Հինգ մահ` մեկ շաբաթում

ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՄԱՐԴԱՍՊԱՆ ԹՄՐԱՆՅՈՒԹ Է ՀԱՅՏՆՎԵԼ

Որ թմրանյութերը վտանգալի են ու սպառնալիք ոչ միայն առողջ կենսակերպի, այլ հենց մարդկային կյանքերի համար՝ նույնիսկ թմրամոլները գիտեն: Նաև բոլորին է հայտնի, որ հատկապես հետխորհրդային տարածքում անազնիվ բիզնեսով զբաղվողները պատրաստ են ցանկացած նենգարարքի: Առավել ևս թմրախտ տարածողների համար այլոց կյանքը գրոշի արժեք էլ չունի: Եվ ահա մեր հարևան Վրաստանում ինչ-որ անհայտ թմրանյութ է հայտնվել, որից մի քանի օրում նվազագույնը 5 մարդ է մահացել, ավելի քան 10-ն էլ թունավորման ծանր ազդեցության է ենթարկվել:

Արդյո՞ք սա այդ երկրում թմրանյութերի օրինականացման (թեկուզև` մասնակի) հետևանքը չէ:

Ներկայացնելով JAMnews-ի հրապարակած տվյալները, նպատակ ենք հետապնդում մեր հայրենակիցներին նախազգուշացնելու «սպիտակ մահվան» մասին՝ հուսալով մարդկանց զերծ պահել այդ չարիքից: Մանավանդ՝ չարախտը դյուրությամբ է հատում ցանկացած սահման:

Մահվան բոլոր դեպքերը նման են. երիտասարդներն ակումբում թմրանյութեր են օգտագործել, տուն վերադարձել և առավոտյան չեն զարթնել:

• Ապրիլի 26-ին 22-ամյա երիտասարդը գիշերային ակումբից տեղափոխվել է Գուդուշաուրիի անվան հիվանդանոց, սակայն նրան փրկել չի հաջողվել:

•  Ապրիլի 28-ին երիտասարդ աղջիկը տուն է վերադարձել ակումբից, պառկել քնելու, իսկ առավոտյան նրան մահացած են գտել:

•  Մայիսի 5-ին վաղ առավոտյան երեք երիտասարդ իրենց տներն են վերադարձել գիշերային ակումբից: Նրանց ընտանիքի անդամներն այդպես էլ չեն կարողացել նրանց արթնացնել: Մահացածների ընկերները ենթադրում են, որ գիշերային ակումբներում նրանց թմրանյութի փոխարեն թունավոր նյութ են տվել:

Շատ ավելի մեծ թվով մարդիկ հիվանդանոցում են հայտնվել ուժեղ թունավորման ախտանիշներով, որն առաջացրել է անհայտ թմրանյութի ընդունումը: Բոլոր նրանք, ում բժիշկները կարողացել են փրկել, հիվանդանոց տեղափոխվելիս գտնվել են խորը կոմայի մեջ: Ոմանք մինչև հիմա էլ կոմայի մեջ են, և նրանց վիճակը գնահատվում է որպես ծանր:

Ալադաշվիլիի անվան հիվանդանոցի կլինիկական դեպարտամենտի ղեկավար Լևան Ռատիանին «Ռուսթավի-2»-ի հետ զրույցում հաստատել է, որ հիվանդանոցում մի քանի հիվանդ թմրանյութերով թունավորման դեմ բուժում է անցնում, սակայն, ըստ նրա, բժիշկները չեն հստակեցնում, թե ինչ նյութ է նրանց այդ վիճակի մեջ գցել:

- 8 հիվանդ է տեղափոխվել հիվանդանոց գիտակցության խորը կորստի, ուժեղ դժվարացած շնչառության ընդհանուր միանման հատկանիշներով: Նրանք բոլորը միացվել են արհեստական շնչառության սարքին: Ոմանց արդեն դուրս են գրել: Մյուսները դեռ սարքին միացված են, նրանց վիճակը նախկինի պես ծանր է,- հայտարարել է Լևան Ռատիանին:
ՆԳՆ-ն կալանավորել է համացանցի միջոցով թմրանյութեր տարածողներին

Մամուլի ասուլիսին ներքին գործերի փոխնախարար Նաթիա Մեզվրիշվիլին հայտարարել է, որ ՆԳՆ-ն համացանցով թմրանյութերի իրացման հանցավոր սխեմա է բացահայտել: Գործողությունն անցկացվել է քրեական ոստիկանության դեպարտամենտի և գլխավոր դատախազության համատեղ ուժերով: Հետաքննությունը երկու ամիս է տևել: Թմրանյութերն առցանց տարածողները կալանավորվել են Թբիլիսիում. նրանցից մեկը 1991թ-ին ծնված կին է, մյուսը՝ 1994թ-ի ծնված տղամարդ: ՆԳՆ-ում պնդում են, որ նրանք հանցավոր սխեմայի մասնակիցներ են, որը բացահայտել են իրավապահները:

Այդ սխեման ենթադրում էր, որ թմրանյութ գնելու ցանկություն ունեցողները կապ էին հաստատում մեղադրյալների հետ առցանց-ապլիկացիաներից մեկի միջոցով: Այն բանից հետո, երբ պատվիրվում էր հարկ եղած տեսակի և քանակի թմրանյութ, գնորդը մեղադրյալներից հաղորդագրություն էր ստանում՝ հաշվեհամարի և գումարի մասին տվյալներով, որոնք անհրաժեշտ են գումարը փոխանցելու համար: Գումարը հաշվին նստելուց հետո գնորդը նույն ապլիկացիայի միջոցով ֆոտոհաղորդագրություն էր ստանում, որի օգնությամբ նա այս կամ այն վայրում գտնում էր գնված թմրանյութը: Քննությունը բացահայտել է այսպես կոչված գաղտնարանները, որոնք գտնվում էին Թբիլիսիի տարբեր թաղամասերում: Դրանք տեղակայված էին ինչպես բնակելի տներում, այնպես էլ այլ շենքերում, որտեղ սովորաբար բավականին մարդաշատ է:

Կալանավորված կնոջ մեքենայում ոստիկանությունը 43 «ծանրոց» է հայտնաբերել, որոնք պատրաստ էին իրացման համար: Թմրանյութերի ապօրինի տարածման փաստով ձերբակալվածների դեմ քրգործեր են հարուցվել ՔՕ 260-րդ հոդվածի 1 և 4 մասերով:

Ի՞նչն է սպանում մարդկանց

Ի սկզբանե մամուլում տեղեկատվություն էր տարածվել այն մասին, որ նվազագույնը 5 մարդու կյանք է խլել մեֆեդրոնը՝ հզոր հոգեխթանիչը, որը հայտնի է նաև «լոգանքի աղ» անվամբ: Սակայն թմրագետների մի մասը պնդում է, որ այն ախտանիշները, որոնցով մարդիկ հիվանդանոց են տեղափոխվել, ավելի շատ համապատասխանում ենն ոչ թե մեֆեդրոնի ազդեցությանն, այլ ափիոնային խմբի թմրանյութերի, մասնավորապես՝ ֆենտանիլի:

- Մեֆեդրոնը խթանիչ թմրանյութ է և քնկոտություն չի առաջացնում: Իսկ մահացածները սուր շնչառական անբավարարության զոհ են դարձել: Դա բնորոշ է ափիոնային թմրանյութերին: Մեֆեդրոնն ու այլ խթանիչներն անքնություն են առաջացնում,- On.ge պարբերականի հետ զրույցում նշել է «Ուրանտի» բուժկենտրոնի ղեկավար, թմրաբան Զուրաբ Սիխարուլիձեն:

Նույնն են ասում նաև «Սպիտակ աղմուկ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները, որոնք կողմ են պետական նարկոքաղաքականության ազատականացմանը:

- Սև շուկան լի է թմրանյութերով, որոնք վտանգավոր են կյանքի համար… Դատելով կլինիկական հատկանիշներից՝ մարդկանց մահն առաջացրել է ֆենտալինի օգտագործումը: Այն ափիոնային թմրանյութ է, որն ազդեցությամբ գերազանցում է հերոինը 50 անգամ, իսկ մորֆինի ազդեցությունը՝ 80 անգամ,- ասված է «Սպիտակ աղմուկ» շարժման հայտարարությունում:

Սաբոտա՞ժ

Մահացածների ընկերները լրագրողների հետ զրույցներում պնդում են, որ նրանք թեթև ակումբային թմրանյութեր են ընդունել (օրինակ, MDMA), սակայն ոչ մեֆեդրոն կամ ֆենտալին: Նրանց կարծիքով՝ զոհերին կարող էին խաբել և պարզապես անհայտ թմրանյութ տալ: «Սպիտակ աղմուկ» շարժման առաջնորդներն ընդհանրապես կասկածում են, որ առկա է սաբոտաժ. իշխանությունը ցանկանում է նարկոքաղաքականության ազատականացման հարցում բացասական հասարակական տրամադրություն ստեղծել և թմրանյութերն ապաքրեականացնելու փոխարեն, ընդհակառակը, խստացնել նարկոքաղաքականությունը:

- Մենք հիմնավոր կասկածներ ունենք, որ այդ ամենը նպատակաուղղված է տեղի ունենում… Կատարվող դեպքերը դիվերսիա են հիշեցնում, որի ժամանակ սպառողներն ամբողջությամբ անպաշտպան են լինում,- ընդգծված է «Սպիտակ աղմուկ» շարժման հայտարարությունում:

Կազմակերպությունը կոչ է անում թմրանյութերի բոլոր սպառողներին զերծ մնալ  ցանկացած նյութի օգտագործումից:

- Կասկածում ենք, որ մահացու ելքերի պատճառը ոչ միայն այսպես կոչված «մեֆեդրոնն» է եղել… բոլոր թմրանյութերում անհայտ նյութեր են առկա,- ասված է հայտարարությունում:

Համացանցում թմրանյութերը վաճառվում են բիթքոյինի դիմաց
«Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը սեփական հետաքննությունն է անցկացրել: «Պոստսկրիպտում» հաղորդման լրագրողը գրանցվել է ռուսալեզու կայքում: Այնտեղ ներկայացված են ԱՊՀ բոլոր երկրները. դիլերներն աշխատում են այդ ողջ տարածքում: Այնտեղ է նաև Վրաստանը: Ընդ որում, ցուցակում ոչ միայն Թբիլիսին է, այլ նաև շրջանները: Կայքում դիլերների մի քանի հայտարարություն կա: Նրանցից մեկն առաջարկում է 0,5գ մեֆեդրոն: Հաշվարկներն արվում են բիթքոյինով, ինչն ապահովում է անանունությունն ու բարդացնում իրավապահների աշխատանքը:

Լրագրող Միխայիլ Սեսիաշվիլին փոխանցել է բիթքոյինն ու 15 րոպե անց հաղորդագրություն ստացել, որ պատվերը պատրաստ է, ստացել GPS կոորդինատները. մեֆեդրոնը Թբիլիսիի ամենակենտրոնում էր՝ Գուդիաշվիլիի հրապարակում: Կցված էր մեֆեդրոնը թաքցնելու վայրի լուսանկարը: Դիլերները «մաքուր» են աշխատում. այն ամենն, ինչով հնարավոր էր պարզել, թե երբ և ում կողմից է արվել և ուղարկվել լուսանկարը, ջնջված էր:

Լրագրողն ուղևորվել է դեպի նշված վայրը: Գուդիաշվիլիի հրապարակը լի է երեխաներով և զբոսաշրջիկներով: Նա, ըստ ուղարկված լուսանկարի, գտել է մի հին կոնտեյներ, իսկ այնտեղ՝ դեղին թղթով կոնֆետի պես փաթաթված մի բան: Այդ ամենից հետո լրագրողը գործին հաղորդակից է դարձրել իրավապահներին: Դեպքի վայր են ժամանել պարեկային ծառայության ներկայացուցիչները: Դեղին փաթեթեում սպիտակ գույնի փոշի էր:

Ո՞րն է ելքը

Նարկոքաղաքաանության ազատականացման մասին քննարկումները շարունակվում են արդեն մի քանի տարի:
Կոշտ նարկոքաղաքականության կողմնակիցներն իրենց դիրքորոշումը հիմնավորում են նրանով, որ ազատականացումը կխթանի թմրանյութերի օգտագործման աճը: Առավելևս այնպիսի աղքատ երկրում, ինչպիսին է Վրաստանը, որտեղ թմրանյութեր օգտագործողների ցուցանիշն ավանդաբար բարձր է: Ոմանք նույնիսկ առաջարկում են կրճատել Թբիլիսիում վերջին ժամանակներս ավելացած գիշերային ակումբների թիվը: Նրանց կարծիքով՝ ակումբներում թմրանյութեր են վաճառում և այլասերում երիտասարդներին:
Մյուս ՝ նարկոքաղաքականության ազատականացման կողմնակիցների ճամբարում միասնական կարծիք չկա: Այնտեղ համաձայն են, որ թմրանյութերը պետք է օրինական ճանապարհով վաճառվեն, և մարդկանց չի կարելի նստեցնել օգտագործման համար, պետք է այլ կերպ վերաբերվել պատասխանատվության հարցին: