Մեկն աշխարհի վերջն է գուժում, ուրիշներն սպասում են Քրիստոսի գալստին

ԽԵԼԱՀԵՂ ԱՇԽԱՐՀ

Աշխարհի վերջի մասին մարդկությունն անհիշելի ժամանակներից է խոսում:
 
Նկատի ունենալով տեղեկատվությունը կամ թեկուզ սուտն ամբողջ աշխարհում ակնթարթորեն տարածելու արդի հնարավորությունները՝ պատկերացնել միայն կարելի է, թե այժմ աղետներին ու գերբնական երևույթներին առնչվող որքան տեղեկություններ ու վերլուծություններ, մտացածին ու իրական պատմություններ են տարածվում: Տարբեր պարբերականներում հրապարակված մի քանի նման փաստեր ու կարծիքներ, կարծում ենք, կհետաքրքրի նաև մեր ընթերցողին:
 
 
Ուղտերն ու փղերը՝ օվկիանոսում: Մի՞թե այնտեղ փրկություն են փնտրում հնարավոր աղետից
 
Համացանցում վերջերս տեղադրված տեսանյութը ցույց է տալիս, թե ինչպես են ուղտերն ու փղերն օվկիանոսում լողում են: Օգտատերերին սա իսկույն հիշեցրել է Նոյի տապանը, և շատերն են մտածել աշխարհի հնարավոր վերջի մասին: Օվկիանոսի մեջտեղում լող տվող փղեր գուցե և կարելի է պատկերացնել՝ նկատի ունենալով, որ նրանք թերես օժտված են նման ունակությամբ: Սակայն ինչպե՞ս կարող են լողալու հատկություն ունենալ անապատից այն կողմ «աշխարհ չտեսած» ուղտերը: Ընդ որում՝ այդ կենդանիները լող են տվել միանգամանյն հանգիստ՝ առանց տագնապի նշույլի: Ոչ ոք չի կարողացել պարզել, թե դրանք աշխարհի որ կետից էին հասել օվկիանոսի կենտրոն: 
 
Իսկ ապշահար օգտատերերը սկսել են արտահայտվել այն մասին, թե հնարավոր է՝ նրանք ինչ-որ մոտալուտ աղետ են զգացել, և ինքնապաշտպանության բնազդը նրանց դեպի ջրերային տարածքների խորքն է մղել: Մտածել են՝ մի՞թե Նոյի տապանի պատմությունը կրկնվում է, և ամենայն կենդանի արարած պետք է Երկրի երեսից ջնջվի: 
 
Հնարավո՞ր է՝ Աստվածաշնչում գուշակված աշխարհի վերջը ապրիլի 23-ին մեկնարկել է
Ամերիկացի Դեյվիդ Միդը, որ հայտնի է որպես Աստվածաշնչի մեկնաբան, գաղտնագետ, թվագետ և կանխատեսող, արել է մարդկության համար անմխիթարական հերթական կանխագուշակությունը: Մասնագետն ու նրա համախոհները ճշտել են, որ ապրիլի 23-ին կպայթի աշխարհի վերջը, որի մասին խոսում է Սուրբ գիրքը: Միդի այս խոսքերը համաշխարհային ցանցի օգտատերերի շրջանում չտեսնված խուճապ է առաջացրել: 
 
Սովորաբար գուշակներն այնպիսի ժամանակների վերաբերյալ են կանխատեսումներ անում, երբ իրենք արդեն այս աշխարհում չեն լինելու, ուրեմն ստիպված չեն լինի չիրականացած բաների վերաբերյալ մարդկանց հարցերին պատասխանել: Այս դեպքում ամեն ինչ այլ է, քանի որ Դեհյվիդ Միդն իր կանխատեսումն արել է ապրիլի 23-ից ընդանեմը մի քանի օր առաջ: Դրա առիթով լրատվամիջոցը մեջբերել է Խոջա Նասրեդինի մասին զրույցներից մեկը: Երբ մեծ վճարի դիմաց Նասրեդինը համաձայնում է 20 տարում կարդալ սովորեցնել էմիրի էշին, հակառակ դեպքում կգլխատվի, շատերն են նրան հարցնում, թե ինչու է համաձայնել: Նասրեդինը պատասխանում է, թե 20 տարին երկր ժամանակ է, և այդ ընթացքում կա՛մ էշը կսատկի, կա՛մ իշատերը: 
 
Հենց մոտալուտ օրերի վերաբերյալ կանխագուշակումն է, որ մարդկանց ահաբեկել է, քանի որ Միդին ճանաչողները նրան համարում են անհատ, ով խոսքը քամուն չի տալիս՝ վտանգելով սեփական հեղինակությունը: 
 
Ապրիլի 23-ն առանձնահատուկ էր նրանով, այդ օրը Յուպիտերը, Լուսինը, Արեգակը և Կույսի համաստեղությունը պետք է որ դասավորվեն մեկ ուղիղ գծի վրա: Սրա վրաբերյալ Միդը մի հատված է մեջբերում Աստվածաշնչից: Այնտեղ խոսվում է կնոջ մասին, ով զգեստավորվել է որպես Արև, իսկ Լուսինը նրա ոտքերի տակ է: Գիր գրոցում նշված է, թե այդ կնոջ գլխին 12-աստղանի թագ է, իսկ արգանդում նոր կյանք է հասունանում: Ամերիկացի գիտնականն ու նրա կողմնակիցները համոզված են, որ կինը խորհրդանշում է Կույսի համաստեղությունը, իսկ 12 աստղերը Առյուծի համաստեղության 9 լուսատուներն են՝ գումրած Մարս, Վեներա և Մերկուրի մոլորակները:
 
Գաղտնագետի կարծիքով՝ հենց աստղագիտական այս եզակի համադրություն է, որ պատճառ կդառնա Երկրի վրա կատարվելիք ողբալի իրադարձությունների: Նա զգուշացնում է՝ լավ կլինի պատրաստ լինել հակաքրիստոսի ծննդին, երրորդ աշխարհամարտի մեկնարկին, նաև Նիբիրու մահացու մոլորակի մոտենալուն, որի ձգողականությունն աղետալի երկրաշարժեր, հրբուխների ժայթքումներ և այլ բնական աղետներ կառաջացնի: 
 
Դեյվիդ Միդը, անշուշտ, իրեն ծաղրող հակառակորդներ էլ ունի: Նրանք հետազոտողին խորհուրդ են տալիս խոսել աղետի լոկ մեկ սցենարի մասին, օրինակ՝ ամերիկյան Յելոուսթոուն հրաբխի արթնացման մասին: Այլապես, իբր, մեկը մյուսին կխանգարի, որի պատճառով խոստացված աղետներից ոչ մեկը տեղի չի ունենա: 
Բարեբախտաբար՝ ապրիլի 23-ին աշխարհը չկործանվեց, սակայն ո՞վ գիտե, թե մոլորակներն «դավադիր» ինչ ընթացք են մտել: Մանավանդ՝ գիտնականները շարունակում են անհանգստանալ Նիբիրու և Երկիր մոլորակների բախման անխուսափելիությամբ:
 
Ովքե՞ր են Քրիստոսի երկրորդ գալստին սպասում հուլիսի 28-ին
 
Երբ 1955թ. բրիտանացի տաքսու վարարոդ Ջորջ Քինգը (1919-1997) հիմնադրեց Եթերային հասարակություն կամ Էթերիուսի կրոնական ուսմունք անուններով հայտնի կրոնական պաշտամունքը, երևի չէր էլ երևակայում, որ այն մի քանի երկրներում կատարածվի և տասնամյակների կյանք կունենա: Նա հետևորդներ էր հավաքել՝ մարդկանց հավատացնելով, թե իր գլխում հնչել են աստվածային ձայներ: Նաև տեղեկացրել էր, թե «միջմոլորակային խորհրդարանում» ինքն ընտրվել է որպես Երկրի ներկայացուցիչ: Միջազգային ուֆոլոգիական այս աղանդն այժմ բավական ամուր հիմքեր ունի: 
 
Ուսմունքի հետևորդները հավատացած են, որ Հիսուս Քրիստոսը 2018 տարի առաջ Վեներայից Երկիր իջած եկվոր է: Նա իբր հետագայում վերադարձել է իր հայրենի մոլորակ՝ խոստանալով երբևէ նորից հայտնվել մարդկանց մեջ: Եվ ահա մի քանի օր առաջ անգլիական Դևոն կոմսությունում ապրող «եթերականները» հայտարարել են, թե Քրիստոսի երկրորդ գալուստն արդեն մոտ է, իրենք էլ սկսել են պատրաստություններ տեսնել, որպեսզի ուխտագնացության մեկնեն տեղական «սուրբ» լեռ՝ նրան դիմավորելու: Նրանք հստակ ամսաթիվ են նշել՝ 2018թ. հուլիսի 28:
 
Այս կազմակերպության անդամները, բնականաբար, իրենց բոլոր գաղտնիքները չէ, որ բացում են: Այդ պատճառով էլ միայն գուշակել է հնարավոր, թե նրանք ինչու են որոշել, որ Աստծո որդին իրենց նշած օրն է Երկիր վերադառնալու: Նրանք միայն պնդում են, որ իրենց հաշվարկները ճշգրիտ են: Այդ օրը, ըստ նրանց, վրա կհասնի այսպես կոչված Աղոթքի ուժի ժամանակը, որի ներքո Եթերային հասարակության անդամները կբարձրանան Դևոնի «Հոլդսթոն հիլ» «սուրբ» լեռը, որպեսզի ողջունեն Փրկչին և խոնարհվեն նրա առջև: 
 
Դե, իսկ եթե խոստացված երկրորդ գալուստն այնուամենայնիվ չկայանա, աղանդի անդամները դա բացատրելու կամ թեկուզ բեմադրելու հնարը, անշուշտ, կգտնեն: 
 
Ի՞նչ կզգա վիրաբույժը, եթե վիրահատվողի երակներից կանաչ արյուն հոսի
 
Կանադայում, և վիրաբույժներն ուղղակի պապանձվել են, երբ հիվանդի մարմնին արված կտրվածքից հոսել է մուգ կանաչ արյուն՝ ասես վիրահատական սեղանին այլմոլորակային է պառկած եղել: Բժիշկները, սակայն, հետո ուշքի են եկել և հիվանդի արյունը քննության ենթարկել: Պարզվել է՝ 42-ամյա տղամարդու արյան գույնը փոխվել է մի հիվանդությունից, որի անուն է սուլֆոհեմոգլոբինեմիա: Արյան կառուցվածքը փոխվել է ծծմբի ատոմների և հեմոգլոբինի փոխազդեցությունից, քանի որ հիվանդը հաճախ է  գլխացավի դեմ ընդունել սումատրոպտան դեղամիջոցը, որի բաղադրության մեջ սուլֆանիլամիդներ են մտնում: 
 
Բժիշկ Ալան Ֆլեքսմանը տղամարդուն պարզապես խորհուրդ է տվել այդ դեղն այլևս չընդունել, և մի քանի շաբաթ անց նրա արյունը ձեռք է բերել «ճիշտ գույնը»: Իսկ ամենազարմանալին այն է, որ հեմոգլոբինի կառուցվածքի փոփոխությունը նրա համար ոչ մի անհարմարություն չի առաջացրել, նա անգամ չի կռահել, որ նման խնդիր ունի: