Իռլանդացի հսկայի մարմինը հողին կհանձնվի 235 տարի անց

ԹԵ ԻՆՉՊԵՍ ՎԱՂԱՄԵՌԻԿ ԵՐԻՏԱՍԱՐԴԻ ԿՄԱԽՔԸ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՑՈՒՑԱՆՄՈՒՇ ԴԱՐՁԱՎ

Հսկայագարությունը (գիգանտիզմ) ծանր հիվանդություն է: Մեր ժամանակների բոլոր հսկա մարդիկ (խոսքը անցյալի հսկաներին չի վերաբերում) տառապում են ոչ միայն իրենց բարձր հասակի պատճառով: Նրանց հիմնական հիվանդությունն ուղեկցվում է տարբեր ախտերով, որոնք ի հայտ են գալիս սեռական հասունացման հասնելիս կամ անգամ ավելի վաղ:
 
Պարզվում է՝ անցյալում տարաբախտ հսկաներին ևս մի ծանր վտանգ էր սպառնում՝ մահից հետո մնալ անթաղ: Իր հրապարակումներից մեկում cactus-site.ru պարբերականը ներկայացրել է իռլանդացի հսկա Չարլզ Բիրնի ողբերգական պատմությունը: 232 սանտիմետր հասակ ունեցող իռլանդացին, կյանքն ապրելով 1761–1783թթ., կյանքի վերջում ընկերներին ուղղակի խնդրել է իր մարմինը տեղադրել մետաղական դագաղում, և նետել ծովի ջրերի խորքը, որպեսզի ոչ մի վիրաբույժ իրեն չմոտենա: 
 
Բիրնն ամենաշատը վախեցել է իր հայրենակից Ջոն Հանթերից: Այս վիրաբույժը սեփական թանգարան է ունեցել, որտեղ պահել է տարբեր կենդանիների և ամեն տասակի կենսաբանական արարածների խրտվիլակներ: Չարլզի վախը անհիմն չի եղել: Հենց որ 22 տարեկանում նա վախճանվում է, ամենազոր վիրաբույժը նրա մարմինը ձեռք է բերում, կմախքն ազատում մարմնից և դարձնում իր մասնավոր հավաքածուի ցուցանմուշ:
 
Ջոն Հանթերի մահից հետո իռլանդացի հսկայի կմախքը հայտնվում է Բրիտանական թանգարանում՝ ներկայացվելով համընդհանուրի դիտման: Այժմ այն Լոնդոնի Հանթերյան թանգարանի ցուցանմուշներից է: Իսկ քանի որ այժմ այս թանգարանը երեք տարով փակ է շենքի վերանորոգման պատճառով, Վիրաբուժության թագավորական քոլեջի ղեկավարությունը, որին և թանգարանը պատկանում է, վերջապես խոստացել է թաղել իռլանդացի հսկայի մնացորդները՝ կատարելով նրա վերջին կամքը: 
 
Մինչ այս Լոնդոնի Վիրավույժների թագավորական կոլեգիայի վարչությունը մերժում էր հասարակական տարբեր կազմակերպությունների բոլոր հայցերը, որով պահանջվում էր Ջարլզ Բիրնի կմախքը հողին հանձնել՝ ընդգծելով այդ ցուցանմուշի գիտական նշանակությունը: Սակայն ինչպես բրիտանական «Գարդիանն» է նշել, երևում է՝ ընթացիկ տարում սկսել են այլ աչքով նայել բրիտանացի հսկայի ճակատագրին: Եվ ուրեմն ստացվում է՝ Իռլանդիայի տարաբախտ հսկան իր թաղմանն է սպասել համարյա երկուսուկես դար:
 
Չարլզ Բիրնը քրիստոնյա էր, իսկ քրիստոնեությունը պնդում է, թե մարդը չի կարող մեր աշխարհը թողնել և երկինք բարձրանալ, քանի դեռ մարմինը հողին կամ կրակին չեն հանձնել: Ուրեմն հնարավոր է՝ Բիրնի ուրվականը մինչև օրս թափառում է Երկրում՝ նախատինքներ հեղելով Բրիսթոլի ձկնորսների հասցեին: Բանն այն է, որ տարածվել է մի ավանդազրույց, ըստ որի՝ ձկնորսները վաղամեռիկ հսկայի մարմինը թաղելու համար մեծ գումար են ստացել, սակայն հետո շլացել են վիրաբույժ Ջոն Հանթինգի տված 130 ֆունտ գումարով և դժբախտ Բիրնին նրան են վաճառել: