Անդրշիրմյան աշխարհ. ի՞նչ են պատմում դրա «բնակիչները»

ՄԻՆՉ ՏԵՍՆԵԼԸ՝ ԼՍԵՆՔ

Հրապարակումը, որը ներկայացնում ենք ստորև, ենթադրություն է անդրշիրիմյան աշխարհի առկայության վերաբերյալ՝ հիմք ընդունելով ականատեսների վկայությունները: Դրանց հավատալ-չհավատալն ամեն մեկի անձնական գործն է: Եվ հրապարակման աղբյուր mirtesen.ru-ն, հայտնի ասացվածքը վերափոխելով,՝ նշում է՝ «Կմեռնենք՝ կտեսնենք»:
 
Ուրվականների հետ հանդիպման վերաբերյալ բազմաթիվ պատմություններից ավելի մեծ արժեք ունեն նրանց հետ շփման մասին վկայությունները: Լոկ նման վկաների շնորհիվ է, որ անդրշիրիմյան կյանքի մասին մենք կարող ենք թեկուզ ինչ-որ տեղեկություն ստանալ: Հարկ է նշել, որ անդրշիրիմյան աշխարհի բնակիչներն ամեն կերպ խուսափում են ուղիղ պատասխաններից և իմաստավորված, լուրջ խոսակցության սլաքը շեղվում են դեպի հետմահու կեցության թեման: 
 
Մարդու հոգին անմահ է
 
Անցած հարյուրամյակի վերջին կյանքից հեռանում է ոմն Նիկոլայ Սեմյոնովիչ Վեսյոլով՝ երիտասարդ եկեղեցական: Նրա ընկեր ավագերեց Սոկոլովը, այդ ժամանակ մեկ այլ քաղաքում գտնվելով, այդ մասին տեղյակ չի լինում, բայց մի անսովոր հստակ երազ է տեսնում: Երազում երևում է Խերսոնի գերեզմանատունը, որի հուշարձաններից մեկի ցած ընկնող քարերի տեղում մի խոշոր անցք է ձևավորվում…
 
Ավագերեցը պատմել է, որ երբ այդ անցքով ներս է սողոսկել՝ առջևում լույս է փայլել, և մուտքը հաղթահարելով՝ նա հանկարծ հայտնվել է մի  հիասքանչ այգում: Ծառուղով նրան ընդառաջ է եկել Վեսյոլովը: 
 
- Ինչպիսի՜ հանդիպում, Նիկոլայ Սեմյոնովիչ,- բացականչել է Սոկոլովը զարմացած: 
 
- Ես մահացել եմ,- պատասխանել է նա,- և հիմա, տեսնում ես…
 
Նրա դեմքը շողշողացել է, աչքերը հիանալի փայլ են ունեցել: Ավագերեցը ցանկացել է ընկերոջ հետ ողջագուրվել, սակայն նա հետ է մղվել և ձեռքերով խույս տվել: 
 
- Ես մահացել եմ,- կրկնել է նա,- մի՛ մոտեցիր: 
 
Ննջեցյալն իր ճանապարհը շարունակել է, իսկ ընկերը քայլել է կողքով՝ այլևս չփորձելով նրան դիպչել: Միայն հույս է ունեցել, որ իրեն դարձյալ ինչ-որ բան կասի: Ու հույսերն արդարացել են.
 
- Ես կենդանի եմ՝ չնայած մահացել եմ: Եվ ընդհանրապես, կենդանի եմ թե մեռած՝ նույն բանն է: 
 
Միայն դրանից հետո է ավագերեցը տեղեկացել, որ իր բարեկամն իսկապես մահացել է:
 
Այս երազից լրատվամիջոցը մի պարզ եզրակացություն է անում: Ննջեցյալն իր խոսքով, թե՝ «ես կենդանի եմ՝ չնայած մահացել եմ», հաստատել է հետմահու իրականության առկայությունը:
 
Անդրշիրիմյան աշխարհի ճանապարհին ուղեկցորդ է հարկավոր
 
Պարբերականը ևս մեկ «շփումային պատմություն» է մեջբերում, որը տեղի է ունեցել անցած հարյուրամյակում: Ահա թե ինչ է պատմել դրա գլխավոր գործող անձը:
 
- Մի անգամ, երբ ես նստած էի իմ առանձնասենյակում, գիտակցությունս էլ կատարելապես հստակ էր, սենյակի անկյունում ինչ-որ լույս նկատեցի: Շուտով այդ լույսի մեջ առանձնացավ մարդկային մի կերպարանք: Դա մի վանական էր: Խոստովանեմ՝ ինձ սարսափը պատեց, իսկ կերպարանքը մոտենալով՝ արտասանեց.
 
- Ինչո՞ւ ես այդպես դողում: Մի՛ վախեցիր, ախր ես քո ազգականն եմ՝ Մոսկվայի թեմի արքեպիսկոպոս Ֆիլարետը: Դու իմ միակ կենդանի մնացած հարազատն ես և միայն դու կարող ես մորս գերեզմանի վերականգնման գործում ինձ օգնել: Այժմ այն լիովին քարուքանդ վիճակում է: Դրա խաչն ու սալաքարը դեռևս մնում են գերեզմանատան կողքի եկեղեցու մոտ, տապանագրով սալիկը նույնպես ամբողջական է: Դու պետք է դիմես եկեղեցու վանահորը և այնպես անես, որ գերեզմանի վրա ամեն ինչ վերականգնվի: 
 
Դա ինձ ուղղակի ալեկոծեց: Մտքերս խառնվում էին, սկսեցի հարցուփորձ անել, թե եկեղեցում հատկապես որտեղ են պահվում սալաքարն ու խաչը: Արքեպիսկոպոսը ճշգրիտ նկարագրեց, թե որտեղ է հարկավոր փնտրել: Երբ զրույցն ավարտվեց, նրա կերպարանքն ասես օդում լուծվեց: 
 
