Մարդու ծագման առեղծվածը Սուրբ գիրքն է բացահայտում

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ` ԸՆԴԴԵՄ ԴԱՐՎԻՆԻ

Որտեղի՞ց և ինչպես մեր մոլորակի վրա հայտնվեց ժամանակակից մարդը: Ինչպե՞ս եղավ, որ 40 հազար տարի առաջ գազանակերպ նեանդերթալցիների մեջ հանկարծ գլուխ բարձրացրեց կրոմանյոնցի մարդու մեր տեսակը` հիանալի կազմվածքով, բարձրահասակ, գեղեցիկ Homo sapiens-ը: v-shoke.com պարբերականը հնարավոր է համարում, որ առեղծվածը թաքնված է տարբեր գրքերում ու ժամանակագրություններում արծարծված տեղեկություններում: Եվ երբ դրանք մեկտեղվում են, դրանցում եղած դիտարկումները ստիպում են խորհել, որ իսկապես խոցելի է մարդու առաջացման դարվինյան վարկածը:

Պարբերականը մատնանշում է որոշ հիշատակություններ, որոնք կարող են համոզմունք առաջացնել, թե  «գազանակերպ նեանդերթալցիների» մարդեղացման գործում հիմնական դերը պատկանում է հնում Երկիր իջած եկվորներին, ովքեր իրենց զարգացման մակարդակով ու ունեցած տեխնիկայով այնքան բարձր են եղել, որ մարդիկ նրանց աստվածներ են համարել: Մ.թ. I դարի հույն  պատմիչ Պլուտարքոսը, օրինակ, պատմում է մ.թ.ա. I դարում Փռյուգիայում (Փոքր Ասիա) տեղի ունեցած զարմանալի դեպքի մասին: Այնտեղ վճռական ճակատամարտի համար իրար դեմ են դուրս գալիս հանրահայտ զորավար Լուկուլլոսի և իսպանացի ապստամբների ղեկավար Սերտորիոսի զորքերը:

Իրար հետևից անցնում են զորքերի տողանները, որոնք ահա-ահա պետք է բախվեն: Եվ հանկարծ… Երկինքը լայնորեն բացվում է, այնտեղ հայտնվում է մի հսկա հրե մարմին, որը սլանում է ուղիղ դեպի երկիր: «Գետնամերձ թռիչքով» այն սավառնում է հակառակորդների շարքերի միջով, այնուհետև վեր է բարձրանում ու անհետանում երկնքում: Ըստ Պլոիտարքոսի` այն տեսքով նման է եղել լայն տակառի, իսկ գույնը հալած արծաթ է հիշեցրել: Ահաբեկված նման խորհրդավոր նախանշանից` կռվի պատրաստ ռազմիկներն այդպես էլ չեն համարձակվում մարտն սկսել և ցրվում են: Իսկ սա կարծես միանգամայն  համապատասխան է ՉԹԱ-ների մասին արդիական նկարագրություններին: Իսկ գուցե մոլորակի ինչ-որ անհայտ արխիվում դրա մասին առավել հավաստի տեղեկություն է պահպանվել, որից ժամանակին Պլուտարքոսը քաղել է իր նյութը:

Նման մի իրադարձության մասին պատմել է մեկ այլ մեծ հույն: Հոմերոսը «Իլիականում» ներկայացնում է հույների և տրոյացիների միջև ընթացող մեծ պատերազմը, որը տեղի է ունեցել մ.թ.ա. 13-րդ դարում: Անտեղ նկարագրվում է, թե ինչպես է մարտի ժամանակ կռվողների միջև ընկնում «Զևսի ուղարկած վառ աստղը»` զարմանքի մատնելով գնդերին: Վերածննդի դարաշրջանի իտալացի մեծ քանդակագործն ու գեղանկարիչը Բենվենուտո Չելլինի ևս մի արտասովոր դեպքի նկարագրություն է սերունդներին փոխանցել: Նա պատմում է, թե ինչպես է մի անգամ իր ընկերոջ հետ Ֆլորենցիայից Հռոմ ուղևորվել: Արդեն մթնելիս է եղել, երբ նրանք  հայտնվել են քաղաքը շրջափակող լեռներում: Հետ շրջվելով` երկուսն էլ զարմանքից քարացել են:

- Երկնային տե՜ր, որտեղի՞ց է Ֆլորենցիայի վրա հայտնվել այս հսկայական գերանը, որն առկայծում ու վառ լույս է բխեցնում,- բացականչել են նրանք:

1677թ. հունվարի 25-ի վերաբերյալ նման տեղեկություն կա ռուսական տարեգրությունում: Այդ օրը Մեծ Ուստյուգում սարսափելի հրդեհ է բռնկվել` քաղաքի ամբողջ կենտրոնը ծածկելով բոցերի մեջ: Հանկարծ բոցերի միջից` ուղիղ Սբ. Վարվառայի եկեղեցու վերևում, հայտնվել է Լուսնին նման հսկայական մի մարմին և մոխրացող քաղաքի վերևում կախված մնացել ամբողջ երկու ժամ: Այնուհետև կտրուկ շրջվել է ու երկնքում անհետացել:

Միանգամայն ուշագրավ են նաև Եզեկիել մարգարեի փոխանցած տեղեկությունները երևույթների մասին, որոնք ներկայացնում է որպես ականատես: Նկարագրվող դեպքերը վերագրվում են մ.թ.ա. 6-րդ դարին:

- Ես գտնվում էի Քոբար գետի աքսորականների մեջ, երբ երկինքը բացվեց, և ես տեսա Աստծո հայտնությունը: (Քոբարը Եփրատի վտակ է):

Նա հիշում է հսկայական ամպի, կրակի կծիկի և դրա շուրջը փայլատակող լույսի մասին: Պատմում է, որ կրակի մեջտեղում տեսանելի է եղել չորս կենդանի, և նրանք մարդու կերպարանք են ունեցել: Արարածները չորսական թև են ունեցել, և նրանց մարդկային ձեռքերն այդ թեևի տակ են եղել…

Արդեն հաջորդ հանդիպումներից հետո Եզեկիելը եկվորներին ոչ թե «կենդանիներ», այլ «շերուբիմ» է կոչում: Նրանք բարձրացնում են մինչ այդ ծալված թևերը և սարսափելի որոտով վեր սլանում անիվներով հանդերձ: v-shoke.com պարբերականը նշում է` մարգարեն ասում է, թե «կենդանիները» կամ «շերուբիմները» մարդակերպ են, բայց գուցե հակառակն է՝ կրոմանյոնցիների երկրում հանկարծակի հայտնված մարդն է «շերուբիմակերպ»:

Այս հարցի պատասխանը, հնարավոր է, Աստվածաշունչն է տալիս: Չէ՞ որ այնտեղ խոսվում է Աստծո որդիների մասին, ովքեր անչափ հավանելով մարդկանց դուստրերին` նրանց կնության են առնում, և նրանցից ծնված երեխաները լինում են ուժեղ, «ի սկզբանե փառավոր մարդիկ»: Իսկ սա չէ՞ որ ուղղակի ցույց է տալիս, որ բարձր զարգացած եկվորների` «Աստծո որդիների» և մարդկանց միջև սեռական կապ է եղել: Հայերեն դյուցազուն (դիցերի սերունդ) բառը կարծես այս վարկածի ուղիղ հավաստումը լինի: 

Աստվածաշնչը ներկայացնում է նաև հրեշտակների, ովքեր նույնպես լիովին մարդակերպ են: Դա լավ երևում է Սոդոմի բարեպաշտ բնակիչ Ղովտի հետ կապված պատմության մեջ: Սոդոմում հայտնված հրեշտակները այնքան շատ են նման մարդու, որ  այլասերված քաղաքի համասեռամոլները փորձում են նրանց բռնաբարել: Հրեշտակները մի կերպ ազատվում և ապաստան են գտնում Ղովտի տանը, սակայն դրանից առաջ հասցնում են կուրությամբ պատժել մեղավորներին: Այս դեպքին հայացք նետելով մեր օրերից` կարելի է ենթադրել, որ նրանք օրինակ լազերային ճառագայթներ են կիրառել:

Իսկ լուսաբացին հրեշտակները Ղովտի ընտանիքն շտապով դուրս են բերում քաղաքից, որպեսզի նրանք լեռան վրա փրկվեն ծծմբի անձրևից և երկնային կրակից, որոնք թափվում են մարդկային դեմքը կորցրած բնակիչներ ունեցող Սոդոմի ու Գոմորի վրա: Հիշենք, որ հրեշտակները Ղովտին, նրա կնոջն ու երկու դուստրերին զգուշացնում են` հանկարծ հետ չնայել, սակայն կնոջ հետաքրքրասիրությունը Ղովտի կողակցին հանգիստ չի տալիս, և նա իր տեսածից աղի սյուն է դառնում:

Աստվածաշունչը, պարբերականի մեկնաբանությամբ, նկարագրում է իրավիճակ, որը կարող էր տեղի ունենալ նաև մեր ժամանակներում: Իսկ հեռավոր անցյալում մարդիկ չէին կարող ենթադրել ՉԹԱ-ների կամ եկվորների գոյությունը: Մինչև այժմ կուտակված այս և նման փաստերը կարելի է մեկնաբանել որպես մարդկանց և բարձր զարգացած էակների սերտ շփման վկայություններ: Տիեզերքը` իր անսահմանությամբ, 17 մլրդ տարեկան է: Սրա համեմատությամբ մեր քաղաքակրթությունը վայրկյանից էլ պակաս տարիք ունի: Իսկ սա նշանակում է, որ առավել հին քաղաքակրթությունները կարող էին գործուն ազդեցություն ունենալ այլ մոլորակների կյանքի վրա: Այդ դեպքում հնարավոր է` իրոք, մարդու գենետիկական կոդը մասնակիորեն փոխառված է տիեզերական եկվորներից:

Հիշենք, որ Աստվածաշունչը փոխանցել է նաև Երկրային դրախտի գաղափարը, որտեղ Աստված կերտեց մարդուն` Homo sapiens-sapiens-ին: Մեր օրերում ոմանք ենթադրում են, որ դա պարզապես փորձարան է եղել, որտեղ գենետիկակական տարբեր փորձարկումներից ու անհաջողություններից հետո  (օրինակ կենտավրոսներ, ջրահարսեր և այլ առասպելական համարվող արարածներ) կյանք են տվել այսօրվա մարդուն: Աստվածաշնչյան դրախտը տեղադրված է եղել մի վայրում, որի նկարագրությունը համապատասխանում է հայոց աշխարհին: Դրսի աշխարհում Դրախտը կոչում են Պարադիզ: Դրախտի այգի, դրախտի պարտեզ… պարադիզ: Հնարավո՞ր է՝ հայերենն Աստծո լեզու համարողներն իրոք համոզիչ հիմնավորումներ ունեն: