Տարօրինակ հանդիպում խորհրդավոր մարդու հետ

ՏԵՍԻ՞ԼՔ, ԹԵ՞ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վեցամյա մի աղջնակի հետ հեռավոր 1978թ. մի դեպք է պատահել, որը նրա հիշողության մեջ ամուր նստել է ու ամբողջ կյանքում մտորումների տեղիք տվել: Ռեբեկա Վիկարան այժմ Ֆլորիդայում է բնակվում, իսկ մանկությունն անցկացրել է Միսուրիում:

Տարօրինակ հանդիպումը, որն այդքան հուզել է աղջկան, տեղի է ունեցել Ինդեփենդենս քաղաքում` նրա տատիկ-պապիկի տանը, որտեղ Ռեբեկան այդ ժամանակ գնացել էր մոր ու փոքրիկ քույրիկի հետ:

Պատմությունը, որը տեղ է գտել շեղումային  երևույթների ամերիկացի հետազոտող Ջեյսոն Օֆուտի գրքում, ներկայացնում է mirtesen.ru պարբերականը: Նշվում է, որ այն ժամանակ աղջնակը շուտ-շուտ է հիվանդացել և ժամանակ առ  ժամանակ բուժվել է հիվանդանոցում:

Խորհրդավոր մարդը հայտնվում է

Տվյալ գիշերը տատիկն իր երկու թոռնիկների հետ  ննջարանում է քնել, իսկ մայրիկը` հյուրասենյակում: Մահճակալին Ռեբեկայի տեղը շատ անհարմար է եղել, նա գործնականում պառկել է պատին սեղմված: Գիշերվա կեսին աղջիկն արթնացել է սարասփելի երազից.  իբր սենյակում պահարանների բոլոր դարակները բացվել են, և իրերն այնտեղից դուրս են թռչում` ասես անտեսանելի մեկը դրանք շպրտում է:

Վախեցած աղջնակն աչքերը բացում է և փորձում է  արթնացնել նույն մահճակալին քնած տատիկին, սակայն տարօրինակ կերպով դա չի հաջողվում: Այդ ժամանակ երեխան որոշում է գնալ մյուս սենյակը` մոր մոտ: Իսկ դրա համար հարկավոր էր անցնել այն պահարանի մոտով, որը երազում իրեն վախեցրել էր…

Ռեբեկան ավելի է վախենում, երբ շրջվում է պահարանի կողմը: Պատուհանի և պահարանի արանքում` ուղիղ իրենց անկողնու սնարի մոտ, կանգնել էր թուխ, բարձրահասակ մի մարդ: Նա հնաոճ երկարափեշ վերարկու և լայնեզր գլխարկ էր կրում, ձեռքին` ձեռնափայտ: Տարօրինակ է եղել նաև այն, որ նրա կերպարանքը փակել է պատուհանից ներթափանցող ամբողջ լուսնալույսը:

Որոշ ժամանակ աղջնակն ու լայնեզր գլխարկով մարդը սևեռուն իրար են նայել, իսկ հետո գիշերային հյուրը մատով ցույց է տվել Ռեբեկային և խուլ ձայնով երկու անգամ արտասանել. «Սա քո վերջին հնարավորությունն է»: Ապա ձեռքն իջեցնելով` արագ անհետացել է:

Վախեցած փոքրիկն առավոտյան այս ամենի մասին պատմել է մայրիկին ու տատիկին, սակայն նրան չեն հավատացել:

Մարդկային այդ մութ կերպարանքը նա անվանել է «վերարկուով ու գլխարկով մարդ», բայց հավատացած է եղել, որ դա իրական մարդ չէր: Իսկ մեծերը մտածել են, թե այդ ամենը մանկական սովորական երևակայություն է կամ պարզապես երազ: Տատիկի սենյակը նրա համար այդուհետ երկյուղալի վայր է եղել, և ուրախացել է, երբ շուտով իրենց տուն են վերադարձել: Այնտեղ նա այլևս չի վերադարձել, բայց շատ անգամ է փորձել իր պատմությունն ազգականներին պատմել: Վերջապես գտնվել է մեկը, ով նրան հավատացել է:

Այդ մարդուն, Ռեբեկայից բացի, ուրիշն էլ է տեսել

Երբ Ռեբեկան արդեն չափահաս է դարձել, նրա պատմությամբ հետաքրքրվել է մորաքույրը ու խոստովանել, որ այդ նույն կերպարանքն ինքն էլ է տեսել:

Իսկ Ռեբեկայի համար չորս տասնամյակ առաջ տեղի ունեցած տարօրինակ հանդիպումը դեռևս հանելուկ է: Տատիկը վաղուց մահացել է, ինքն էլ արդեն երիտասարդ չէ, սակայն հաճախ է իրեն հարց տալիս` ի՞նչ էին նշանակում այդ մարդու խոսքերը: Խոսքը ի՞նչ «վերջին հնարավորության» մասին էր: Գուցե այդտեղ ինչ-որ իմաստ կա: Գուցե անծանոթը ցանկացել է ասել, թե աղջկան մնացել է վերջին հնարավորությունը` տեսնվելու հարազատ մարդու հետ, քանի դեռ նա ողջ է…

Լայնեզր գլխարկով մարդը մի կերպար է, որը հաճախակի հիշատակվում է մանկական սարսափելի պատմություների մեջ: Իսկ գուցե դա ամենևին էլ պատահականություն չէ: Ռեբեկա Վիկարի պատմությունը միանգամայն իրական է համարում Ջեյսոն Օֆուտը: Բայց չէ՞ որ սարսափելի պատմությունների մանրամասներն էլ դատարկությունից չէ, որ առաջանում են:

Հնարավոր է` մարդը հպարտանում է, որ հաջողությամբ ինչ-որ սարսափելի պատմություն է հորինել, բայց ավելի ուշ այդ «երևակայողը» հասկանում է` նման բան ինքն արդեն ինչ-որ տեղ տեսել ու վերապրել է: Հնարավոր է` դա եղել է վաղ մանկության տարիներին, չի բացառվում` անցյալ կյանքում: