Շան հավատարմությունը երբեմն երևակայությունից վեր է

Շան հավատարմությունը մարդու համար միշտ էլ չափանիշ է, և դրա մասին բազմաթիվ իրապատում ասքեր են հյուսվել: Դրանցից երկուսը, որ տիրոջը նվիրվածության, ապաև անծանոթին փրկելու անօրինակ պատմություններ են, վերապատմում է esoreiter.ru պարբերականը: Ընդ որում հրապարակման մեջ շեշտվում է, որ թեև շներից երբեմն նաև վնասներ են հնարավոր, սակայն նկատի ունենալով թևավոր խոսքի արժեք ստացած արտահայտությունը` «ինչքան ավելի շատ եմ մարդկանց ճանաչում, այնքան ինձ ավելի են դուր գալիս շները», այստեղ շների մասին միայն լավն է ասվելու:

 

Թաիլանդյան արագընթաց մայրուղու պատնեշին շունն ամեն երեկո տիրոջն է սպասում

Բանգկոկի մայրուղու 70-րդ կիլոմետրին թաիլանդական մի գավառական քաղաք կա, որը կոչվում է Այութհայա: Այն ժամանակին եղել է Այութիյա հին թագավորության մայրաքաղաքը, որը նախորդել է Սիամին:

Այս տեսարժան քաղաքի բնակիչներն ամեն օր մի զարմանալի պատկերի ականատեսն են դառնում: Երեկոյան ժամերին մայրուղու ամենաաշխույժ հատվածում հայտնվում է մի շուն և արհամարհելով անընդհատ հոսքով ընթացող ավտոմեքենաների բխող վտանգը` բարձրանում է ճամփաբաժան պատնեշի վրա: Նա այնտեղ համբերությամբ սպասում է, ըստ երևույթին, իր կորած տիրոջը:

Շան այդ արարքին արդեն սովորած վարորդները դրան ոչ մի ուշադրություն չեն դարձնում, նրան արդեն հազիվ են նկատում նաև քաղաքի բնակիչները: Տեղական ԶԼՄ-ների լրագրողները պատմում են, որ սկզբում մարդիկ փորձել են շանն ապահովագրել սպառնացող իրական վտանգից` նրան տեղափոխելով անվտանգ տեղ, սակայն նա համառորեն դարձյալ վերադարձել է իր «պահակակետը»:

Այդ շունը թաիլանդական հին քաղաքում է հայտնվել ընդամենը մեկ տարի առաջ: Ըստ երևույթին` տերն է նրան այդ հատվածում մեքենայից դուրս շպրտել: Իսկ ահա շունը դա չի հասկանում և հույս ունի, որ մի երեկո նա գալու է իր հետևից: Մնում է ենթադրել, որ տերը նրանից ազատվել է օրվա մութ ժամի, դրա համար էլ նա այդտեղ է գալիս երեկոյան և 12 ժամ հերթապահում է նույն տեղում: Իսկ մնացած ժամանակը զբաղվում է իր համար կեր հայթայթելով, որպեսզի մթնելուն պես վերստին սկսի իր հերթապահությունը:

Մարդ փրկելու գործում հետ չեն մնում նաև… շների ուրվականները

Պարբերականը հիշեցնում է հավատալիքը, ըստ որի տնային շները (ինչպես նաև կատուները) իրենց վրա են ընդունում տիրոջ բոլոր հիվանդությունները, իսկ ծայրահեղ իրավիճակներում իրենց երկոտանի բարեկամներին փրկում են անգամ սեփական մահվան գնով:

Պարզվում է` շատերն են պատմել, որ իրենց մահացած շների ուրվականները տանը հայտնվել են ճակատագրական պահերի. Օրինակ, նրանց քնից հանել են նախքան հրդեհը, երկրաշարժը կամ արտահոսող գազից վերահաս թունավորումը:

Շան ուրվականի հետ կապված այս մի դեպքը, սակայն, միանգամայն յուրահատուկ է: Մի տաք երեկո ամառային այգում իր երեք գիրուկ երեխաների հետ ժամանակ է անցկացնում մի երջանիկ մայրիկ: Մի պահ կնոջ ուշադրությունը երեխաներից շեղվում է (ենթադրվում է` բջջայինով էր տարվել) և այդ պահին մանչուկներից մեկը թափով վազում է դեպի բանուկ ավտոխճուղին: Լսվում է արգելակների ահարկու ճռռոց, ահաբեկված անցորդների ճիչեր, մայրիկի աչքերում սարսափն է քարանում: Թվում էր` արդեն ոչինչ անել հնարավոր չէ, շատ ուշ է…

Եվ ահա այդ ծանր պահին երեխայի տաբատի գոտուց բռնում է չգիտես որտեղից հայտնված մի փրչոտ շուն և նրան բառացիորեն դուրս է քաշում մեքենայի անիվների տակից: Բոլորը թեթևցած շունչ են քաշում… Միայն թե իրարանցման մեջ ոչ ոք չի նկատում, թե ինչպես է բոլորի տեսողությունից կորչում շունը: Իսկ երբ հիշում են, ոչ մի կերպ չեն հասկանում, թե ուր է անհետացել:

Շունը հայտնվել էր շատ խորհրդավոր կերպով և նույն կերպ էլ անհետացել: Բայց հանկարծ ինչ-որ մեկը հիշում է, որ մեկ տարի առաջ ճիշտ նույն տեղում մեքենան հարվածել է ճիշտ այդպիսի մի շան, որինփրկել չի հաջողվել:  Լռությունը, որ հաջորդում է այդ պահին` դիտվում է որպես հարգանքի տուրք շների բարությանն ու նվիրվածությանը, որոնք անգամ մահից հետո շարունակում են ծառայել մարդուն, անգամ միանգամայն օտարին:

Իսկ այս պատմությունը հայկական իրականությունից է: Երկրորդ համաշխարհայինի տարիներին մի օր Կերչում կռվող ճակատային Գևորգ Հակոբյանի շունը իրենց հայաստանյան գյուղում «հացադուլ» է անում` ոչինչ չի ուտում ու միայն կլանչում է: Երկու շաբաթ անց շունը սատկում է, իսկ ընտանիքի անդամները հետագայում պարզում են, որ ճիշտ այդ օրերին Կերչում զոհվել է նրա տերը: 

Եվս մեկ բան. ասում են` Հայկական լեռնաշխարհում շներին այնքան վաղուց են վարժեցրել, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի արժեք համարվող հայկական գամփռները աչքի են ընկնում բացառիկ հատկություններով: Օրինակ, նրանք ոչ մի պարագայում չեն վայրենանում` ի տարբերություն ուրիշ շների, որոնց մեջ դրսևորվում են գայլային հատկությունները` հենց որ մարդու հսկողությունից դուրս են մնում: