Մարդը կարո՞ղ է «արևներին նոր տեմպ տալ ու նոր ուղի»

Երբ 100 տարի առաջ Եղիշե Չարենցը համոզված էր, որ «Եթե ուզեն, արևներին նոր տեմպ կտան ու նոր ուղի» «ամբոխները խելագարված»՝ դա ընկալվում էր որպես սոսկ գրական հնարանք, որը խտացնում է մարդկային միասնության, նրա կամքի զորությունը: Տիեզերքի չափանիշներով մեկ ակնթարթ էլ չի անցել, իսկ գիտնականներն արդեն խոսում են անհունության մեջ աստղեր տեղաշարժելու հնարավորության մասին:
 
Ամերիկացի գիտնականների առաջ քաշած նոր տեսության համաձայն՝ առավել զարգացած քաղաքակրթությունները տիեզերքում աստղեր են զավթում և դրանք քաշում-հասցնում են իրենց մոլորակային համակարգությունները, որպեսզի օգտվեն դրանց արձակած էներգիայից: 
 
Նման համարձակ ենթադրության հեղինակները, սակայն, չեն կարողանում բացատրել, թե «կանաչ մարդուկներին» ինչպես է հաջողվում հսկայական լուսատուները տիեզերքում տեղաշարժել: Հետազոտողների խոսքով՝ դա նույնն է, որ նախամարդուն բացատրես, թե ինչ է համակարգիչը: 
 
evmenov37.ru-ի հրապարակումներից մեկը տիեզերքում տարածված քաղաքակրթությունների դասակարգման և նրանց զարգացման մակարդակի մասին է: Աստղաֆիզիկոս Դեն Հուպերը և Չիկագոյի համալսարանի նրա գործընկերները պնդում են, թե Արևն աստիճանաբար մարում է, և ի վերջո մարդը հարկադրված է լինելու հեռանալ Արեգակնային համակարգությունից: Եթե մինչ այդ մեր մարդատեսակը ոչնչացված չլինի և հասած լինի զարգացման բարձր մակարդակի, նրան հաստատապես էներգիայի ահռելի քանակ հարկավոր կլինի: Ընդարձակվող տիեզերքի պայմաններում նման գերքաղաքակրթությունը լիովին կարող է սովորել աստղերը քաշել դեպի իր մոլորակը և օգտագործել  դրանց էներգիան: Իսկ եթե դա երբևէ հնարավոր է, նշանակում է՝ դրանով արդեն իսկ զբաղվում են առավել զարգացած այլմոլորակային քաղաքակրթությունները:
 
Ընդարձակվող տիեզերքի տեսությունը ենթադրում է, որ աստղերը մեզնից ավելի ու ավելի են հեռանում: Փորձագետները կարծում են, որ մարդկությունը կկարողանա աստղերից ստացվող էներգիայի մի մասին այլ ուղղություն տալ՝ դրանք տեղափոխելով և իր շուրջն ստեղծելով էներգիայի անհավատալի զորեղ աղբյուրների կուտակում: Ի դեպ, նաև բացառված չէ, որ գիտնականներն ապագային նայում են, պատկերավոր ասած, նախամարդու տեսանկյունից: Հնարավոր է՝ մեր հեռավոր սերուդները արտաքին էներգիայից բոլորովին կհրաժարվեն, կամ կկարողանան այն  անսահման քանակությամբ ստանալ բառի բուն իմաստով ոչ մի տեղից:
 
Քանի՞ տեսակի են բաժանվում այլմոլորակային քաղաքակրթությունները
 
Պարբերականը հիշեցնում է Տիեզերքում քաղաքակրթությունների զարգացման մակարդակի մասին խորհրդային աստղաֆխզիկոս և ռադիոաստղագետ Նիկոլայ Կարդաշևի՝  1964թ. առաջարկած միանգամայն ուշագրավ տեսությունունը: Գիտնականը տիեզերքում գոյություն ունեցող բոլոր ռասաները բաժանել է չորս պայմանական տեսակի՝ հիմք ընդունելով, թե ամեն մեկը որքան էներգիա է ծախսում: Այսպես, որոշ քաղաքակրթություններ (ինչպիսին մերն է) սահմանափակվում են սեփական մոլորակի պաշարներով: Մյուսները կարող են օգտագործել իրենց մոլորակային համակարգերի կենտրոնական աստղի հզորությունը, երրորդները՝ իրենց գալակտիկայի, իսկ վերջինները՝ ամբողջ տիեզերքի: 
 
Իսկ ահա ընդամենը երկու ամիս առաջ Կադիսի համալսարանի իսպանացի գիտնականներն առաջ են քաշել մեկ այլ վարկած: Նրանց ելակետն էլ տիեզերքը բնակեցնող քաղաքակրթությունների ներուժումն է, որով նրանք ներգործում են հենց իրենց և շրջակա միջավայրի վրա: Ըստ նրանց, ամենասահմանափակ ռասաները, օրինակ, իբր լիովին կախված են իրենց մոլորակների պայմաններից և ենթակա են կենսաբանական առաջընթացի բոլոր օրենքներին: Առավել զարգացածները կառավարում են եղանակը և հակազդում են բնական աղետներին, յուրացնում են միջուկային ֆիզիկան և գենային ճարտարագիտությունը, գաղութացնում են ուրիշ մոլորակներ: Այսինքն, այս պահին մարդկությունը առաջին և երկրոդ մակարդակների արանքում է: 
 
Երկրորդ տեսակի քաղաքակրթությունը, իսպանացիների կարծիքով, վերահսկում է ձգողական և քվանտային էներգիաները, ներգործում է տարածաժամանակային  անընդհատության վրա և հետազոտում է հեռավոր գալակտիկաները: 
Երրորդ տեսակը տիրապետում է անմահությանը, ճամնապարհորդություններ է իրականացնում դեպի ուրիշ չափումներ, կառավարում է հականյութն ու մութ էներգիան: 
 
Բացառված չէ, որ կան նաև առավել կատարյալ քաղաքակրթություններ, որոնց գոյությունն անգամ չենք էլ կարող պատկերացնել: Այդ է պատճառը, որ մենք ուրիշ տարածությունների, այլ ժամանակների այլմոլորակայիններին և եկվորներին պատկերացնում ենք անպայման մեզ նման՝ մեր այդ պարզունակ պատկերացումների մեջ ակնհայտորեն  մոլորության մեջ ընկնելով: