«Վաղանցուկ» քաղաքների առեղծվածը
ՏԵՍԻԼՔ-ՔԱՂԱՔԻ ՈՒՐՎԱՊԱՏԿԵՐ՝ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԵՐԿՆՔՈՒՄ
Չինաստանում այնքան հաճախ են միրաժների տեսքով անծանոթ քաղաքների ուրվապատկերներ հայտնվում, որ ահաբեկված մարդիկ բացատրություններ են փնտրում: Վերջին անգամ դա տեղի է ունեցել մի քանի օր առաջ՝ մայիսի 6-ին:
Ցերեկվա մոտավորապես ժամը 3-ին Չինաստանի Ցինդաո (Շանդուն գավառ) քաղաքից ոչ հեռու՝ ծովի վրա, հայտնվել է առեղծվածային պատկեր, որը նման է եղել բարձրաբերձ շենքերի կուտակման: «Ուրվականային մեգապոլիսը» տեսանելի է եղել 2 ժամ, ապա իսպառ անհետացել է: Այդքան անսովոր ու վախեցնող տեսարանի ականատեսներ են դարձել տեղի հարյուրավոր բնակիչներ: Եվ, իհարկե, նրանցից շատերը ենթադրվող միրաժը ամրագրել են լուսանկարներում ու տեսանյութերում:
Ինչպես հաղորդում է esoreiter.ru պարբերականը, նման «վաղանցուկ» քաղաքներ Չինաստանում համեմատաբար հաճախ են դիտվում: Մասնագետների խոսքով՝ դրա պատճառը ծխամշուշն է (սմոգ), որի մասնիկները բեկում են արևի ճառագայթները: Որոշակի պայմաններում բեկված լույսն իբր կարող է մի քանի կիլոմետր հեռավորության վրա տեղափոխել տարբեր խոշոր առարկաների, անգամ ամբողջ բնակելի զանգվածների ուրվապատկերը: ՉԺՀ-ում, որտեղ բնապահպանությունը ողբալի վիճակում է, նման բան կարող է տեղի ունենալ բավականաչափ հաճախ:
Սա, սակայն, բացատրություններից միայն մեկն է: Ոմանք, օրինակ, այն կարծիքին են, թե իրականում այդ պատկերների «մեղավորը» զուգահեռ աշխարհի դարպասն է կամ երկու իրականությունների (մեր և զուգահեռ աշխարհների) բախումը: Համացանցի ուրիշ օգտատերերի կածիքով՝ խոսքն ապագայապաշտական անտեսանելի քաղաքի մասին է, որը պատահաբար քողազերծվել է: Մարդիկ էլ կան, ովքեր պնդում են, թե երևացողը քրոնոմիրաժ է՝ բնության առեղծվածային մի երևույթ, որը հնարավորություն է տալիս պատկերներ և իրադարձություններ դիտել անցյալից կամ ապագայից:
Միայն թե նման «երկնային քաղաքներ» մարդիկ տեսնում են նաև երկրագնդի այլ հորիզանականներում, որտեղ ո՛չ որևէ տեսակի ծխամշուշ կա, ո՛չ էլ նման «միրաժների» այլ «իրատեսական նախապայման»: Նիգերիայի Դադուլի գյուղի բնակիչները, օրինակ, երեք տարի առաջ նկատել են հսկա քաղաք, որը լողացել է երկնքում և այնքան իրական է եղել, որ հնարավոր է եղել դիտել տարբեր մանրամասներ՝ տներ, ծառեր, ավտոմեքենաներ: Անգամ մարդկանց լսողությանն է հասել քաղաքային սովորական աղմուկը:
Եվ այնուամենայնիվ՝ Չինաստանն այս տեսանկյունից առանձնանում է, քանի որ նրա երկնքում, ըստ պարբերականի, ուրվական-քաղաքները հայտնվում են ահաբեկող պարբերականությամբ, ասես այնտեղ չափազանց բարակ է մեր և զուգահեռ աշխարհների շփման հարթությունը: Նաև հնարավոր է, որ այնուամենայնիվ գործ ունենք քրոնոմիրաժների հետ, չէ՞ որ դրանք անպայման առնչվում են այն վայրի հետ, որտեղ արդեն եղել կամ ապագայում լինելու են երևութացող պատկերները: