Մահ էլ կա, մահ էլ

Մարդիկ երբեմն կյանքից զրկվում են անհեթեթ թվացող դժբախտ պատահարներից, որոնցից խուսափելը համարվում է հասարակ բան. ընդամենը հարկավոր էր լինել զգուշավոր և առողջ դատողություն դրսևորել: Բայց գուցե իզուր չեն ասում` բախտից չես փախչի: Ասել է թե` որոշակի իրավիճակներում ո՛չ զգուշավորությունը, ո՛չ էլ առողջ դատողությունը փրկության չեն բերի: esoreiter.ru պարբերականը ներկայացնում է երկու կնոջ մահվան հանգամանքներ, որոնք ափսոսանքի հետ միաժամանակ նաև մտածել են տալիս, թե որքան անկանխատեսելի են կանքն էլ, մահն էլ:

Բրիտանուհու անսպասելի մահը մառանում

63-ամյա կենսաթոշակառու Էլիզաբեթ Իշերվուդը անցած ամռանն իր համար տնակ էր վարձել  Հյուսիսային Ուելսում Plas Talgarth հյուրանոցային համալիրում և այնտեղ տեղավորվել: Մի գիշեր նա վեր է կենում, որպեսզի զուգարան գնա, սակայն դռները շփոթում և հայտնվում մառանում: Հենց այդ պահին միջանցիկ քամուց դուռը փակվում է, իսկ երբ կինը փորձում է այդ թակարդից դուրս պրծնել, դռան բռնակը կոտրվում է:

Ոստիկանության նախկին աշխատակից լինելով` կինն իրեն չի կորցնում, հանում է մառանի դարակները և փորձում է քանդել աղյուսե պատը: Այս անգամ էլ է անհաջողությունը նրան հետապնդում` նա դեմ է առնում մի պատնեշի, որը միջնապատի տեղ է ընդունում, բայց իրականում այն ընդամենը մյուս կողմում կախված նկար էր: Կինը որոշում է բախտը փորձել հակառակ կողմում, բայց երբ պատին մի քանի անգամ խփում է, անզգուշաբար վնասում է ջրատար խողովակը, և նեղլիկ մառան է հորդում սառը ջուրը:

Կիսամերկ ու ուժասպառ` տարիքն առած կինը երկու օր մնալով սառը ջրի մեջ, կյանքին հրաժեշտ է տալիս: Մինչդեռ այդ ամբողջ ընթացքում նա օգնություն էր կանչել, որը լսել էր հարևան տան բնակիչը: Միայն թե նա այդ ձայներին ոչ մի նշանակություն չէր տվել…

Երկար շարֆը` մահվան պատճառ

Երբ ավելի քան 40 տարի առաջ նորաձևություն վերադարձան միքանիմետրանոց շորֆերը, շատերը հիշեցին ամերիկացի պարուհի Այսեդորա Դունկանի անհեթեթ մահը և դրանք կրողներին զգուշացնում էին ուշադիր լինել:

Ամերիկացի հայտնի պարուհին` Սերգեյ Եսենինի երկրորդ կինը, ավտոմեքենաների հետ առնչվող բազմաթիվ անախորժություններ էր ունեցել, ինչպես նաև իսկական ողբերգություն ապրել: 1913թ. Փարիզում ավտովթարից զոհվել են նրա երկու երեխան և դաստիարակչուհին, երբ «Ռենոն» շատ հանելուկային ձևով հայտնվել է Սենում: Դունկանն ինքը մշտապես ենթարկվել է ճանապարհատրանսպորտային պատահարների, թեև այս դեպքում կարծես ամեն ինչ պարզ էր. նա շատ է սիրել արագ սուրալ «առանց որևէ կանոնի»: Պատահական չէ, որ բարեկամներից շատերը նրա համար մահ են գուշակել ավտովթարից:

Դունականի մահվան պատճառն, իրոք, ավտոմեքենան է եղել, սակայն դա սովորական վթար չի եղել: 1927թ. սեպտեմբերի 14-ին Նիսում Այսեդորայի հետևից գալիս է Բենուա Ֆալկետոն, ինչպես այսօր կասեին` նրա բոյֆրենդը: Քանի որ նա  հեղինակավոր «Հելվեցիա» ավտոծառայության սեփականատերն էր, վարում էր Amilcar CGSS մակնիշի մի շքեղ երկտեղանոց մարզական մեքենա:

Երբ Դունկանն արդեն ցանկանում է հյուրանոցի համարից դուրս գալ, նրա ընկերուհի Մերի Դեսթին, ինչ-որ անհանգստություն զգալով, փորձում է պարուհուն ամեն կերպ հետ պահել այդ երեկոյան զբոսանքից: Անգամ Այսեդորայի հետևից մինչև հյուրանոցի դուռը վազում է` խնդրելով հետ գալ: Սակայն Այսեդորան բացականչում է.

- Անգամ եթե հաստատ իմանայի, որ սա իմ վերջին ուղևորությունն է, բոլոր դեպքերում կգնայի Նիսում խենթ արշավ կատարելու, քանի որ դարձյալ սիրահարվել եմ:

Այս անգամվա խենթ արշավը, սակայն, նրան վիճակված չէր, քանի որ ամեն ինչ կատարվում է հենց հյուրանոցի մատույցներում: Ավտոմեքենան նստելով` Դունկանը ուշադրություն չի դարձնում իր կարմիր շարֆի երկար ծայրին, որը կախ էր ընկել մինչև գետին: Հենց որ մեքենան շարժվում է, այդ ծայրն ընկնում է հետևի անիվի ճաղի մեջ (քանի որ այդ ժամանակ ավտոմեքենայի անիվները դեռևս ճաղեր ունեին), իսկ երբ Բենուան գազ է տալիս, շարֆը արագ փաթաթվելով անիվին` գործնականում ակնթարթաբար կոտրում է Այսեդորայի վիզը: Այդ ամբողջ ողբերգությանն ականատես է լինում Մերի Դեսթին: Վերջին պահին նա հասկացել է, թե ինչ կարող է պատահել, սարսափելի ճիչ է արձակել, սակայն նրան լսող չի եղել: Այսպես ահա կյանքին հրաժեշտ է տվել ամերիկյան մեծ պարուհին…
                                                                             
Ակամա հիշում ես Բուլգակովի «Վարպետը և Մարգարիտան» վեպի հերոս Վոլանդի խոսքերը` մարդ չի կարող երաշխավորել անգամ իր վաղվա օրը: Իսկ սրան գուցե միայն մեկ բան կարելի է ավելացնել` մահը, միևնույն է, վրա է հասնելու այս կամ այն կերպ, կարևորն այն է, թե ինչ անուն ու գործեր է թողում մարդը դրանից հետո: