Մոտալուտ մահն առանձնահատուկ հո՞տ ունի

Ամեն կենդանի արարած կենսահոսանքների աղբյուր է, որից բխող երևույթների մեծ մասը անհասանելի է մարդու զգայարաններին: Սակայն միշտ էլ լինում են յուրահատոկ կարողություններով օժտված անձինք, ովքեր ընկալում են ընդհանուրի համար աննկատելին:
 
Ավստրալիայում ապրող 24-ամյա Արի Կալան պնդում է, թե տիրապետում է միանգամայն անսովոր ձիրքի: Երիտասարդ կնոջ խոսքով՝ բնությունը կամ վերին ուժերն իրեն օժտել են մի ունակությամբ, որի շնորհիվ ինքը կարողանում է հոտի միջոցով գուշակել մարդու վերահաս մահը: Միայն թե իր դատապարտված հայրենակիցներին նա ոչնչով օգնել չի կարող: Միակ բանը, որը կարող է անել, նրանց խորհուրդ տալն է, որ մնացած ժամանակն անցկացնեն մտերիմների շրջապատում: 
Իր այդ ունակությունը Արին հայտնաբերել է դեռ 12 տարեկանում: Հյուրընկալվելով հիվանդ քեռու տանը՝ զգացռլ է, որ նրանից ինչ-որ տարօրինակ հոտ է գալիս: Դա մի տեսակ անախորժ քաղցրավուն հոտ է եղել, որը միայն քեռուց է տարածվել: Իսկ որոշ ժամանակ անց քեռին մահացել է: 
 
Կալան սկզբում այդ երևույթին նշանակություն չի տվել, սակայն հետագայում շատ անգամ է բախվել խորհրդավոր հոտին, որը հնարավոր չէ շփոթել ուրիշ բանի հետ: Իսկ մարդիկ, որոնցից նա նման հոտ է առել, շուտով մահացել են: Կինը համոզված է, որ խոսքը հենց մահվան հոտի մասին է, պարզապես սովորական մարդիկ այն զգալ չեն կարողանում: 
 
- Երբ այն ժամանակ ես քեռուս մոտ եկա, անմիջապես զգացի, որ նրա տանն ինչ-որ բան այն չէ: Ամենուր այդ քաղցրանեխավուն հոտն էր, ամբողջ տունն ուղղակի ներծծված էր դրանով: Ես հարազատներիս հարցնում էի, թե իրենք է՞լ են զգում, սակայն բացասական պատասխան էի ստանում: Արդեն հետո հասկացա, որ հենց այդ հոտն ունի մահը: Եթե այդ հոտը գալիս է հիվանդ կամ տարեց մարդուց, նշանակում է՝ նա շուտով հեռանայու է մեր աշխարհից: Ինձ   համար դա մի ծանր լուծ է: Ծանր է մարդկանց ասել, որ նրանք շուտով կմեռնեն (նման բան հազվադեպ եմ անում): Ցավալի է հետևել նրանց արձագանքին և նրանց հարազատների հուսահատությանը:Ես կարծում եմ՝ մարդ չպետք է իմանա, թե բախտն իրեն ինչքան ժամանակ է տվել,- Արի Կալայի պատմածը փոխանցել է esoreiter.ru-ն: 
 
Արին որոշ ժամանակ ամենասովորական քարտուղարուհի է աշխատել Սիդնեյի մի ձեռնարկությունում: Սակայն հետո հասկացել է, որ ինքն ուրիշ կոչում ունի՝ բացահայտել այլոց արտասովոր ունակությունները: Եվ այժմ հենց դրանով էլ զբաղվում է: Իր մեջ նկատելով ուրիշի մոտալուտ մահն զգալու կարողությունը՝ ավստրալուհին սկսել է հետաքրքրվել հարահոգեբանությամբ և բնազանցությամբ: 
Շուտով հասկացել է, որ ամեն մարդու մեջ ի սկզբանե ներդրված է այս կամ այն հոգեկան ներուժը: Միայն թե մեծ մասի պարագայում այն ճնշվում է հասարակության կողմից, կամ էլ տվյալ անհատը ոչ մի ցանկություն չի ունենում մարդկային զանգվածների մեջ աչքի ընկնել արտասովոր ունակությամբ: Մինչդեռ այդ օժտվածները որքան օգուտ կարող էին տալ հենց նույն հասարակությանն ու իրենց անձին…