Վանահայրը, որին ես դիմեցի, ասածներս թերահավատորեն ընդունեց և կտրականապես հրաժարվեց գերեզմանի վերականգնման համար որևէ քայլ ձեռնարկել: Բայց որոշ ժամանակ անց արքեպիսկոպոս Ֆիլարետն ինձ նորից հայտնվեց և պնդեց, որ իր խնդրանքը կատարվի: Նա նաև ասաց, որ դարձյալ կգա, և դա տեղի կունենա իմ մահից առաջ: Նրա խոսքից ես հասկացա, որ  վեհափառն իմ ուղեկիցն է լինելու դեպի անդրշիրիմյան աշխարհ: 
 
Դրանից հետո Տրոիցա-Սերգիևյան մայրավանքի վանահոր օգնությամբ ինձ հաջողվեց հովվապետին հանձնել համապատասխան գրություն: Նորին սրբազանության կարգադրությամբ արքեպիսկոպոս Ֆիլարետի մոր շիրիմը լիովին վերականգնվեց: Եվ տապանաքարն ու խաչը գտնվեցին հենց այնտեղ, որտեղ նկարագրել էր ուրվականը»:  
 
Ըստ esoreiter.ru-ի՝ այս պատմությունը մեզ հուշում է, որ միայն ուղեկցի օգնությամբ է հնարավոր անդրշիրիմյան աշխարհ ընկնել: Ահա թե ինչու վաղուց վախճանված արքեպիսկոպոսի ոգին իր ազգականին խոստացել է դառնալ նրա հոգու ուղեկցորդը դեպի մեռյալների աշխարհ: 
 
Անդրշիրիմյան աշխարհում հոգին նախ մեկուսի տառապում է
 
Վերլուծելով բազմաթիվ այլ վկայություններ՝ կարելի է եզրակացնել, որ մարդկային հոգին այն աշխարհում նախ «կարանտինային գոտու» նման ինչ-որ վայր է ընկնում: Այդտեղ նա «հրեշտակների համար դեռևս օտար է»: Այդ հետմահու կեցության «նախաբաղնիքում» ամեն տեսակի զվարճություն բացառվում է:
 
Հաղորդակցությունը հեռազգացության մակարդակով է: Կարոտելով երկրային կյանքին՝ ոգիները ցանկանում են ապրողների մոտ վերադառնալ թեկյուզ մեկ պահ, սակայն դրա համար պետք է թույլտվություն խնդրեն հատուկ «պահապանից»: Լոկ նա կարող է դեպի «մեղավոր աշխարհ» կարճաժամկետ վերադարձ թույլատրել:  Այդ մեկուսացումը, սակայն, շատ ավելի լավ է, քան ինչ-որ պատճառով երկնքի ու երկրի միջև արգելափակվելը և ամրոցի, տան կամ որևէ հանգստարանի ուրվականի վերածվելը: Նման վիճակներում հոգին կարող է գտնվել երկար տարիներ, անգամ հարյուրամյակներ….
 
Այդ ամենից պարբերականն աներկբա եզրակացնում է՝ անառարկելիորեն գոյություն ունի անդրշիրիշյան քաղաքակրթություն, և այնտեղ ընկնել հնարավոր է անձնական պահապան-ուղեկցորդի հետ: Հնարավոր է՝ այդպիսին ցանկացած մարդ ունի, իսկ գուցե միայն նրանք, ովքեր դրան արժանացել են: 
 
Եվ այստեղ ծագում է հարցադրումը դժոխքի գոյության վերաբերյալ: Այն այնքան էլ այնպիսին չէ, ինչպիսին նկարագրում են որոշ կրոններ (օրինակ քրիստոնեությունը): Իրական դժոխքն այլ դրսևորումներ ունի: Մի՞թե դժոխք չէ նուրբ մարմնով դարեդար երկրի վրա մնալը՝ առանց երկինք ընկնելու հնարավորության: Նման ահավոր տառապանքները մի՞թե քիչ են թվում: Ոգիները սովորաբար այդ մասին սոսկ ակնարկում են՝ որևէ որոշակի բան չասելով: Շատ հնարավոր է, որ դժոխային տանջանքները մեղավոր հոգին կրում է ոչ թե երկնքում, այլ երկրի վրա իր վերամարմնավորումից (ռեինկառնացիայից) հետո՝ ստանալով այնպիսի ճակատագիր, ինչպիսին, ինչպես ասում են, թշնամուդ էլ չես ցանկանա: 
Սա է, ըստ հրապարակման, այն ամենը, ինչ մեզ հայտնի է անդրշիրիմյան կյանքի մասին: Դրա վերաբերյալ տեղեկություններն այդ աշխարհի շեմից այն կողմ չեն անցնում: Իհարկե, կան գրքեր, որոնց հեղինակներն այս կամ այն կերպ նկարագրում են այնկողմյան աշխարհը, մասնավորապես Մայքլ Նյուտոնի «Հոգու նախասահմանումը» և «Կյանք կյանքերի մրջև» ուսումնասիրությունները:
 
Հանրահայտ հիպնոթերապևտ-հետընթացաբանը (ռեգրեսիվիստ բառը թերևս հայերենում այս տեսքը կստանա) դրանք գրել է մարդկանց պատմությունների հիման վրա, որոնց նա հիպնոսի վիճակի է հասցրել և այդ ընթացքում նրանց մեջ արթնացրել հիշողություններ անցյալ կյանքի, ինչպես նաև այն աշխարհում վերապրածի մասին: