12 տարբեր անձ՝ նույն մարմնում

ԱՆՁԻ ԵՐԿՎՈՒԹՅՈՒՆԸ ԽԵԼԱՑՆՈՐՈՒԹՅՈ՞ՒՆ Է, ԹԵ՞…

Հոգեպես առողջ մարդը, մեր պատկերացումներով, ինքն իրեն նույնացնում է այն միակ անձի հետ, որի գիտակցությունն ունի: Մինչդեռ հրապարակումը, որը ներկայացնում ենք ըստ paranormal-news.ru պարբերականի, պնդում է, թե անձի երկվությունը շատ ավելի հաճախ հանդիպող երևույթ է, քան մենք կարող են երևակայել: Ընդ որում, այստեղ խոսքը անձի ոչ թե պարզ երկատման, այլ, կարելի է ասել, բազմապատկման մասին է:
 
Պատահական չէ, որ ամեն մարդու հետ էլ պատահում են այնպիսի իրավիճակներ, երբ նա զարմանքով իրեն հաշիվ է տալիս, թե ինչպես եղավ, որ կարողացավ ինչ-որ մերժելի արարք թույլ տալ: 
 
Ըստ էության՝ մարդու երկրորդ անհատականությունը (առավել հաճախ՝ «վատը») բավականաչափ թույլ է և հազվադեպ է դրսևորվում: Դա կարող է պատահել, օրինակ, թունդ խմած ժամանակ, մեծ ցնցումների ազդեցությամբ կամ էլ, ասենք, երբ քնած պահին լուսնոտություն է առաջանում: Ոմանք նման  երկատում հազվադեպ են ունենում, ուրիշների պարագայում այն նշանակալի չափով հաճախ է արտահայտվում,  և հենց նրանք էլ այդ երևույթից մեծապես տուժում են: 
 
Թերևս դժվար է պատկերացնել մարդու, ում մեջ գոյակցում են միանգամից մի քանի անհատականություններ: Գոյակցելը դեռ ոչինչ, նրանք նաև մշտապես մրացակցում են: 23-ամյա ամերիկուհի Լորեն Սթոտը հենց նման հիվանդությամբ է տառապում: Ջորջիա նահանգի այս բնակչուհին 12 անհատականությունների է մարմնավորում: Նրա հիվանդությունը կոչվում է նույնականացման տարաբաժանված խանգարում: Լորենի բուժող բժիշկը՝ Ստենֆորդի համալսարանի դոկտոր Դեյվիդ Շպիգելը, պարզաբանում է, որ միանգամայն եզակի դրսևորումներ ունեցող այս հիվանդությունն ամենևին էլ շիզոֆրենիա (մտացնորություն) չէ, թեև հաճախ է դրա հետ շփոթվում: 
 
- Շիզոֆրենիկներ աշխարհն ընկալում են աղավաղված, որը ավելի հաճախ արտահայտվում է զառանցանքներով և զգայախաբությամբ: Իսկ տարաբաժանված խանգարման ժամանակ  մարդը լիովին կարգին վիճակում է: Նրա խնդիրներն առնչվում են անհատականությունների բազմության հետ, որոնք ոչ միայն իրարից տարբերվում են, այլև յուրաքանչյուրն ունի սեփական հիշողությունները և իր «ես»-ի գիտակցությունը: Ընդհանրապես, մարդիկ նման խանգարումներով չեն ծնվում, պետք է ենթադրել, որ դա տեղի է ունենում, մանկության տարիներին ապրած ինչ-որ հոգեկան հարվածի պատճառով: Այդ հարվածն այնքան ուժգին է լինում, որ միացնում է մարդու հոգեբանական պաշտպանության մեխանիզմը, որպեսզի ապագայում նա նման երևույթներից ապահովագրված լինի,- նշել է Շպիգելը:
 
Լորեն Սթոտի ուժեղ և թույլ անհատականությունները
 
Լորեն Սթոտի մեջ գոյակցում են 12 անհատականություններ, որոնցից որոշները ուժեղ, գերակշռող են: Նրանցից է Սիլվիյան, ով կարող է ամեն պահի մանկական ջղային աղմուկ բարձրացնել, քանի որ ընդամենը 7 տարեկան է: Հաճախ «դուրս է հորդում» նաև Հոուփ անունով դեռահաս աղջնակը: Նա հավատացած է, որ իրեն բռնաբարել են: Բժիշկը համոզված է, որ հենց դպրոցական տարիներին ապրած այդ հարվածն էլ Լորենի հիվանդության պատճառն է դարձել: Սթոտի անհատականությունների թվում հատուկ տեղ ունի մի աստվածավախ մորմոն: Իր որոշ անհատականություններ Լորենը զուգորդում է տարբեր կենդանիների հետ: Իր 12 անհատականությունները աղջիկը բաժանել է 4 մասի և դասավորել երեք շարքով: Շարքերը գլխավորում է առաջնորդների ցուցակը: Հենց նրանք են մեծ ազդեցություն ունենում թե՛ Լորենի, թե՛ հասարակության մեջ նրա պահվածքի վրա: 
 
Այժմ Լորենն աշխատում է անտեր կենդանիների ապաստարանում: Նա համոզված է, որ հենց դրանք և առաջին հերթին իր սիրելի շուն Սերժանտ Թիբսն են իրեն օգնում հաղթահարել հիվանդությունը, այլ ոչ թե բժիշկների դուրս գրած դեղերը: Իսկ սեփական հիվանդության մասին աղջիկն ուշագրավ դատողություններ է անում.
 
- Մարդիկ այս հիվանդության մասին սխալ պատկերացում ունեն: Դիտելով սարսափ ֆիլմեր, ամեն տեսակի մարտաֆիլմեր և սերիալներ՝ քաղքենիները, չգիտես ինչու, մտածում են, թե անձի երկվություն ունեցող մարդիկ, ինչպիսին ես եմ, անպայման մարդասպաններ ու հոգեկան հիվանդներ են: Իրականում այսպիսի հիվանդների համար նման բաները շատ հազվադեպ դրսևորումներ են: Դրանք շատ ավելի հազվադեպ են հանդես գալիս, քան սովորական մարդկանց դեպքում, որոնց թվում մոլագարները, սադիստներն ու բռնաբարողները շատը ավելի շատ են: Ահա թե ինչու ինձ համար անչափ ցավալի է, երբ սկսում են վրաս «փորձել» սաստիկ հոգեգարի հագուստը: Չնայած, հեշտ չէ ապրել՝ մեջդ կրելով բազմաթիվ անհատականություններ: 
 
Նույնն է հաստատում նաև Լորենի ընկերը, որի հետ աղջիկն արդեն նշանվել է: Նա խոստովանում է, որ իր սիրեցյալի մեջ ապրում են մի քանի անհատականություններ, որոնց հետ հարմարվելը երբեմն անչափ դժվար է լինում: Նա դա նույնիսկ հետաքրքիր, մեկ-մեկ էլ ուղղակի անդիմադրելի է համարում: Միայն թե դեռևս չի կարողանում պետկերացնել, թե ինչպես կդասավորվի իրենց կյանքը, երբ ամուսնանան: 
 
Լորենը, սակայն անձի երկվությամբ տառապողների «ռեկորդակիրը» չէ: Մեկ այլ ամերիկացի՝ Բիլի Միլիգան անունով, միանգամից 24 անհատականության կրողն է եղել, որոնցից 10-ը՝ հիմնական: 1955-2014թթ. ապրած  Բիլիին 1970-ականներին բանտ էր սպառնում կողոպուտի և բռնաբարության մեղադրանքով, սակայն դատարանը նրան արդարացնում է,  քանի որ հաստատում է, թե Բիլին ոչինչ չգիտի այն բոլոր չարագործությունների մասին, որոնք իրագործել են նրա «ծածուկ» անհատականությունները: Նրան ուղարկում են հոգեբուժական հիվանդանոց, որտեղից դուրս է գալիս 1988թ. և համարվում է լիովին առողջացած: 
 
Չի բացառվում, իհարկե, որ երիտասարդը պարզապես կարողացել է ամերիկացի քննիչներին ճարպկորեն հիմարացնել: Միայն թե Դեյվիդ Շպիգելը՝ Լորենի բժիշկը, հավատացնում է, որ Լորեն Սթոտի և անգամ Բիլի Միլիգանի նման մարդիկ աշխարհում այնքան էլ քիչ չեն, պարզապես նրանք՝ շիզոֆրենիա ախտորոշմամբ, անարդարացիորեն փակված են հոգեբուժարաններում: