ՃԱԿԱՏԱԳԻՐ. սին հավա՞տ, թե՞ գիտություն

Այն, ինչի մասի խոսվում է այս հրապարակման մեջ, լիովին համահունչ է հայերեն ճակատագիր բառին: Ուրեմն չի բացառվում, որ գիտնականների մերօրյա բացահայտումները վաղուց հայտնի են եղել հայերեն խոսողներին:

Այժմ հայտնի է դարձել, որ մարդու կյանքի տևողությունը կախված է նրա տելոմերների երկարությունից: Տելոմերը կազմված է հունարեն telos (ծայր) և meros (մաս) բառերից: Դրանք քրոմոսոմի ծայրին գտնվող հատուկ պաշտպանիչ սպիտակուցային համալիրներ են, որոնք մարդու կյանքի ընթացքում փոքրանում են, ինչն էլ, ըստ հետազոտողների, «ծերությունից մարդու մահվան» իսկական պատճառն է:

Կան եզակի կենդանի օրգանիզմներ, որոնց տելոմերները  վերականգնվելու հատկություն ունեն, և դրա շնորհիվ այդ զարմանալի արարածները տեսականորեն կարող են անվերջ ապրել` եթե զոհ չգնան գիշատիչներին, որս չդառնան կամ կյանքից չզրկվեն որևէ աղետի պատճառով: Նման օրգանիզմ է, օրինակ, օմարը: Տեսականորեն անմահ է համարվում ևս մեկ ծովային օրգանիզմ` մեդուզան:

Իսկ ահա սոցիալական բժշկության միջազգային փորձագետի համբավ վայելող պրոֆեսոր Եվգենի Չեռնոսվիտովը գտնում է, որ տելոմերներից բացի` մարդու կյանքի տևողությունն արտացոլվում է նաև նրա դեմքին: Դեռ ավելին, ըստ նրա` պատահական մահը տելոմերների երկարության վրա չի ազդում, իսկ ահա դեմքին հնարավոր է կարդալ (հաղորդում է esoreiter.ru պարբերականը):
 

- Բանն այն, է, որ մարդու աջ և ձախ կիսադեմերը իրարից տարբերվում են: Օրինակ, եթե դուք վերցնեք որևէ լուսանկար և այն երկու հայելային մասերի բաժանեք` այդ կերպ միացներով երկու աջ կամ երկու ձախ կեսերը, ապա ի զարմանս ձեզ կպարզեք, որ ստացված դեմքերն արմատապես տարբերվում են բնօրինակից,- պնդում է գիտնականը:

(Եթե ավելի պարզ ասենք, օրինակ աջ կիսադեմի հայելային անդրադարձը դարձնելով ձախ կիսադեմ և համադրելով աջի հետ, կստացվի մի դեմք, որը միայն տվյալ մարդու աջ կիսադեմի չափերով է ստացվել: Նույնը` ձախ կիսադեմի համադրումով): 
Ժամանակի հետ, սակայն (մահվան մոտենալուն զուգընթաց), այդ տարբերությունը գնալով ավելի քիչ է նկատելի դառնում, քանի դեռ ամբողջովին չի ջնջվում, և այդ ժամանակ էլ մարդը վախճանվում է:

Իրականությունն այն է, որ բոլոր հետմահու դիմակներն ի ցույց են դնում մարդու երկու կիսադեմերի կատարյալ նույնությունը: Այդ «մահվան հոլովույթին» հնարավոր է դյուրությամբ հետևել` վերն առաջարկվող սկզբունքը համեմատելով տարբեր տարիների հայելային լուսանկարների հետ: Դա կարելի է անել, օրինակ, 15 տարեկանում, ապա 25, 40, 60 և այլն: Ընդ որում` երկու կիսադեմերի տարբերությունը կրճատվում է երկրաչափական պրոգրեսիայով:

- Դրա շնորհիվ ես արդեն ստացել եմ բանաձև, որով հնարավոր է ճշգրիտ հաշվարկել ցանկացած մարդու կյանքի տևողությունը: Սակայն դա առայժմ գաղտնիք է, որը բացահայտել չարժե, ինչպես իրենց գաղտնիքները չեն բացահայտում, ասենք, մոգերն ու կախարդները,- խոստովանել է պրաֆեսոր Չեռնոսվիտովը:

Պարբերականը նկատում է, որ նմանատիպ գուշակները, ասենք հենց նույն գնչուհիները, հաճախ անգամ մարդու ափին չեն էլ նայում: Բավական է զննեն նրա դեմքը, որպեսզի որոշեն, թե նրան ապրելու ինչքան ժամանակ է մնում:

Բայց չէ՞ որ կան նաև դիմակազմության հատուկ եղանակներ, որոնց օգնությամբ դեմքի անհամաչափություններն ուղղվում են (օրինակ` Իրինա Նելսկայայի եղանակը): Մարդու դեմքի հետ հաճախ են գործ ունենում պլաստիկ վիրաբույժները, ովքեր միչև օրս բանավիճում են` առկա անհամաչափությունը շեղո՞ւմ է, թե՞ չափանիշ: Իսկ եթե հետևելու լինենք Եվգենի Չեռնոսվիտովի պնդումներին, ապա բնական հարց է ծագում`  անհատի դեմքի անհամաչափության արհեստական փոփոխությունը նրա անժամանակ մահվան պատճառը չի՞ դառնա:

Եվս մեկ հարցադրում: Հնարավո՞ր է մարդու կյանքի տևողությունը որոշել տելոմերի երկարության միջոցով (կամ ճշտելով դրանց կարճացման արագությունը): Եթե բնության մեջ կան արարածներ, որոնց տելոմերները վերականգնվում են, չի բացառվում, որ գիտնականները երբևէ կարողանան դա կիրառել մարդու նկատմամբ: Ու դարձյալ հարց է ծագում` նման դեպքերում նրա դիմագծերի վրա դա ինչպե՞ս կանդրադառնա...

Ի դեպ, վերջերս հաճախ են սոցցանցերում գրառումներ տարածվում այն մասին, թե մարդու անմահությունն արդեն տեսականորեն անհնար չէ, պարզապես գործնականում ահռելի գումարներ ու ջանքեր է պահանջում և ուղղակի անհասանելի է:

Իսկ գուցե նման տեղեկությունները հիմնվում են այս կարգի հայտնագործությունների վրա: Ինչ մնում է հայերեն ճակատագիր բառին, համարվում է, թե մարդիկ հնում հավատացել են, որ ամեն անհատի ճակատին նրա բախտը գրված է: Պրոֆեսոր Չեռնոսվիտովի ուսումնասիրություններն ըստ էության հենց դա են փաստում` մարդու բախտը գաղտնագրված է նրա դեմքի անհամաչափության մեջ: