Հնագույն ժայռապատկերներն ու այլմոլորակայինները

ԿԱ՞ ԱՐԴՅՈՔ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆ

Մոլորակի ժայռերին բազում հազարամյակներ առաջ դաջված պատկերներն այսօր առաջադրում են հանելուկներ, որոնց պատասխանները կարող են բացահայտել մարդկության վաղ անցյալի խորհրդավոր գաղտնիքները: Հայ գիտնականները, օրինակ, պնդում են, որ Հայաստանի ժայռապատկերները գրային համակարգ են, որոնք տեղեկությունը փոխանցում են ռեբուսի սկզբունքով: Պետք է ենթադրել, որ սա վերաբերում է նաև աշխարհում առատորեն սփռված մնացած ժայռապատկերներին ևս: Մանավանդ՝ դրանք երբեմն այնքան նման են լինում, որ մարդիկ չեն կարողանում բացատրել, թե իրարից երբեմն անգամ օվկիանոսով բաժանված հեռուներում ինչպես է հնարավոր եղել  նույն պատկերը ստանալ նույն սկզբունքով:
 
Մոլորակի բազմաթիվ ժայռապատկերների մեջ (որոնց թվով, ի դեպ, Հայաստանը անգերազանցելի է) հատուկ տեղ են գրավում թռչող սարքերի, սաղավարտով այլմոլորակայինների և նման այլ պատկերները: Մեր պատկերացումներով՝ հեռավոր անցյալի երկրացիները նրանց վերաբերյալ պետք է որ գիտելիքներ չունենային, մինչդեռ դրանք պատկերել են այնպիսի միջոցներով ու վայրերում, որ միչև մեր օրերն անվնաս են մնացել:
 
Ինչպես esoreiter.ru լրատվական պորտալն է նշում՝ եկվորների (մարդակերպ էակների) գլուխը շրջափակող լուսապսակների, օդում տեղաշարժվող վիգմաններն ժայռապատկերները՝ իրար հար և նման, գտնվում են մոլորակի տարբեր մայրցամաքներում: Ահա թե ինչու, ըստ լրատվամիջոցի, շատ անկախ հետազոտողներ գալիս են եզրակացության, որ մեր նախնիները շփվել են այլմոլորակայինների հետ, ընդ որում՝ միաժամանակ երկրագնդի ամբողջ տարածքում: Նման դեպքում անհասկանալի է համարվում այն փաստը, թե ինչու մեր օրերում ևս եկվորները երկրացիների հետ շփումներ չեն փնտրում: 
 
Այսպես, 1957թ. Ճապոնիայի Ջոտո կղզու լեռնային բավիղներում բացված մի ժայռապատկեր այնքան նման է Ղազախստանի  Թամղալի-Թաս բնասահմանին գտնվածին, որ մնում է ենթադրել՝ իրարից հազարավոր կիլոմետրերով բաժանված այդ տարածքներում մարդիկ միաժամանակ տեսել են եկվորներին տեղափոխող նույն վիգմանները: Սրանց շատ նման են նաև Պակիստանում՝ Ինդոս գետի հովտում գտնված ժայռապատկերները: Ալթայի Քաբալաք-Թաշ բնասահմանին գտնվող մեկ այլ ուշագրավ վիմագիր էլ կարծես ցույց է տալիս, որ հին մարդիկ ոչ միայն թռչող վիգմաններ են տեսել, այլև տիեզերական հրթիռներ, որոնք շատ նման են մեր աշխարհում այսօր եղածներին: 
 
Ինչ վերաբերում է այլմոլորակայինների հետ շփմանը, ապա պարբերականը նշում է, թե չի կարելի դա լիովին բացառել: Իսկ որպես հաստիք բերում է հետևյալ փաստարկները. 
 
Նախ, մարդիկ նրանց հաճախ տեսնում և անգամ լուսանկարում կամ նկարահանում են:
 
Երկրորդ. քիչ չի պատահում, որ եկվորները մարդկանց իրենց հետ տանում են ինչ-որ սեփական նպատակների համար, և այդ «վերադարձվածներից» ոմանք միանգամայն կարող են նման շփումների ապացույց լինել: 
 
Երրորդ. ինչպես ցույց են տալիս գաղտնագետները՝ այլմոլորակայիններն արդեն վաղուց շփումների մեջ են գերտերությունների ղեկավարների հետ: (Այս վերջին փաստարկը լրատվամիջոցը համարում է վիճելի, սակայն ոչ բացառված):
 
Եվ վերջինը՝ մենք անգամ չգիտենք, թե ինչպես են այլմոլորակայինները շփվել մեր մոլորակի հին բնակիչների հետ: Ավելի հավանական է՝ նրանք ներկայացել են որպես աստվածներ (սրանով էլ գուցե բացատրվում է աստվածների և սրբերի գլուխների լուսապսակը): 
 
Բայց արդյո՞ք այսօր հնարավոր է նման շփումը, հարց է տալիս լրատվամիջոցը և պարզաբանում՝ ավելի շուտ՝ ոչ: Քանի որ ամեն ինչից դատելով՝ մենք այժմ դրան արժանի չենք:
 
Պատճառն այն է, որ եկվորների հանդեպ մեր հետաքրքրությունը միանգամայն գործնական է՝ ձեռք բերել նրանց աշխատակարգերը և դրանք օգտագործել մարդկության ստվար հատվածի վրա մի խումբ երկրացիների գերիշխանությունը հաստատելու նպատակով: Եզրակացությունը մեկն է՝ բարձր զարգացած քաղաքակրթության ո՞ր ներկայացուցիչն այդպիսի բան կանի: 
 
Մնում է միայն հուսալ, որ բարձր զարգացած քաղաքակրթությունը նաև բարոյական բարձր սկզբունքների դավանող է, ինչն էլ միակ երաշխիքն է, որ մարդկությունը նրա ներկայացուցիչների ձեռքին մի էժանագին խաղալիք չի դառնա: