Մարդկության միայն 3%- ի ձեռնափերն են «խաչակիր»

ԻՆՉ Է ՀՈՒՇՈՒՄ ՁԵՌՔԻ ԱՓԻՆ ԱՌԿԱ ԽԱՉԻ ՆՇԱՆԸ

Մեզանից յուրաքանչյուրը, երևի, ամեն օր է նայում սեփական ափերին, սակայն երբևէ չի մտածում, թե ինչ նշանակություն կարող են ունենալ դրանց ծանոթ գծերը: Իսկ շարադրվածն իմանալուց հետո երևի արժե սեփական ափերն ավելի ուշադիր զննել, ո՞վ իմանա՝ գուցե դուք մարդկության կյանքը դեպի լավը վերափոխելու կոչվածներից մեկն եք, և այդպիսի դեր ստանձնելու համար ձեր կյանքում լոկ դրա գիտակցությունն է պակասում…
 
Մարդու ձեռքը թերևս բնության մեծագույն առեղծվածներից է: Հենց միայն այն հանգամանքը, որ մեկի մատնահետքը մյուսի հետ շփոթել հնարավոր չէ, ցույց է տալիս, թե որքան անհատական են դրանց վրա եղած գծերն ու կորերը: Իսկ ձեռքի ափն ըստ էության մի ամբողջ հանրագիտարան է տվյալ անձի մասին, որոնք կարդալու համար պետք է ձեռնագիտություն՝ քիրոմանտիա ուսումնասիրի: Հնում կարողության տեր մարդիկ նույնիսկ անձնական ձեռնագուշակներ էին պահում, ովքեր նրանց պետք է հուշեին, թե մոտ ապագայում ինչի ակնկալիք ունենան: 
Թե որքանով է ձեռնագուշակությունը գիտություն՝ քչերը կարող են ճշգրիտ սահմանել, սակայն փաստն այն է, որ դա մեծ տարածում ունի, և ձեռնափի նշաններին նաև օրինաչափություններ են վերագրվում: Դրանց թվում առանձնանում է Х գրանիշի տեսքով նշանը: Համարվում է, որ եթե մարդու մեկ կամ երկու ձեռքին՝ այսպես կոչված սրտի և գլխի գծերի արանքում այդ նշանը երևում է, նրան վիճակված է կյանքում հասնել իսկական մեծության և իրենից հետո նշանակալի հոգևոր ժառանգություն թողնել: Ընդունված է ենթադրել, որ նման անհատականությունները աշխարհի վրա մեծ ներգործություն են ունենում՝ հաճախ իրենք էլ դա չգիտակցելով: Նրանք, կարելի է ասել, հասարակությունն առաջ մղեղ ուժն են: 
 
Միայն թե մեր մոլորակի վրա նման մարդիկ այնքան էլ շատ չեն՝ մարդկության ընդամենը 3%-ը: Գուշակությունների այս հին համակարգը՝ ձեռնագիտությունը, ըստ էության հնարավորություն է տալիս բնավորության գծերը որոշել մարդու ափի նշաններով: Ենթադրվում է, թե այն սկիզբ է առնել հին Հնդկաստանից, Եգիպտոսից ու Հունաստանից: Նման խաչ եղել է, օրինակ, Ալեքսանդր Մակեդոնացու ափին: Նման նշաններ ունեցել են Աբրահամ Լինքոլնը, Ֆիդել Կաստրոն, շատ այլ համաշխարհային առաջնորդներ: Ունի նաև Վլադիմիր Պուտինը (ըստ esoreiter.ru պարբերականի):
 
Եթե անգամ նման մարդիկ հակասական փառք են ունենում, և նրանց անունը ոչ միշտ է բարի գործերով  փառաբանվել, այդուհանդերձ՝ նրանք մարդկության պատմության վրա հսկայական ներգործություն են թողել: (Իսկ գուցե հենց նման մարդկանց համար է ձևավորվել «չար հանճար» արտահայտությունը): Անկասկած՝ նման նշանով բոլոր մարդիկ չէ, որ կյանքում հաջողությունների են հասնում (երևում է՝ լիովին համապատասխան լինելու համար որոշակի հանգամանքներ էլ են անհրաժեշտ): Սակայն նաև հաստատված է համարվում, որ հաջողակ անհատների մեծ մասը ձեռքի ափին ունի այդ նշանից:
 
Ձեռնագիտության համաձայն՝ նման անձնավորություններն ունենում են ուժեղ բնավորություն, անխախտելի սկզբունքներ, ակնհայտ տաղանդ, սուր միտք և աներևակայելի ներըմբռնողություն: Նրանք շատ արագ ճիշտ որոշումներ են ընդունում, քիչ է պատահում, որ մարդկանց հարցում սխալվեն, երբեք չեն զբաղվում ինքնազննմամբ: Նրանց գործնականում անհնար է խաբել կամ դավաճանել, քանզի հնարավոր դավաճաններին մոտ չեն թողնում: Ափին Х գրանշան ունեցող մարդիկ անպտուղ ֆանտազիայով չեն տարվում: Նրանք իրենց կյանքը ոչ թե ծրագրում են, այլ ըստ էության այն դասավորում են՝ արագորեն հասնելով նախանշած նպատակներին և բարձունքներին: Նրանք ի զորու են հեշտությամբ փոխել նաև իրենց շրջապատող մարդկանց կյանքը: Նաև՝ բնածին առաջնորդներ և զգոն ղեկավարներ են: Դրանից բացի՝ այդ անհատներն ամուր առողջություն են ունենում և հազվադեպ են հիվանդանում: 
 
Պարբերականը նշում է, որ մի քանի տարի առաջ ռուսաստանյան մասնագետները երկու միլիոն մարդու մասնակցությամբ փորձ են անցկացրել, և նկատել են, որ այդ նշանից փորձարկվողների միայն 3%-ն ունի: Ու հաստատվել է, որ այդ մարդկանց մեծ մասը իրոք կարող է պարծենալ տպավորիչ հաջողություններով, որոնց հասել է քաղաքականության, գործարարության, մշակույթի, գիտության, սպորտի, հոգևոր կատարելագործման կամ այլ  ոլորտներում: Ձեռնագետների խոսքերը, այսպիսով, հաստատվել են անվիճելի փաստերով: