Ուրվական դարձած ֆուտբոլասերի ոգին իր այդ հրապուրանքը չի մոռանում

Ամենուր տեղադրված արդիական տեսախցիկները, ըստ էության, մեր օրերում բացահայտում են իրականության մի պատկեր, որը մինչ այդ համարվել է մտացածին, եթե չասենք` զառանցական:

Խոսքը տարբեր տեսագրություններում երբեմն-երբեմն երևութացող ուրվականների մասին է: Իսկ քանի որ այսօր աշխարհի ուշադրությունը սևեռված է Ռուսաստանում անցկացվող ֆուտբոլի առաջնության խաղերին, ok.ru-ն իր հերթական հրապարակումը նվիրել է ֆուտբոլասեր ուրվականներին:

Տրամաբանական դատողությունը հուշում է` եթե ուրվականը, ինչպես պնդում են կախարդներն ու էքստրասենսները, ինչ-ինչ պատճառներով մեր աշխարհում մնացած մեռած մարդկանց հոգիներն են (քրիստոնեությունը համարում է, որ նրանք հանգիստ չգտած հոգիներն են), ապա այդ դեպքում կարելի է նաև հավատալ, որ նրանք չէին կարող ֆուտբոլի նման տարածված մարզաձևի նկատմամբ անտարբեր մնալ:

Չէ՞ որ նրանց մեջ շատերն են մոլի ֆուտբոլասերներ եղել, էլ չասած` հենց կյանքից հեռացած ֆուտբոլիստների մասին: Ֆուտբոլի ռուսաստանյան  առաջնության խաղերին երևացած ուրվականների մասին վկայել են նրանց տեսած մարդիկ: Մեր օրերում ֆուտբոլի կարևոր խաղերը նկարահանվում են ամենաարդիական տեսախցիկներով, այն էլ` ամբողջ խաղը դրվագ առ դրվագ ամրագրելով: Եվ հենց  այդպիսի տեսագրությունների վրա էլ երևացել են ուրվականների` որպես անհերքելի ապացույց մարզադաշտերում նրանց առկայության: Բայց նրանք սոսկ մրցումներ դիտող չեն լինում, երբեմն նաև միջամտում են խաղին…

Ուրվականը վազում է կողագծի երկայնքով

Տեսախցիկը նկարահանել է «Ռիսինգ»-«Ռեվեր փլեյթ» խաղը: 66-րդ րոպեին դաշտի տերերը անշտապ պատրաստվում են տուգանայինը իրացնել: Սակայն օպերտորի տեսախցիկը հանկարծ որսում է տարօրինակ մի կերպարանք, ենթադրվում է` մերկ տղամարդու, որը կողագծի երկայնքով սրընթաց տեղաշարժվում է նախ դեպի մի կողմ, ապա հետ է վազում: Ընդ որում, այդ ուրվականը հայտնվում է միանգամից և նույն կերպ անհետանում է իր այդ վազքարշավից հետո:

Շեղումային այդ պատկերը շատ հեռուստադիտողներ են տեսել, իսկ նրանք, ովքեր ուղիղ եթերը դիտել են այն միջօրեականներում, որտեղ գիշեր է եղել, ֆուտբոլին ներկայացած ուրվականի պատճառով քնից զրկվել են…

ՈՒգոյի ուրվականը խափանել է Ֆալկաոյի ուղիղ հարվածը Վենեսուելայի դարպասին

Երբ 2013թ. մարտին Վենեսուելայի նախագահ ՈՒգո Չավեսը վախճանվում է, նրան հաջորդող Նիկոլաս Մադուրոն հրապարակավ հայտարարում է, թե քաղաքական գործչի հոգին իրեն օգնում է երկրի ղեկավարի դժվարին գործում` երազ գալով և հուշելով, թե ինչ է հարկավոր անել: Չավեսը, նրա խոսքով, շարունակում է աշխատել ի բարօրություն Վենեսուելայի: Այդ պնդումներին քչերն են հավատացել, մանավանդ` Մադուրոն ամբողջ աշխարհում խելագարի համարում ուներ:

Մադուրոն իր երազները նկարահանելու հնարավորություն չի ունեցել, սակայն նրա խոսքերի հաստատումը տվել է ֆուտբոլի աշխարհի 2014թ. առաջնության Վենեսուելա-Կոլումբիա ընտրական խաղի տեսագրությունը: Այդ թեժ հանդիպման վերջին րոպեներին, երբ Վենեսուելան հաղթում էր 1:0 հաշվով, Ռադամել Ֆալկաոն կարող էր հաշիվը հավասարեցնել, քանի որ հաջողությամբ և ճշգրիտ հարվածով գնդակն ուղարկել էր դեպի վենեսուելական դարպասի անկյունը: Վենեսուելայի դարպասապահն ուղղակի ի վիճակի չէր լինի կասեցնել նման հարվածը: Բայց ահա կոլումբացի հարձակվողի գնդակը հանկարծ փոխում է ուղղությունը և հարվածում դարպասի ձողին:

Բնականաբար, հեռուստատեսությունների աշխատողներն անմիջապես սկսել են այդ հարվածը զննել` տեսագրությունը դիտելով տարբեր արագությունների տակ… Դա  շատերին է ցնցել, ասում են` որոշ ֆուտբոլասերներ նույնիսկ սրտի նոպա են ունեցել և շտապօգնության մեքենաներով հիվանդանոց են տեղափոխվել: Բանն այն է, որ տեսանյութի վրա երևում է այն պահը, երբ Ֆալկաոյի հարվածը հետ է մղում ՈՒգո Չավեսի ուրվականը:
Դե արի ու մի հավատա ուրվականներին և նախագահ Մադուրոյի խոսքերին:

Ուրվականը վախեցրել է Բոլիվիայի բնակիչներին
Նույն 2014թ. ևս մեկ տպավորիչ տեսանյութ է ամրագրվել Բոլիվիայի ֆուտբոլի առաջնության խաղերից մեկում: Ապրիլի 17-ի խաղի ժամանակ օպերատորի տեսախցիկը պատահականորեն նկարահանել է մի ուրվականի, որը հսկայական արագությամբ  անցնում է հանդիսատեսի շարքերով` ոչ մի ուշադրություն չդարձնելով ո՛չ ֆուտբոլասերների, ո՛չ էլ ուղեկցորդուհիների վրա: Դատելով ամեն ինչից` այդ մարդիկ նրան չէին տեսնում և ոչ մի անհարմարություն չէին զգում: Մինչդեռ ուրվականը կես րոպեում սլանում է գործնականում նրանց միջով:

Այստեղ ուշագրավ է նաև տեղական լրատվամիջոցների արձագանքը: Այդ գերբնական տեսանյութը մեկնաբանելով` նրանք բոլիվացի ֆուտբոլասերներին կոչ են արել առավել զգույշ լինել: Հնարավոր է` լրագրողներն իմացե՞լ են շատ ավելին…