Բռնի մահը՝ ուրվականի տեսքով հայտնվելու պատճառ

ՆՐԱՆՔ ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՏՂԱՄԱՐԴԻԿ ԵՆ

Ասում են՝ գրականությունը կյանքի հայելին է: Այդ «հայելու» առնվազն երկու անգերազանցելի վարպետ իր ստեղծագործության հիմքում դրել է ուրվականների գոյությունը: Համաշխարհային գրականության անգլալեզու հսկաներից Շեքսպիրը թեման արծարծել է հանրահայտ «Համլետ» ողբերգությունում, իսկ Օսկար Ուայլդը՝ «Քենթրվիլյան ուրվականը» սատիրական վիպակում: Եվ ուրեմն ինչո՞ւ չպետք է գիտության անխոնջ մշակները ևս դա դարձնեն ուսումնասիրության նյութ և փորձեն բացահայտել առնչվող դեպքեր ու օրինաչափություններ:
 
Եթե մահից հետո մարդը կարող է ուրվականի կերպարանքով հայտնվել ապրողներին, ապա կա՞ն արդյոք նկարագրված դեպքեր, և ի՞նչ է հուշում վիճակագրությունը նրանց մահվան հանգամանքների ու սեռական պատկանելության վերաբերյալ: zaberaj.ru կայքի հրապարակումը պնդում է, որ այդ դեռևս չճանաչված ու անբացատրելի այդ երևույթը՝ որպես ուրվական ապրողներին հայտնվելը, մեծ մասամբ վերաբերում է բռնի մահով կյանքից հեռացած տղամարդկանց: 
 
Եվ այսպես, մահացածների հետ հանդիպման 337 հայտնի դեպքերի մեծ մասում «հերոսները» բենության զոհ դարձած տղամարդիկ են: Նման հանգուցյալները երևացել են անծանոթների: Իսկ եթե եղել է, որ բնական մահով կյանքից հեռացած մարդն է մեկին երևութացել, ապա ավելի հաճախ պարզվել է, որ ազգական կամ ընկեր է: Հրապարակման մեջ հղում է արվում առաջին հերթին Իսլանդիայի համալսարանի դոկտոր  Էրլենդուր Հարալդսոնի հետազոտություններին: Նա 80-ականներին հարցազրույց է վերցրել այնպիսի մարդկանցից, ովքեր պնդել են, թե իրենք հանդիպել են մահացածների հետ:
 
Դոկտորը նաև ստուգել է պաշտոնական տվյալները, որպեսզի պարզի այդ մարդկանց մահվան հանգամանքները: Նրա ուսումնասիրած բոլոր դեպքերը տեղի են ունեցել Իսլանդիայում, սակայն նա այլ երկրներում արված հետազոտությունների տվյալներ ևս մեջբերում է: Համաձայն այդ տվյալների՝ ուրվականների հանդիպել է Եվրոպայի բնակչության 25 և ամերիկաբնակների 30 տոկոսը:
 
- Սովորական բան չէ, որ ուրվականների մեծ մասը (67%) արական սեռի է: Նման օրինաչափություն բխում է ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց պատմություններից: Սա համահունչ է մեր նախորդ հրապարակմանը, որի համաձայն երկու սեռի մարդկանց 77%-ը տեսել է բացառապես մահացած տղամարդկանց,- գրել է դոկտոր Հարալդսոնը:
 
Հնարավոր է եղել 80%-ով պարզել այդ տղամարդկանց ինքնությունը և մահվան պատճառները: Նրանց մեկ երրորդը բռնության զոհեր են եղել: Իսկ դա քառակի ավելի է, քան բռնի մահվան միջին ցուցանիշներն են Իսլանդիայում: 
 
Նման օրինաչափություն դիտվել է նաև մյուս հետազոտություններում: 
 
Վիրջինիայի համալսարանի հոգեբան դոկտոր Յան Սթիվենսոնը քննել է 314 նմանօրինակ դեպք և դրանք նկարագրել է «Կյանքի պատրանքները» գրքում՝ Էդմունդ Գարնիի, Ֆրեդերիկ Մայերսի և Ֆրենկ Պոդմորի համահեղինակությամբ: Սթիվենսոնը բացահայտել է, որ երբ մահվան պատճառը հայտնի է, 28%-ի դեպքում պարզվում է, որ մարդը կյանքից հեռացել է ոչ բնական մահով:  
 
Դոկտոր Սթիվենսոնը հոգիների վերաբնակեցման ոլորտի մասնագետ է: Իսկ ահա դոկտոր Ջիմ Թաքերը, «Մեծ դարաշրջան»-ին տված հարցազրույցում պատմել է, որ երբ մարդիկ հիշում են անցած կյանքերի մասին, նրանք նույնպես հաճախ հաղորդում են բռնի մահվան մասին: Նա քննել է հազարավոր դեպքեր, երբ անցած կյանքը հիշել են երեխաները: Հիմնականում (բայց ոչ միշտ) երեխաներն ասել են, որ անցած կյանքում իրենք պատկանել են նույն սեռին, ինչ որ այժմ: 
 
Այսպիսով՝ անցյալ կյանքի մասին պատմությունների մեծ մասը վերաբերում է տղամարդկանց, ովքեր կյանքից հեռացել են բռնի մահով: Դոկտոր Թաքերն ստուգել է ԱՄՆ-ի պաշտոնական վիճակագրությունը և պարզել, որ բռնի մահով զոհվածների 70%-ը տղամարդիկ են, որը և համարժեք է անցյալ կյանքի վերաբերյալ հիշողություններին:
 
Այն, որ բռնի մահվանն ավելի շատ տղամարդիկ են զոհ գնում, քան կանայք՝ նույնպես օրինաչափ է: Չէ՞ որ պատերազմներում, ամենատարբեր աղետների ժամանակ, կամ օրինակ ավազակությամբ զբաղվողների շարքերում «առաջին գծում» հիմնականում տղամարդիկ են լինում: Սակայն հնարավոր է՝ վիրավորանքը սրտում կյանքից հեռացած կանայք շատ ավելի «գործնական» ուրվականներ են լինում: «Ավանգարդի» նախորդ հրապարակումներից  «Մերժված հարսնացուի վրեժը» կարծես թե դա է վկայում: