Եզակի արտակմախք` օժտված արհեստական բանականությամբ

Ինչի՞ համար են մարդուն անհրաժեշտ ռոբոտները, եթե ոչ` ֆիզիկական ծանր աշխատանքից և միօրինակ ու ձանձրալի մտավոր զբաղմունքից նրան ազատելու: Այսօր մարդը ռոբոտներ է ստեղծում, որպեսզի իր փոխարեն նա կրի աշխատանքի ծանրությունը: Բայց  ահա մեզ հասած հնագույն զրույցներում ակնարկներ կան այն մասին, որ գերհզոր բանական արարածները մարդուն ստեղծել են Երկրի օգտակար հանածոները շահագործելու նպատակով, որպեսզի իրենց փոխարեն նրանք կատարեն ամբողջ սև գործը:

Հազարամյակներ անց մարդն ինքն է միտքն ու հմտությունները գործի դնում` ուժից վեր ու ժամանակատար աշխատանքները «հանձնարարելով» տարբեր սարքավորումների ու հարմարությունների:

Ռուսական ընկերությունները մտահղացել ու ստեղծել են մի յուրօրինակ սարք, որը կոչված է թեթևացնելու վնասվածքներ առաջացնող ծանր աշխատանքները: Այդ եզակի սարքն անվանել են արտակմախք (անգլերեն` ExoChair, որը ռուսերենում դարձել է экзоскелет): Ռուսական երկու ընկերությունների` «Օգտակար ռոբոտներ»-ի և Ս. Պետերբուրգի «Karfidov Lab» նախագծային բյուրոյի համատեղ մշակած այս սարքը համարվում է բեկումնային կետ մարդու ծանր աշխատանքը թեթևացնելու գործում: Նման ծանր աշխատանք կատարում են, օրինակ, շինարարները, բեռնակիրները և այլն, և դա կարող է առաջացնել խրոնիկական հիվանդություններ, օրինակ ջղերի բորբոքումներ, ճողվածքներ:

Նշված ընկերությունները հնարավոր են համարել ծանր աշխատանքը վերածել  թեթև ու հաճելի զբաղմունքի և ստեղծել են մարդու մարմնի ստորին հատվածի համար նախատեսված և արհեստական բանականությամբ օժտված արտակմախքը: Այն ընդամենը 4 կգ է (նախագծողները խոստացել են կես կիլոգրամով քաշը պակասեցնել, նաև ամրացման համակարգերը կատարելագործել): Մարտկոցը հաշվարկված է երկօրյա լարված աշխատանքի համար:

Այժմ նախագծողների գլխավոր խնդիրն է սարքավորման արհեստական բանականությանը սովորեցնել անսխալ իրագործել կաղապարային անհրաժեշտ գործողությունները` հստակ ամրագրել թեքման անկյունները, համապատասխանեցնել պահանջվող ջանքերը, պահպանել բեռնումների պարբերականությունը և այլն: Արդեն համարյա արտադրության պատրաստ սարքը նախատեսված է 165-190 սմ հասակ ունեցող մարդու համար:

Հենց որ Արհեստական բանականության բոլոր անհրաժեշտ ծրագրային մանրամասների մշակումից անմիջապես հետո կսկսվի արտախմախքի արտադրությունը: Մտահղացման հեղինակներն ընդգծում են, թե այս սարքի գլխավոր առավելությունը արհեստական բանականությունն է, որն աշխատողին հնարավորություն կտա իրեն այդ ռոբոտ-մեքենայի հետ մեկ ամբողջություն զգալ: