Իրականում ո՞վ է Ռայխստագի վրա հաղթանակի առաջին դրոշը բարձրացրել

«ԻՆՉՊԵՍ ԻՐԱԿԱՆԱՑԱՎ ԴԱՐԻՍ ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆԸ»

Եթե մարդկության պատմությունը շարադրվեր այնպես, ինչպես իրականում եղել է, մեր աշխարհը միանգամայն այլ կլիներ: Իրական հերոսները սերունդներ կկրթեին, իսկ չարդարացված դաժանությամբ, դավաճանությամբ, խաբեությամբ, ավերով ու թալանով արատավորվածները  նողկանքով կհիշատակեին: Միայն թե ցավոք՝ պետությունները պատմությունն օգտագործում են որպես մի զենք, որով կարող են խոցել իրենց հարմար թիրախները: Կամ էլ պարզապես ուրիշների հաշվին սին փառքով պսակել ձեռնտու մարդկանց:
 
Ուղիղ 77 տարի առաջ այս օրը ֆաշիստական Գերմանիան հարձակվեց Խորհրդային Միության վրա և պարտություն կրեց համարյա 5 տարի անց՝ Ռայխստագի գրավումով: Հաղթանակի խորհրդանշաններից մեկը ԽՍՀՄ դրոշն էր, որը ապրիլի 30-ին ծածանվեց ֆաշիզմի այս վերջին պատվարի վրա: Իսկ հերոսների անունները, ովքեր այդ սխրանքը գործեցին՝ այնտեղ հաղթանակի դրոշ բարձրացնելով, ընդմիշտ գրվեց այդ պատերազմի պատմության մեջ՝ Եգորով և Քանթարիա:  
 
Ըստ NewRezume.org-ի մի հրապարակման՝ բանակի և հասարակության բարոյազրկումը սկսվում է հերոսների մասին հիշողությունները և իրական սխրանքի մեծարումը կեղծելուց, մի բան, որ տեղի է ունեցել մասնավորապես այս դեպքում: 
Ներկայացված լուսանկարում 1945թ. ապրիլի 30-ին Ռայխստագի գրոհին մասնակցած 150-րդ դիվիզիայի 674 հրաձգային գնդի հետախուզական խումբն է: Առջևի գծում մի երիտասարդ է՝ Գրիգորի Բուլատովը, ով անձամբ է առաջին դրոշը տեղադրել Ռայխստագի վրա: Նրա թիկունքում սպայական գլխարկով հրամանատարն է՝ լեյտենանտ Սեմյոն Սորոկինը: Առաջինը նրա դասակն է Ռայխստագ մուտք գործել:
 
Սորոկինի մարտիկներին, սակայն, հերոսներ չեն համարել, և ԽՍՀՄ կառավարությունը որոշել է Ռայխստագի գրոհի հերոսներ նշանակել պատահական, սակայն «քաղաքականապես ճիշտ» մարդկանց՝ Եգորովին և Քանթարիային: 
Հրապարակման մեջ նշվում է, որ 1945թ. մայիսի 3-ին նկարահանված «Ռայխստագի առումը» ֆիլմում Ռոման Կարմենը Սորոկինին նկարահանել է, սակայն հետագայում տվյալ կադրը կտրվել է: Իսկ այդ կադրում երևում էր  Բուլատովի դեմքը, որը և տեղադրում է րդրոշը: Այդ անարդարությունը կործանել է կյանքը շատ մարտիկների, ովքեր մասնակցել են Ռայխստագի գրոհին, իսկ իսկական հերոս Բուլատովը 47 տարեկանում ինքնասպան է եղել: 
 
674-րդ գունդը, որն առաջինն է ներխուժել Ռայխստագի տարածք, գրոհի ժամանակ մեծ կորուստներ է ունեցել՝ 57 սպանված և 120 վիրավոր: Իսկ երբ գլխավոր հերոսներ են հռչակել երկու հոգու 756-րդ գնդից, որը Ռայխստագի գրոհին չի մասնակցել, 674-ի սպաներն ու զինվորները վրդովվել են: Դրա պատճառով հանդիսավոր արարողությունների ժամանակ նույնիսկ բախումներ են եղել: Եգորովն ու Քանթարիան ամբողջ պատերազմի ժամանակ ոչ մի պարգևի չէին արժանացել, նրանց բոլոր պարգևները տրվել են պատերազմից հետո: Իսկ 19-ամյա Գրիգորի Բուլատովը Ռայխստագի գրոհին գնացել է «Խիզախության համար» երկու մեդալով: 1944թ. հունիսին պարգևատրվել է բարձունքի գրոհի համար, իսկ հուլիսին՝ նրա համար, որ հետախուզական խմբի կազմում մի շատ վտանգավոր որոնման ժամանակ արժեքավոր գերմանացի գերի է բռնել: 
 
Սակայն, հուրախություն այդ ժամանակվա քաղղեկների և հեղինակություն ձևավորողների՝ հնարավոր է եղել բոլորի բերանը փակել՝ սպառնալով հաշիվ տեսնել ցանկացած անհամաձայնություն հայտնողի հետ: 
 
1947թ. գեներալ Շատիլովը՝ 150-րդ դիվիզիայի նախկին հրամանատարը, ով ռազմական գործողության համար Խորհրդային Միության հերոսի կոչում է ստացել, զինվորների խումբ է բերում Մոսկվա՝ այդ թվում՝ Բուլատովին, և հասնում արդարության: Գրիգորիին բնակեցնում են ԽՍՀՄ անվտանգության նախարարության ամառանոցներից մեկում: Սակայն հետո այնտեղի աղախններից մեկը հայտարարում է, թե Բուլատովն իրեն բռնաբարել է, Գրիգորիին դատում են և բանտ նստեցնում: Նրան շուտով ազատում են, բայց այս տարօրինակ գործի հանգամանքները մինչև օրս պարզված չեն: Բուլատովի ընկերները համարում էին, որ ամբողջ գործը սարքված է եղել, որպեսզի փակեն Բուլատովի ու իր ընկերների բերանը և պաշտոնական պատմությանն սպառնացող վտանգը կանխեն: 
 
Նշվում է, որ անգամ Ստալինի մահից հետո խորհրդային քարոզչությունը չի ցանկացել սխալն ուղղել: 1965թ. հանդիսության ժամանակ Մոսկվայում հաղթանակի դրոշը վստահում են Եգորովին ու Քանթարիային, 171-րդ դիվիզիայի 380-րդ գնդի գումարտակի հրամանատարի  հետ միասին: 674-րդ գնդի գումարտակի անհնազանդ հրամանատար Նեուստրոևը, գնդի հրամանատար Պլեխոդանովը հաղթանակի դրոշը տանելուց զրկվում են նրա համար, որ Եգորովի ու Քանթարիայի դեմ բողոքել ու հայտարարություններ էին արել:
 
Դեռ ավելին՝ 1965թ. հրատարակվում է 150-րդ դիվիզիայի թղթակից Սուբոտինի գիրքը՝ «Ինչպես են ավարտվում պատերազմները»: Սուբոտինը շատ լավ է իմացել, թե իրականում ինչ է եղել, սակայն ճշմարտության փոխարեն գրել է բացահայտ սուտ և Եգորովին ու Քանթարիային հռչակել իսկական հերոսներ, իսկ Բուլատովին ու նրա ընկերներին խաբել է: Այսպիսով՝ պատերազմի ավարտից 20 տարի անց քարոզչությունը հիմնովին փոխել է իրադարձությունների իսկական պատմությունը: 
 
Միայն 1966թ. է 674-րդ գնդի հրամանատար Ալեքսեյ Պլեխոդանովը նամակ ուղարկում խորհրդային առաջատար թերթերից մեկի խմբագրություն: Իր հոդվածը նա վերնագրել էր՝ «Ինչպես իրականացավ դարիս խարդախությունը»:
 
«Զորացրվելուց հետո և հատկապես վերջին տարիներին, երբ պսակազերծվեց անհատի պաշտամունքը, Ռայխստագի գրոհի մասնակիցները և նրա վրա Հաղթանակի դրոշ բարձրացնողները բազմիցս դիմել են ամենատարբեր ատյանների՝ պահանջելով  օգնել գլուխ հանելու, վերականգնելու Հաղթանակի դրոշի բարձրացման գործի իսկությունը: 
 
Նրանք միաձայն հայտարում էին, որ Եգորովն ու Քանթարիան դրոշի բարձրացման գործին ոչ մի մասնակցություն չեն ունեցել: Ավելին՝ Ռազմական խորհրդի կողմից իրենց հանձնված դրոշը նրանք կորցրել են և մարտադաշտից խայտառակ փախուստ են տվել: Այդ վայ-մարտիկները Ռայխստագ են մտել, այսպես ասած, գլուխ պահելու համար, այն էլ այն ժամանակ, երբ այնտեղ արդեն ամբողջ օրը ծածանվում էր Հաղթանակի դրոշը: Ու մտել են ավտոմատավորների խմբի ուղեկցությամբ...
 
Իրենց բոլոր հայտարարություններն իսկական հերոսները հիմնավորել են համոզիչ ու անժխտելի ապացույցներով: Հետախույզների ամբողջ 7-յակը և նրանց մարտական ընկերները բազմիցս պատմել են պատասխանատու ընկերներին, որոնք փորձում էին նրանց սխրանքը թաղել զանգվածային հերոսականության տակ: Ոչ մի տեղ և երբեք նրանք այդպես էլ խելքը գլխին մի պատասխան չեն ստանում: Ռայխստագի վրա Հաղթանակի դրոշը բարձրացնելու համար գրոհից առաջ բարձրագույն  հրամանատարության խոստացած կառավարական բարձր պարգևներն այդպես էլ մնացին չհանձնված՝ պատերազմի ավարտից անգամ ավելի քան 20 տարի անց: 
 
Ո՞ւմ է հարկավոր այս խաբեությունը, ո՞րն է նպատակը: Այս կեղծիքին վերջ տալու ժամանակն է»: 
 
Պլեխոդանովի նամակը ոչ մի թերթ չի համարձակվում հրապարակել: «Պրավդա» թերթին գրոհի մասին ճշմարտությունը գրել է նաև լեյտենանտ Սեմյոն Սորոկինը: Սա նույնպես ոչ մի տեղ չի հրապարակվել: Էլեկտրոնային պարբերականը ցավով նշում է, որ պատերազմից հետո իսկական հերոսները պետության համար այլևս հետաքրքիր չէին: 
Այնուհետև Ռայխստագի գրոհի իսկական հերոսները գրում են 20 տարի առաջվա հիշողությունների մի եզակի գիրք՝ «Ինչպե՞ս, ո՞վ և ե՞րբ է Հաղթանակի դրոշ բարձրացրել ռայխստագի վրա»: Խորհրդային ոչ մի հրատարակչություն այն չի հրատարակում, միայն «Սամիզդատ»-ում են այն գրամեքենաներով մեքենագրում, որն էլ տարածում է գտնում պատմությամբ հետաքրքրվողների շրջանում: 
 
1965թ. Գրիգորի Բուլատովը, ինչպես և խորհրդային վետերաններից շատերը, ապրում էր անմարդկային սուղ ու աղքատ պայմաններում: Ահա հատված նրա նամակից. 
«Այժմ աշխատում եմ «Կարմիր խարիսխ» ֆաներայի կոմբինատում՝ որպես մոտորանավակի շարժիչի վարպետ: Սովորել չհաջողվեց, դե, կացարանս էլ հնարավորություն չի տալիս. ընդեմենը մի փոքրիկ սենյակ է՝ 13 մ: Տեղ էլ չկա, որ դստերս մահճակալը տեղավորվի... Իհարկե, վիրավորանքն անջնջելի է: Ինչպես կարող է ամն ինչ խաբեություն լինել:Ես շատ լավ եմ հիշում Զինչենկոյի ու մնացած բոլոր սպաների խոսքերը՝ կենդանի մնաք ու տեղ հասնեք՝ ամեն մեկդ ոսկե աստղ կստանաք: Չէ՞ որ մենք ուղիղ դեպի մահն էինք ցատկել»: 
 
Բուլատովը հարբեցող է դառնում, իսկ ընտանիքը քայքայվում է: 1968թ. դատվում է հափշտակության համար, իսկ 1970թ.՝ խուլիգանության: Հանցագործությունները կատարել էր հարբած վիճակում: Նրա ազատման համար ջանքեր են գործադրում բազմաթիվ հայտնի վետերաններ՝ ներառյալ մարշալ Ժուկովը: Բուլատովն սկսում է բացահայտորեն ասել, թե մտադիր է կյանքին վերջ տալ: 
 
1973թ. հունվարի 12-ին Բուլատովը նամակ է գրում Ռայխստագի գրոհի մեկ այլ չճանաչված հերոսի՝ Ռոհիմջան Կոշկարբաևին.
 
«Այսպես ահա կես տարի է՝ ես ազատազրկման վայրերից ազատվել եմ: Կյանքս փայլուն չէ, պարծենալու բան չունեմ: Արդեն ոչ մեկի վրա հույս չեմ դնում: Երբ հարկավոր էինք, մեզ խոստումներ էին տալիս: Երիտասարդ էինք, մեզ խաբելը հեշտ էր: Թե ինչ է եղել, դու լավ գիտես: Սա վիրավորանք է ամբողջ կյանքի համար: Խնդրում եմ՝ ինձ համար ջանքեր մի թափեք: Կարծում եմ՝ ամեն ինչ զուր է, արդեն զզվել եմ»:
 
1973թ. ապրիլի 19-ին Գրիգորի Բուլատովը Սլոբոդսկի մեխանիկական գործարանի զուգարանում կախվում է: Նա ընդամենը 47 տարեկան էր... 
 
Իսկապես, պատերազմի իսկական հերոսները, արդարության սրված զգացում ունեն՝ նրանք վաղուց արդեն անցել են մահվան սարսափի պատնեշը: Եվ վետերանների հանդեպ լավագույն հարգանքը բոլոր արժանավորների հիշատակը հարգելն է, իսկական սխրանքները ճանաչելը և արդարությունը, երբ  մարդկանց գնահատում են: