Մարդը կարո՞ղ է ճամփորդել ժամանակի միջով

«ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԽՈՂՈՎԱԿԻ» ԱՌԵՂԾՎԱԾԸ

Հարյուր տարի առաջ նյույորքյան մի լրագրի հրապարակումն ու դրան կցված լուսանկարը մինչև օրս հետաքրքրությունը չեն կորցրել: Հոդվածը պատմում է, թե գտնվել է տղամարդու դիակ՝ զետեղված մետաղե խողովակում: Ընդ որում, համեմատաբար փոքրամարմին լինելով՝ մարդն այդ տարօրինակ դագաղում շատ լավ տեղավորվել է:
 
Այդ առեղծվածային իրը լրագրողների կողմից համարժեք անուն է ստացել՝ «տիեզերական խողովակ»: Գրչի մշակների այդ որակումը բնավ էլ պատահական չէ, որովհետև  պատահարի վայրում նաև մի շատ զարմանալի առարկա է եղել: Այդ հիմա է, որ նման բան տեսնելիս մարդիկ այն կնույնացնեն կա՛մ հեռակառավարման վահանակի, կա՛մ բջջային հեռախոսի հետ: Բայց կարելի է ասել՝  հարյուր տարի առաջ ևս դրան այնքան էլ անհավանական դեր չեն վերագրել, համարել են, թե այն մի սարք է, որի միջոցով կառավարվել է «տիեզերական խողովակը»: 
 
1918թ. որոշ լրագրողներ նույնիսկ ենթադրել են, թե բացահայտվածը վկայում է ժամանակի միջով ճամփորդության մասին, իսկ դիակի մոտ գտնված ֆանտաստիկ սարքը իրենց ժամանակում է հայտնվել ապագայից: Դրանով է բացատրվում, որ հնարավոր չէ այն որևէ բանի հետ նույնացնել կամ գոնե կռահել, թե ինչ է: 
 
Մինչև օրս չի պարզվել, թե ով է եղել մահացած  տղամարդը կամ ինչպես է Նյու-Յորքում հայտնվել: Մեկ դար առաջվա լրագրողները ոչինչ չեն հաղորդել, թե ինչ է եղել այդ մարդու դին կամ ուր են անհետացել խողովակն ու հանելուկային սարքը: Ոչ էլ գոնե մանրամասն նկարագրել են:
 
Այժմ կասկած չի հարուցում մեկ բան՝ թերթի լուսանկարներն իսկական են: Ճիշտ է՝ լրագրողները կարող էին պատահածը չափազանցված ներկայացնել, մանավանդ երբ գործն առնչվում է սպանությանը, սակայն ամբողջը սկսզբից մինչև վերջ հորինել չէին կարող:
 
Այս  ամենը ներկայացնելով՝ esoreiter.ru պարբերականը երկու հետևություն է անում:   
 
Նախ՝ մամուլում ժամանակի ճամփորդների վերաբերյալ հրապարակումներ հայտնվում են պարբերաբար:  Բավական է հիշել նույն նյույորքյան թերթերի աղմուկն այն մասին, թե ինչպես է 1950թ. հունիսին Թայմս-Սքվերում ավտոմեքենայի մահացու հարված է ստացել ոմն Ռուդոլֆ Ֆետց, որի հագին 21-րդ դարի երիտասարդին հատուկ զգեստներ են եղել:
 
Ոստիկանական հետաքննությունը պարզել է, որ երիտասարդի ձեռքին եղել է դրամ, 1876-ի թվագրությամբ նամակ, այցեքարտեր և շատ այլ բաներ: Այդ իրերը 74 տարում բնավ չեն հնացել՝ ասես մարդը դրանց հետ միասին ինչ-որ հրաշքով ապագայում է հայտնվել մեկ ակնթարթում: Միայն թե, ի դժբախտություն իրեն, միանգանից հայտնվել է սլացող ավտոմեքենայի առջև և մահացու հարված ստացել: 
 
Սա կարող է հիմք տալ եզրակացնելու, որ նման ճամփորդություններ, որքան էլ ֆանտաստիկ թվան, սկզբունքորեն հնարավոր են: 
 
Երկրորդ՝ ԱՄՆ իշխանություններն արդեն այն ժամանակ անմիջապես իրենց ձեռքն են առել նման հրաշքների բոլոր «իրեղեն ապացույցները», և դրանք կորսվել են կա՛մ ռազմական գերատեսչությունների, կա՛մ գաղտնի գիտական հիմնարկների ինչ-որ գաղտնարանում: Այդպիսով՝ դրանք որևէ օգուտ չեն տվել ո՛չ հենց Միացյալ Նահանգներին, ո՛չ էլ մարդկային ամբողջ հասարակությանը: Նման արատավոր գործելակերպն աշխարհում մինչև օրս տիրապետող է, և սա է պատճառը, որ մոլորակի իրական պատկերը մեծամասնության համար մնում է որպես փակ գիրք: