևավորվում է «երիտասարդությունը»: Եթե մայր ծառը մեռնում է, երիտասարդների ապրելու ներուժը խիստ նվազում է: 
 
Ծառերը քնում են
 
Մարդկանց նման՝ ծառերը ևս գիշերը հանգստանում են: Սա ավստրիացի, ֆինն և հունգար հետազոտողների միացյալ խմբի բացահայտումն է: Ապացույցներ գիտնականներին ընձեռել է լազերային պատկերահանումը, որը հնարավորություն է տվել դիտել տերևներից անդրադարձող ինֆրակարմիր լույսը: 
 
Պարզվել է՝ գիշերվա ընթացքում բոլոր ծառերն իրենց ճյուղերը իջեցնում են, և այդ ժամանակ փոխվում է նաև տերևների դիրքը: Դա ծառերի տեսքն այնքան էլ չի փոխում, գուցե այդ պատճառով էլ այս երևույթն աննկատելի է մնացել: Օրինակ, 5 մ բարձրություն ունեցող ծառերը ճյուղերն իջնում են ընդամենը 10 սմ-ով, սակայն դա տեղի է ունենում աստիճանաբար: 
 
Ծառերը նաև ինքնաբուժվում են 
 
Ծառերի բժիշկները հենց իրենք են: Գործում է մի մեխանիզմ, որը ծառին հնարավորություն է տալիս վնասված հատվածը մեկուսացնել: Տեղային վնասվածք ստանալիս նա շատ արագ արգելափակում է կենսականորեն կարևոր հաղորդիչ համակարգերը, և որոշակի հատվածներ բնափայտի հյութեր ու ջուր չեն ստանում:  Դրա շնորհիվ եթե վերքի մեջ վնասակար մանրէներ են ընկնում են, տարածվել չեն կարողանում: 
 
Ծառերը «թիկնապահներ» ունեն  
 
Հասկանալի պատճառով ծառերն իրենց պաշտպանել չեն կարողանում, սակայն բնությունը նրանց ևս օժտել է պաշտպանության որոշակի հնարավորություններով: Ծառեր կան, որոնք որպես թիկնապահ «վարձում են» միջատների ամբողջ զորախմբեր: Օրինակ Աֆրիկայի և Հարավային Ամերիկայի արևադարձային անտառներում աճում է ակացիայի մի տեսակ, որը կատարյալ պայմաններ է ապահովում մրջյունների կյանքի համար: Բնից դուրս եկող հզոր շիվերը մրջյունների համար հիանալի ապաստան են դառնում, իսկ հատուկ նեկտարը, որ արտադրում է ծառը, ծառայում է որպես սննդային խառնուրդ: Դե, մրջյուններն էլ խանդոտ կերպով պահպանում են ծառը բոլոր կողմերից ՝ հարձակվելով նրան մոտեցող այլ միջատների և անգամ խոտակեր կենդանիների վրա:  
 
Ծառերն զգում ու հիշում են
 
Ամերիկացի գիտնական Քլիվ Բաքստերը փորձարարական ճանապարհով ապացուցել է, որ ծառերն արձագանքում են մարդկանց արարքներին ու մտքերին: 
 
Փորձի ժամանակ բույսերից մեկին տրորել են մյուսի ներկայությամբ՝ վերջինիս նախօրորք միացնելով պատճենահան սարքին: Այնուհետև այն սենյակը, որտեղ գտնվել է «հանցագործության վկան», սկսել են մեկ առ մեկ մտնել տարբեր մարդիկ: Իսկ երբ այնտեղ է մտել թուփը ոչնչացնողը, սարքը «վկայի» մեջ արձանագրել է վախի զգացում, ինչը մնացածների ներս մտնելու ժամանակ տեղի չէր ունեցել: Այնուհետև գիտնականը որոշել է փորձարկվող բույսի տերևներն այրել, որպեսզի պարզի նրա արձագանքը: Բայց հենց որ Բաքստերն այդ մասին մտածել է, տվիչներն աշխատել են և հաղորդել մի տվյալ, համաձայն որի բույսը վախի նոպա է ապրում: 
 
Ծառերը նաև ճչո՞ւմ են
 
Ֆրանսիացի գիտանկաններին հաջողվել է ամրագրել ուլտրաձայնային ազդանշաններ, որոնք երաշտի ժամանակ  արձակում են ծառերը: Նրանք հաստատում են, որ տագնապ ապրող ծառերն արձակում են որոշակի ձայներ, ինչը վկայում է բույսի համար վտանգավոր չափի հասնող ջրի պակասի մասին: 
 
Ջրի պակասի պատճառով տեղի ունեցած փոփոխություններն ուղեկցվում են բարձր հաճախականությամբ ազդանշաններով, որոնք և գիտնականներն ամրագրել են որպես ծառերի օգնության կանչ: 
 
Ծառերն անմահ են, բայց նաև հակված են ինքնասպանության
 
Գիտնականները պնդում են, որ ծառերը գործնականում կարող են հավերժ ապրել: Նրանք մեռնում են մակաբույծներից, հիվանդություններից, իսկ ավելի հաճախ՝ մարդու գործունեությունից: Բայց պարզվում է՝ նրանք ընդունակ են նաև անձնասպանության: 
Մադագասկարում աճում են ինքնասպան հսկայական արմավենիներ: Իրենց ամբողջ կենսական էներգիան նրանք ծախսում են ծաղկելու համար, որն էլ ավարտում է նրանց գոյության փուլը: Հատուցելով բազմանալու պարտքը՝ արմավենին զոհվում է: Հետաքրքկիր է, որ ծառերի նման «անձնասպան հակումների» մասին մարդիկ համեմատաբար նոր են իմացել՝ ընդամենը 100 տարի առաջ: